ՏԱՐԱԾՔՆԵՐ` ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի բնակիչ Սեւան Մելքումյանը մայիսի 2-ին դիմել է Իջեւանի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն (ՇՊԱԿ)՝ հայտնելով, որ իր մայրը՝ Տատյանա Մելքումյանը, 1995-96թթ. քաղաքի Երեւանյան փողոցում` շուկայից ոչ հեռու, տաղավար է աշխատեցրել: Վատառողջ լինելու պատճառով Տատյանան 2007թ. դադարեցրել է աշխատանքը:
2008թ. մինչ օրս այդ տաղավարում Մելքումյանների ընտանիքի մտերիմ Անուշ Ադամյանն է առեւտուր անում: Անուշը հարկային տեսչությունում գրանցված է, վճարում է բոլոր հարկերը: Սեւանը հայտնել է, որ 2012թ. ապրիլի վերջին իրեն զանգահարել է Իջեւանի բնակիչ Էդգար Ամիրյանը եւ հայտնել, որ 2006թ. ինքն  այդ տարածքն աճուրդով ձեռք է բերել: Էդգարն Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կնոջ հորեղբոր որդին է: ՇՊԱԿ-ը Սեւան Մելքումյանի դիմումի նյութերն ուղարկել է մարզի դատախազություն, դատախազությունն էլ՝ Իջեւանի ոստիկանություն, որը սույն գործով քննություն է կատարում:
60-ամյա Տատյանա Մելքումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Երբ տաղավարը տեղադրեցի, Իջեւանի քաղաքապետը ներկայիս մարզպետ Արմեն Ղուլարյանն էր: Տաղավարի տարածքը սեփականաշնորհելու հարցով դեռեւս 2003թ.   բանավոր եւ գրավոր դիմել եմ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Նա փափուկ բարձ  դրեց իմ գլխի տակ՝ մի անգամ ասելով, թե այդ տարածքը ենթակա չէ օտարման, մի անգամ էլ` թե դա նոյեմբերյանցու  տարածք է, նաեւ ինձ ասել է՝ դու այդտեղ հանգի՛ստ աշխատիր, եթե պետք լինի, քեզ կկանչեմ»:
Սեւան Մելքումյանն ասաց, որ տաղավարն ընդամենը 4 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, դրա առջեւում 1.4 մ տարածք կա, 1.5 մ էլ՝ մյուս կողմից. «Մենք  ընդամենը 10-12 քառակուսի մետր տարածք ենք ուզել նախկին քաղաքապետից: Էդգար Ամիրյանն ինձ ասաց, որ ինքն այդտեղ 48 քառակուսի մետր տարածք է սեփականաշնորհել եւ պատրաստ է դա 40 հազար դոլարով ինձ վաճառել: 2006թ.` տարածքի օտարման ժամանակ, Երեւանյան փողոցում տաղավարը տեղադրված է եղել, ինչո՞ւ մեզ աճուրդի մասին չեն տեղեկացրել, մայրս էլ կներկայանար, կասեր` ուզում ենք աճուրդին մասնակցել, թե ոչ: Եթե չէինք մասնակցի, տաղավարը  կհանվեր, աճուրդ կանցկացվեր: Մենք էլ ենք ուզում ապրել, երկու անչափահաս երեխա ունեմ, կինս, մայրս չեն աշխատում, ես էլ ավտոգազալցակայանում հերթափոխով աշխատում եմ, երիկամի պլաստիկ վիրահատություն եմ տարել, ճնշումս մինչեւ 200 բարձրանում է, չեմ կարող ասել, թե այնտեղ ինչքան կարող եմ ձգել-աշխատել: Այս գործով մինչեւ վերջ գնալու ենք, հարկ եղած դեպքում  դատարան կդիմենք»:
Մեկ այլ, ավելի մեծ` 1500 քմ տարածք կառուցապատման համար տրվել է Վարուժան Ներսիսյանի որդուն: Տրվել է այն ժամանակ, երբ քաղաքապետի լիազորությունների ժամկետն ավարտվել էր: Վարուժան Ներսիսյանի լիազորված անձ Արամ Մելիքսեթյանը 2011թ. դեկտեմբերի 22-ին Իջեւան համայնքի անունից պայմանագիր է կնքել Վարուժան Ներսիսյանի որդի, 1989թ. ծնված Նաիրի Ներսիսյանի հետ, որով քաղաքի Անկախության փողոցի 14/1 հասցեում գտնվող 1500 քմ տարածքը  առեւտրի եւ սպասարկման օբյեկտի կառուցապատման նպատակով, 99 տարով  հանձնվել  է  Նաիրի Ներսիսյանին: Պայմանագրով կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է 45 հազար դրամ: Այդ պայմանագիրը հաստատել է  Իջեւանի նոտար Սանամ Հովսեփյանը: Քաղաքային զբոսայգու այդ տարածքը կառուցապատելու, այդտեղ սրճարան կառուցելու մասին որոշումն Իջեւանի  ավագանին կայացրել է 2007թ., իսկ տարածքի համար որպես համայնքային սեփականության իրավունքի գրանցման վկայականն անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանումը տրամադրել է 4 տարի անց` 2011թ. դեկտեմբերի 20-ին, գործարքն էլ տեղի է ունեցել դրանից 2 օր անց:
2011թ. նոյեմբերի 13-ին կայացած ընտրություններում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվել էր: Նրա լիազորությունների ժամկետը լրացել էր 2011թ. դեկտեմբերի 21-ին: ՀՀ վարչական դատարանում է գտնվում  Նաիրի  Ներսիսյանի հայցն ընդդեմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, որով հայցվորը պահանջել է գրանցել այդ տարածքի հասարակական կառուցապատման իր իրավունքը: Իջեւանի  քաղաքապետարանի դիմումի հիման վրա ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանն Իջեւանի քաղաքապետարանին որպես այդ գործով երրորդ անձ է ներգրավել: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ նշված  գործով առաջին դատական  նիստը կկայանա հուլիսի 4-ին Երեւանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս