ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀՀ-ՈՒՄ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ սույն թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին իշխանությունների կողմից հերթական անգամ բռնաբարվեց ժողովրդի կամքը:
«Նախընտրական շրջանում սկիզբ առած օրինախախտումներն ու կեղծարարություններն իրենց գագաթնակետին հասան ընտրությունների օրը: Ռեժիմը կիրառեց ընտրակեղծիքների իր  ողջ զինանոցը: Իշխանական կուսակցությունների վերարտադրման գործին լծվել էր ամբողջ պետական ապարատը, այդ թվում՝ բանակը, ոստիկանությունը եւ դատական մարմինները: Ուռճացված ընտրացուցակների օգնությամբ վարչախումբը հնարավորություն ստացավ մանիպուլյացիայի ենթարկել 700.000 վիրտուալ (հանրապետությունից բացակայող կամ մահացած) ընտրողների ձայները եւ դրանք հավելագրել իշխանական կուսակցությունների օգտին: Արձանագրվեցին լցոնումների, բաց քվեարկության, «կարուսելի» դեպքեր: Այս ընտրություններում տեղ գտած թերեւս ամենամտահոգիչ երեւույթը աննախադեպ չափերի հասած ընտրակաշառքն էր: Ռեժիմն այդպիսով սեփական վերարտադրության ապօրինի գործընթացին հանցակից դարձրեց հասարակության մի  ստվար զանգվածի` դրանով իսկ վերջնականապես այլասերելով ընտրական գործընթացը: Խորհրդարանական ընտրություններում տեղ գտած մասշտաբային կեղծիքների եւ օրինախախտումների եզրափակիչ ակորդը Սահմանադրական դատարանի որոշումն էր: Այսպիսով՝ վերջնականապես պարզ դարձավ, որ պետականորեն կազմակերպված հանցագործության մակարդակի հասած ընտրակեղծարարության արդյունքում  ընտրությունների ինստիտուտը Հայաստանում հոգեվարքի մեջ է եւ փաստացի գտնվում է կործանման եզրին:
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ԿՎ-ն վճռականորեն դատապարտում է իշխանությունների` որեւէ սահման չճանաչող ապօրինի եւ հանցավոր գործելակերպը: Միաժամանակ կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններից առաջ զգոնության եւ ողջախոհության կոչ է անում հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այդ ընտրությունները հիրավի բախտորոշ նշանակություն կունենան Հայաստանի համար եւ աննախադեպ պատեհություն կստեղծեն մեր հայրենիքը զարգացման հուն վերադարձնելու համար: Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ ժողովուրդը, համախմբվելով պայքարի բովով անցած եւ սեփական անխոնջ աշխատանքի շնորհիվ քաղաքական դաշտում առանցքային տեղ վաստակած Հայ ազգային կոնգրեսի շուրջ, ի զորու է թոթափել այս բռնապետության լուծը»:




Լրահոս