Հունիսի 5-ին Իջեւանում կայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում շարունակվեց գործով վկա Արթուր Մկրտչյանի հարցաքննությունը: Նա ցուցմունքներ էր տալիս ցածր ձայնով, մի տեսակ կաշկանդված, խոսելիս չէր համարձակվում նայել ամբաստանյալների, նրանց պաշտպանների, տուժողի իրավահաջորդի աչքերին: Վկան ասաց, որ Արտակ Նազարյանը հանգիստ անձնավորություն էր, երբեմն սիրում էր առանձնանալ: Ա. Մկրտչյանի խոսքերով` Արտակի եւ ամբաստանյալ 3 զինվորների միջեւ կատակով, երբեմն էլ` լուրջ միջադեպեր են եղել, նաեւ կարծիք հայտնեց, որ դա չէր կարող Արտակ Նազարյանին ինքնասպանության մղել:
Ամբաստանալ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը հարցրեց, թե ինչ է նշանակում նրա ցուցմունքի մեջ գրված «նսեմացնել» բառը: Վկան վարանելով ասաց, որ դա միայնություն է նշանակում: Նա նմանապես չեր կարողանում բացատրել «հուսահատվել», «զուգորդել», «հորդորել» բառերի իմաստը: Այդ եւ նման այլ արտահայտություններ առկա են ութամյա կրթությամբ վկայի նախաքննական ցուցմունքներում: Արթուր Մկրտչյանն ասաց, որ թեեւ ցուցմունքը գրված է իր ձեռքով, սակայն որոշ բառեր քննիչի ասելով է գրել:
Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանն ասաց, որ եթե վկան դեպքից հետո ավելի լավ հիշողություն է ունեցել, ինչու է Արտակ Նազարյանի մահվանից 8 ամիս հետո հիշել իր պաշտպանյալի եւ Արտակ Նազարյանի միջեւ կատարվածի մասին: Վկան, պատասխանելով ամբաստանյալների պաշտպանների եւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ու վերջինս իրավահաջորդ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հարցերին, ասաց, որ ինքը երկու անգամ սուտ է խոսել: Առաջինը, երբ գրություն է գրել, ուր նշել է, թե ամբաստանյալ 3 զինվորների դեմ ինքը մեղադրական բնույթի ցուցմունքները տվել է ռազմական ոստիկանությունում քննիչների ճնշմամբ եւ ծեծի հետեւանքով:
Նրա խոսքերով՝ իր երկրորդ սուտը 2011թ. դեկտեմբերի 14-ին տված հարցազրույցն է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանին: Այս հարցազրույցում եւս վկան ասել է իր նկատմամբ ռազմական ոստիկանության եւ քննիչի գործադրած սպառնալիքների ու ծեծի մասին: Սույն հարցազրույցը տեսագրել է նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի լրագրող Արման Վեզիրյանը: Իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց Ա. Վեզիրյանի նկարահանած սույն հարցազրույցը՝ որպես ապացույց, կցել քրեական գործին եւ հետազոտել, որպեսզի պարզ դառնա, որ վկան ազատ եւ անկաշկանդ ձեւով է տվել այդ հարցազրույցը: Դրան կողմ արտահայտվեցին ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները, իսկ մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը դեմ էին: Դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ ուսումնասիրել 23-րոպեանոց տեսագրությունը: Դատական հաջորդ նիստում, որը կկայանա հունիսի 6-ին, սույն տեսագրությունը կհետազոտվի:
Տավուշ