Օրեր առաջ այրվեց Գյումրու Բուլվարային թաղամասի քարապատ տնակներից մեկը: Փայտե վառարանի խողովակից բռնկված հրդեհի պատճառով Համլետ Տոնոյանի բնակարանը մոխրակույտի է վերածվել:
Նշենք, որ հրդեհը բռնկվել է կեսօրին, ընտանիքի անդամները տանն են եղել, բայց չեն զգացել, որ տնակն այրվում է: Հրշեջ փրկարարական ծառայությունը ժամանակին է մեկնել դեպքի վայր, մարել կրակը, սակայն հաշված րոպեների ընթացքում քարաշեն տնակն ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար ընտանիքի անդամներին հաջողվել է փրկվել: Հիվանդանոց է տեղափոխվել տան հարսը՝ Համլետ Տոնոյանի կինը՝ Էմմա Հայրապետյանը, ով 7 ամսական հղի է: Կնոջ վիճակը կայուն է, պտղին վտանգ չի սպառնում:
Համլետ Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ վարկ էր վերցրել, որպեսզի տնակը քարով պատեր եւ գույք գներ: Այսօր, սակայն, նյութական վնասից զատ՝ Տոնոյաններին անհանգստացնում է օթեւանի խնդիրը: Մոր, հղի կնոջ, 3-ամյա դստեր հետ տանտերը դրսում է հայտնվել, առայժմ գիշերում են հարեւանների տանը:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի