ԼՂՀ-ն հայտ է ներկայացրել՝ Բոլոնիայի գործընթացի անդամ դառնալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Եվրոպական կրթական տարածքին՝ դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ: Նման հայտ են ներկայացրել նաև Բելառուսն ու Կոսովոն:

Նշենք, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկիր է, որը համակարգում է բարձրագույն կրթության բարեփոխումները եվրոպական տարածքում: 2015թ-ին Հայաստանում տեղի է ունենալու նախարարական համաժողով, որի շրջանակում որոշում կկայացվի, թե էլ որ երկիրը կարող է միանալ Բոլոնիայի գործընթացին:

Այս հայտերը սահմանված կարգով ներկայացվել են Բոլոնիայի անդամ երկրներին, Բոլոնիայի նախագահությունը քննարկել է դրանք: Հաշվի առնելով այն, որ Բոլոնիայի անդամ դառնալու համար հարկավոր է, որպեսզի պետությունները միանան Եվրոպական խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, ինչն արդեն վավերացվել է ԼՂՀ ԱԺ-ի և Կոսովոյի խորհրդարանի կողմից, բայց քանի որ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են մինչև ԵԽ-ն կազմ ընդգրկվելը:

Բելառուսի գործընթացը մեկնարկել է, իսկ Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի անդամության խնդիրը առկախվել է:

Շատ ուրախալի է, որ ԼՂՀ գործընկերներն արդեն այն աստիճանի են հասել իրենց կրթական բարեփոխումներով, որ կարողացել են պատրաստել մրցունակ զեկույց և ներկայացնել բարձրագույն կրթական տարածքին միանալու մասին հայտ:

Սա իրականում մեծ նվաճում է իրենց համար և ողջունելի է մեզ համար: Իհարկե կարևոր է, թե ինչպես կավարտվի գործընթացը, բայց նաև կարևոր է, որ վերաբերմունքը ԼՂՀ-ի ու Կոսովոյի հայտերի նկատմամբ լինի միասնական, քանի որ երկուսն էլ ունեն նույն խնդիրը` դեռևս միջազգայնորեն ամբողջությամբ ճանաչված չեն:

Եթե երկու երկրները դառնան Եվրոպայի խորհրդի անդամ, ապա այդ հավանականությունը կհասնի 100%-ի, իսկ եթե չդառնան՝ զրո տոկոսի:

Բայց միջազգայնորեն չճանաչված պետությունների կողմից՝ հատկապես ԼՂՀ-ի կողմից նման հայտ ներկայացնելն ընդգծում է, որ կրթության իրավունքի խնդիրը կարևոր է մարդու իրավունքի տեսակետից: Անգամ եթե հայտերը մերժվեն, կարծում եմ` եվրոպական կրթական հանրությունը ևս մեկ անգամ կսևեռվի այդ խնդրի վրա, որ այդ տարածքներում, այդ պետություններում ապրում են հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ունեն նույնքան կրթական իրավունքներ, որքան ճանաչված տարածքներում բնակվող մարդիկ: Կրթության իրավունքը համամարդկային է և մարդը չպետք է տուժի այն հանգամանքից, թե որտեղ ինքն ապրում է ճանաչված է, թե` ոչ:

Հավելեմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչը բողոքել է ԼՂՀ-ի Բոլոնիայի գործընթացին միանալու դեմ, բայց խնդիրը, ըստ նախարարի, քննարկվել է բացառապես իրավական դաշտում, իսկ իրավական դաշտում խնդիրը միայն այն է, որ ԼՂՀ-ն ԵԽ անդամ չէ:

Մնացած չճանաչված պետությունները հայտ չեն ներկայացրել, այսինքն` ԼՂՀ-ն իր ինստիտուցիոնալ զարգացվածությամբ, բարեփոխումների մակարդակով այնքան պատրաստված է եղել, որ կարողացել է նման հայտ ներկայացնել:




Լրահոս