ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր հրամայական է երկիրը փրկելու ճանապարհային քարտեզի մշակումը:  Զրույցի ամբողջական տարբերակը դիտե՛ք armlur.am լրատվական կայքի «Հատուկ կարծիք» հաղորդման շրջանակներում:
-Հասարակության մոտ պակասել է վստահությունը, հույսը կորցրել են այս իշխանություններից եւ եկել այն կարծիքին, որ ընտրությունների միջոցով չենք կարող իշխանություն փոխել: Համամի՞տ եք:
-Հայաստանի Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եթե հիշենք, որ ժողովուրդն ինքն է ներկայացնում իշխանություն եւ հիմա էլ հույսը կորցրել է, ստացվում է անհեթեթություն: Ժողովուրդն իր նկատմամբ է կորցրել վստահությունը: Բանն այն է, որ ընտրություններ չեն եղել, ժողովուրդը զրկված է սեփական իշխանությունն իրականացնելու հիմնական միջոցից՝ ընտրություններից: Մեզ մոտ 1996 թվականից սկսած՝ ընտրություններ չեն եղել: Եթե մարդիկ ազատ չեն կարող ընտրել, դա բռնաբարություն է,  բռնաբարող կողմն իշխանությունն է: Պատերազմից առաջ մենք 4.5 միլիոն էինք Հարավային Կովկասում, հիմա՝ պատերազմից եւ մեր հաղթանակից հետո, մենք հազիվ 2 միլիոն ենք: Ուրեմն հաղթանակից հետո ինչ-որ բան սխալ գնաց, մենք հիմա պետք է փրկենք մեր հաղթանակը, պետությունն ու պետականությունը:
-Հնարավո՞ր է այլընտրանքային տարբերակով իշխանություն փոխել:
-Եկե՛ք նախ եւ առաջ հիմնվենք սեփական պատմական փորձի վրա: 1988թ. սկսվեց նոր պատմական փուլ, որը բերեց Խորհրդային կայսրության փլուզմանը, ինչի միջոցով փոխվեց աշխարհը: Ժողովուրդն իր ձեռքը վերցրեց իշխանությունը, ստեղծվեցին այլընտրանքային լծակներ, նախ եւ առաջ բարոյականությունն ու ժողովրդի կողմից ընդունված գաղափարներն էին: Եկան մարդիկ, որոնք վայելում էին ժողովրդի սերը, վստահությունը: Ինչ եղավ դրանից հետո՝ այլ հարց է, բայց 1988-91թթ. Հայաստանում ստեղծվեց այլընտրանքային իշխանություն:
Այսօր Հայաստանի գոյության համար հիմնական վտանգը ոչ թե Ադրբեջանը կամ Թուրքիան է, այլ Հայաստանում իշխող կեղեքիչների վարչախումբը, օկուպացիոն ռեժիմը, որը պատերազմից անմիջապես հետո՝ մեկուկես տասնամյակ, ստեղծեց հայերի ապրելու համար անտանելի վիճակ, եւ դրա լավագույն ապացույցն օրեցօր աճող արտագաղթն է: Ամեն Աստծո օր Հայաստանից 200-250 մարդ, այսինքն՝ մեկ փոքրիկ գյուղ, գաղթում է: Սա ամենածանր մեղադրանքն է ցանկացած իշխանության համար: Ուստի օր առաջ մենք պետք է լուծենք իշխանափոխության եւ ամենակարեւորը` համակարգի փոփոխության խնդիրը:
Ես դժվարանում եմ գտնել որեւէ ոլորտ, որտեղ իրավիճակը տանելի է, ամեն իրավիճակ անտանելի է, դա գիտակցում են բոլորը: Եւ եթե մենք մեզ համարում ենք մտավորական, ապա պետք է մշակենք երկիրը փրկելու ճանապարհային քարտեզը, ինչպես վերջերս «Սարդարապատ» շարժումն անվանեց այն ուղին, որով մենք հիմա ձգտում ենք ընթանալ եւ տանել մեզ հետ ժողովրդին:
-Խորհրդարանական ընտրություններից առաջ մի սկանդալային իրադարձություն տեղի ունեցավ՝ կապված Ձեր կնոջ՝ Հանրապետական կուսակցությունում հայտնվելու հետ: Հնարավո՞ր է, որ մարդ հայտնվի մի կուսակցությունում եւ այդ մասին ինքն էլ տեղյակ չլինի:
-Պարզվեց` հնարավոր է: Ես էլ էի շատ զարմացել: Մեր օպոնենտներն ասում էին, որ իմ կինն իր ոտքով եկել ու խնդրել է, որ իրեն ընդունեն Հանրապետական կուսակցություն, որ նրան անցկացնեն խորհրդարան: Ես հիացա, քանի որ ե՛ւ պարոն Դումանյանի, ե՛ւ Շարմազանովի վերջնական պատասխանն այդպիսին էր: Ուրեմն փողոցից մարդ կարող է մտնել, որեւէ դուռ թակել ու ասել՝ ես ուզում եմ խորհրդարանի անդամ, պատգամավոր դառնալ եւ դառնա՞: Այդ ամենն այդքան հե՞շտ է: Ես հիացա, ուրիշ մեկնաբանություններ պետք չէին:
-Կարծում եք՝ դա միտումնավոր լարված  թակա՞րդ էր Ձեր դեմ:
-Ոչ այդքան իմ, որքան «Սարդարապատ» շարժման իմ ընկերների ու այն մարդկանց, որոնք ասում են, որ չկան, գոյություն չունեն խորհրդարանական ընտրություններ: Այդ թակարդը պետք է փակվեր մայիսի 6-ին կամ 7-ին, պետք է ասեին՝ ահա, Դուք ասում եք՝ չկան ընտրություններ, իսկ ինչպե՞ս Ձեր կինն այնտեղ հայտնվեց: Ես նաեւ ներողություն խնդրեցի, որ այդքան անփույթ ու անլուրջ վերաբերեցի այդ հարցին, ինչն այլ մոտեցում էր պահանջում: Գիտեք, պատերազմական տարիներին ես հեռուստալրագրող էի աշխատում, ու այդ տարիներին վերելք էինք ապրում, որովհետեւ պարզ էր՝ որտեղ է թշնամիդ, որտեղ են ընկերներդ:
-Խոսում ենք սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի մասին: Ի վերջո, ո՞րն է առաջին քայլը, որը պետք է իրականացնենք այս վիճակից դուրս գալու համար:
-Մենք պարտավոր ենք փոխել ՀՀ սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ սահմանադրական համակարգը: Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Հիմա կասեք՝ ինչպես դա անել: Դա այն հարցն է, որին մենք հիմա փորձում ենք պատասխանել: Այլընտրանքային իշխանություն է ստեղծվում: Մենք պատերազմող երկիր ենք, մեկուսացված, արտագաղթը սարսափելի է: Պետք է ոչ թե համբերենք, լռենք, այլ օր առաջ իրագործենք իշխանափոխություն ու որոշ ժամանակ անց իրականացնենք իրական ընտրություններ եւ ընդունենք նոր Սահմանադրություն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս