ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Համլետ Մելիքյանի առողջությանը դիտավորությամբ` կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի 8-րդ շենքի մոտ քաղաքացի Վ.Ավետյանը վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ Համլետ Մելիքյանի հետ և դիտավորությամբ՝ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի և որովայնի շրջանին։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել Վ.Ավետյանի կամքից անկախ հանգամանքներում. Համլետ Մելիքյանն օգնություն է կանչել, ինչին արձագանքելով՝ քաղաքացի Հ.Սուքիասյանը միջամտել է վիճաբանությանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մինչդատական վարույթում պարզվել է նաև, որ Վ.Ավետյանը հաշվառված է ՀՀ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում՝ «Շիզոֆրենիա պարանոիդ ձև՝ անձի իջեցումով» ախտորոշմամբ, որի պատճառով նրա նկատմամբ կատարվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Արդյունքում՝ հաստատվել է հոգեկան հիվանդությունը, և նա ճանաչվել է անմեղսունակ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ մեղադրյալ Վ.Ավետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 2014 թվականի հոկտեմբերի 15-ին վերացվել է և որպես անվտանգության միջոց՝ կիրառվել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը. նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա:
Նկատի ունենալով, որ Վ.Ավետյանը վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, ուստի՝ քրեական գործը՝ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու եզրափակիչ որոշմամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին. որոշումը հաստատվել է և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին