ՀԱՐՑ. Բնակվում եմ Նոր Նորքի հինգերորդ զանգվածում: Ամռան սկզբից, ինչպես միշտ, մեր ամբողջ թաղամասում ջուրը դարձավ գրաֆիկով. ցերեկները ջուրը կտրում են, միայն առավոտյան ու երեկոյան ենք ունենում: Չեմ հասկանում, թե ամռան շոգ ու տապին ինչու են այդպես անում: Շոգ եղանակին առանց ջրի ցերեկներն ավելի դժվար է, քան ձմռանը, բայց հակառակի պես ջուր չկա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամռան շրջանում ջրօգտագործումն ավելանում է, եւ այդ պատճառով «Երեւանջուր» փակ բաժնետիրական ընկերությունն անցնում է այդ գրաֆիկին: Դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ապրիլին ընդունած որոշման համաձայն է լինում: Քանի որ ջրօգտագործումը չափից շատանում է, այլ լուծում չենք կարող տալ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվում է, թե «Երեւանջուր»-ը բոլորից շատ պետք է շահագրգռված լինի ջրօգտագործման ծավալների աճով: Մինչդեռ այս կառույցը մարդկանց կենարար հեղուկից զրկում է տարվա հենց այն հատվածում, երբ դրա կարիքն առավել մեծ է: Տարօրինակ է նաեւ, որ մատակարար ընկերությունում նման իրավիճակը միանգամայն օրինաչափ է համարվում: