Նյու Յորքում գործող Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ 4-րդ տարին անընդմեջ աշխարհում նկատվում է համացանցի ազատության ոլորտում տիրող իրավիճակի վատթարացում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Զեկույցը վերաբերում է 2013 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածին: Դրանում 100 միավորանոց սանդղակով գնահատական է տրվել 65 երկրում լրատվության ազատության մակարդակին:
0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:
Ռուսաստանը ստացել է 60 միավոր, Վրաստանը` 26 միավոր, Ադրբեջանը` 55 միավոր: Հայաստանը ստացել է 28 միավոր. նախորդ տարվա զեկույցում Հայաստանը ստացել էր 29 միավոր: Զեկույցի համաձայն, 2013 թվականի վերջի դրությամբ համացանցից օգտվում է Հայաստանի բնակչության 46 %-ը: