Օրերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համար երկիմաստ նշանակություն ունի` վատ եւ ուրախալի: Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ դեռեւս չորս օր առաջ` նոյեմբերի 26-ին, Բոլիվիայի Սենատը եւ Պատգամավորների պալատը Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ են ընդունել:
Սովորաբար, երբ որեւէ երկիր Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ է ընդունում, կամ այլ կերպ ասած՝ ճանաչում է ցեղասպանության տեղի ունեցած լինելու փաստը, պաշտոնական լրահոսը մի քանի օր շարունակ այդ լուրը բոլոր հնարավոր ձեւերով մատուցում է որպես արտաքին քաղաքականության նվաճում: Սակայն այս մի դեպքում պաշտոնական լրահոսը վերին աստիճանի «զսպվածություն» դրսեւորեց եւ բավարարվեց փաստի արձանագրմամբ:
Բանն այն է, որ եթե ՀՀ ԱԳՆ-ն փորձեր Բոլիվիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելու փաստը որպես դիվանագիտական նվաճում ներկայացնել, ապա չէր կարողանա պարզաբանել, թե ինչու են այդ մասին իմացել փաստաթղթի ընդունումից չորս օր հետո միայն: Այլ կերպ ասած՝ այս փաստն արդեն իսկ մատնում է, որ ԱԳՆ-ն դրա հետ կապ չունի: Ավելին՝ եթե անգամ ԱԳՆ-ն ժամանակին իմանար այդ փաստի մասին, միեւնույն է՝ հարց էր ծագելու՝ իսկ ի՞նչ է արել արտաքին քաղաքականությամբ զբաղվող այս գերատեսչությունը, որպեսզի Բոլիվիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Պատասխանը շատ պարզ է` ոչինչ: Բանն այն է, որ Հայաստանի եւ Բոլիվիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հուլիսի 27-ից: Սակայն այդ երկրում Հայաստանը դեսպան չունի, նույնիսկ համատեղության կարգով:
Բոլիվիան Հարավային Ամերիկայի կենտրոնում գտնվող երկիր է, որը սահմանակից է Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Պերուի եւ Պարագվայի հետ: Բոլիվիայի մեկ միլիոն 98 հազար 581 քառակուսի կիլոմետր տարածության վրա ապրում է 10,5 միլիոն բնակչություն: Բոլիվիայի սահմանակից երկրներից Հայաստանը դեսպան ունի Արգենտինայում, Պարագվայում, Չիլիում եւ Բրազիլիայում, որոնցից առաջին երեքում ՀՀ դեսպանը Վահագն Մելիքյանն է (նստավայրը՝ Բուենոս Այրես, Արգենտինա), իսկ Բրազիլիայում` Աշոտ Գալոյանը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր դարձնելուց հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ մի հաջողություն չի արձանագրել, քանի որ յուրաքանչյուր երկիր իր քաղաքական շահերով պայմանավորված է որոշում ճանաչել, թե ոչ Հայոց ցեղասպանությունը, եւ այս դեպքում ԱԳՆ-ն անելիք չունի: Ավելին՝ ԱԳՆ-ն ինչ-որ առումով նաեւ վնասում է: Բոլիվիայի օրինակը ցույց է տալիս, որ առանց Հայաստանի ԱԳՆ-ի էլ երկիրը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նույնիսկ այնպիսի երկիրը, որտեղ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն չունի:
Ի դեպ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բոլիվիայի խորհրդարանի փաստաթղթերը պաշտոնապես Հայաստանին են փոխանցվել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանի միջոցով` նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցած կիրակնօրյա պատարագից հետո:
Այս պատմության մեջ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համար ուրախալին այն փաստն է, որ եւս մի էկզոտիկ երկիր գնալու առիթ է «կպել»: Հաշվի առնելով Նալբանդյանի սերը էկզոտիկ երկրների նկատմամբ՝ կասկած չկա, որ առաջիկայում ՀՀ ԱԳՆ-ն կկազմակերպի նրա այցը Բոլիվիա, եւ որ ամենկարեւորն է՝ նա կճանապարհորդի բիզնես կարգով: Այսինքն՝ նա կրկին առատաձեռն կծախսի պետական բյուջեի միջոցները` չնայած նրա գործունեությունից Հայաստանը մեկ դրամի օգուտ անգամ չի ստանում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ