ՋԱՀԻ ՊԵՍ ՎԱՌՎԱԾ, ՄՈՄԻ ՊԵՍ ՀԱԼՎԱԾ ԿՅԱՆՔ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ, անթագակիր ասպետ, արդարության մարտիկ, հայրենիքի ու գաղափարի մեծագույն նվիրյալ….
Միքայել Ապրեսյանն արժանի զավակն էր իր զարմի: Հայոց հայրենիքը դեռ կկարոտի ու կարժեւորի իր այս զավակի ողջ անցած ուղին: Նա ծնվեց 1954-ին եւ ապրեց հարուստ ու բեղմնավոր կյանք: Փշոտ էր նրա ճանապարհը, բայց տարիների կուտակած սերը, գեներով փոխանցված ազնվազարմ արյունը ստիպեցին նրան տոկալ ու համառել այդ ճանապարհին: Երբեք չդավաճանեց իր սկզբունքներին, հավատարիմ մնաց իր տեսակին:
Արցախյան շարժումը շատերին ոտքի հանեց, բայց քչերը գիտակցեցին իրենց առաքելությունն ու անմնացորդ նվիրվեցին հայրենիքի ազատության գաղափարին` չխնայելով ոչինչ` տուն, ունեցվածք, դիրք… Նա այդ եզակիներից էր…
Թողեց ամեն ինչ ու մտավ Սամվել Վարդանյանի Բյուրեղավանի ջոկատ, դարձավ շտաբի պետ: Երբ զոհվեց Սամվելը, դարձավ ,Արցախի պաշտպանության գնդիե հրամանատար: Կռվեց Շահումյանում, Մարտակերտում, Լաչինում, Շուշիում, բոլոր վտանգավոր կետերում: Ինչպես վկայում է իր զինակիցներից մեկը` Թորոս Գյուլեսերյանը, նա այնքան տաղանդավոր էր իբրեւ մարդ եւ այնքան հմուտ՝ իբրեւ հրամանատար, որ պատերազմի ողջ ընթացքում իրենց գունդն ամենաքիչ զոհը տվեց: Ինքը` Միշան, մի անգամ ,կոնտուզիա է ստացել, բայց երբեք չի վիրավորվել: Հետագայում այս գունդը հիմք դարձավ 31-րդ Ասկերանյան բատալիոնի կազմավորման համար:
“Միշային ճանաչում եմ 1966-ից,-ասում է Թորոսը,-էն գլխից նա հոգու պարտք էր համարում հայրենիքին նվիրաբերումը, հայրենակիցներին աջակցելը: Նրա ձեռքի տակով են անցել շատ գեներալներ եւ հրամանատարներ, որոնք այսօր ծառայում են հայոց բանակում, բայց նա երբեք իր կապերը չի օգտագործել անձնական խնդիրներ լուծելու համար, երբեք փոխհատուցում չի պահանջել իր արած լավությունների դիմացե: 
Միայն իրեն չկարողացավ օգնել, ինչպես բոլոր ժամանակների մեծ անհատականությունները, որոնք ապրում են անանձնական կյանքով: Այդպես էլ չկարողացավ հանդուրժել շրջապատող անարդարությունը, անկատարությունը: Մտահոգ էր Հայաստանի ապագայով, ներկա գորշությունից ելքեր էր փնտրում: “Մեր ժողովուրդը յոթ հազար շատ թանկ զոհեր է տվել` ազատագրելու մեր հայրենիքի առանձին տարածքները, որոնց վերաբնակեցմամբ բոլորովին այլ պատկեր կունենայինք այսօր”,-ցավով նշում էր Ապրեսյանն իր թերեւս վերջին հրապարակային ելույթում` փախստականների համագումարի նախագահության կողմից նախաձեռնած եւ Մարաղայի ջարդերի 20-րդ տարելիցին նվիրված հավաքում:
Տա Աստված, որ գա այն ժամանակը, երբ իրականանան Ապրեսյանի բոլոր երազանքները, որոնք համահունչ են մեր ժողովրդի հոգու ձգտումներին, եւ գուցե այնժամ նրա հոգին խաղաղվի ու նրա հանդեպ ապրողներիս պարտքը ինչ-որ կերպ փոխհատուցված լինի:

Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության
 անդամ, ազգագրագետ Սուսան Մելիքյան




Լրահոս