Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, տգիտության արդյունք է. Ռուբեն Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգը բավական հագեցած էր և հասկանալի էր, որ խմբակցություններից շատերը կողմ են քվեարկելու ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով, նաև հասարակության մեծ մասն էր կողմ այս միությանը:

«Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, դա տգիտության արդյունք է, եթե խղճի կամոք քվեարկվեր, ավելի շատ դեմ ձայներ կլինեին: Խորհրդարանում լինում են դեպքեր, երբ ճակատագրական քվեարկություններ են լինում, և այդ դեպքում պետք է կուսակցական կոնյուկտուրայից դուրս գալ: Նույն այդ քաղաքական մեծամասնության համար ճիշտ կլիներ, որ թույլ տային խղճի կամոք քվեարկվեր», – ընդգծեց նա:

Այն դիտարկմանը, թե արդյոք ոչ իշխանական եռյակի ոչ միասնական դիրքորոշումն այս հարցում կհանգեցնի նրան, որ «Ժառանգություն»-ը դուրս կգա եռյակից, նա նշեց.

«Արտաքին քաղաքական հարցերում եռյակն ի սկզբանե հայտարարել է, որ չունի միասնական դիրքորոշում և դա չի խանգարել միասնական գործելուն այս ամբողջ ընթացքում», – ընդգծեց նա՝ հայտարարելով, որ «Ժառանգություն»-ը շարունակելու է եռյակի հետ համագործակցությունը:




Լրահոս