ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթվա ընթացքում երկու արտառոց դեպք տեղի ունեցավ Երեւանում. կանխվեց  21-ամյա եւ 20-ամյա երիտասարդ աղջիկների` Կիեւյան կամրջից նետվելու  փորձերը: Նախօրեին դա հաջողվել է հերթապահություն իրականացնող  ոստիկանության աշխատակցին, իսկ մյուսը  երթուղայինով անցնող անցորդին, որը, նկատելով կամրջի բազրիքին  կանգնած աղջկան, շտապ կանգնեցրել է երթուղայինն ու վազելով հասցրել վերջին վայրկյանին բռնել ցատկող աղջկան: Մի կողմ թողնելով  հաճախակիացած ինքնասպանությունների  հիմնական դրդապատճառներն ու դրանք կանխելուն ուղղված գլոբալ լուծումները՝ անդրադառնանք կոնկրետ այս երկու դեպքից արվելիք հետեւությանը. այն է` ճիշտ պահին եւ ճիշտ տեղում առկա կանխող մեխանիզմը հնարավորություն կտա  փրկել ինքնասպանության փորձ կատարողների կյանքը: Ընդ որում, այս դեպքում լուծումներն այդքան էլ բարդ չեն: Բանն այն է, որ ի տարբերություն շատ այլ քաղաքների, կոնկրետ Երեւանում քիչ են այնպիսի վայրերը, որտեղից հնարավոր է նետվելու միջոցով ինքնասպան լինել: Դրանք են Կիեւյան եւ Հաղթանակի  կամուրջները,  Մոնումենտի  բարձունքը: Սակայն առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների թվով առաջատարը հենց Կիեւյան կամուրջն է: Եվ ուրեմն, ինչն է խանգարում, որպեսզի մեր փառապանծ իրավապահները կամ փրկարարները շուրջօրյա հերթապահություն իրականացնեն այդ կամրջի վրա: Չէ՝ որ խոսքը ընդամենը  երեք-չորս-հոգանոց ոստիկանական կամ փրկարարական խմբի մասին է, որի գործունեության արդյունքը կարող է լինել տասնյակ հուսահատված մարդկանց կյանքերի փրկությունը: ,Ժողովուրդե-ի հետ զրույցում այս  հարցին ի պատասխան՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն ասել է, որ տեխնիկապես դա դժվար է իրականացնել, քանի որ  այդպիսի վայրերը շատ են: Ակնհայտ է, սակայն, որ դա այդպես չէ, եւ նման վայրերը Երեւանում շատ չեն:  Սակայն եթե անգամ ընդունենք, որ իրոք այսօր շատ դժվար է յուրաքանչյուր    խաչմերուկում դարանակալած ՃՈ կամ փրկարարների մեկ-երկու խմբի ստիպել  հերթապահել Կիեւյան կամրջում, եւ նախարարի պնդմամբ` նմանատիպ բազմաթիվ վայրերում, ապա կարելի է այդ դեպքում գոնե կիրառել եվրոպական մայրաքաղաքներում լայնորեն տարածված մեթոդը: Բազմաթիվ բարձրադիր կամուրջներ ունեցող եվրոպական քաղաքներում, որպես կանոն, ինքնասպանների համար պոտենցիալ  վտանգ ներկայացնող հատվածները եզերված են  ցանցավոր  բարձր ճաղաշարերով, որոնց վրա բարձրանալը տեխնիկապես անհնար է կամ շատ բարդ: Նկատենք, որ դա առանձնապես ծախսատար խնդիր չէ, եւ ոչ էլ որեւէ կերպ կարող է փչացնել կամուրջի ճարտարապետական տեսքը կամ դրանից բացվող տեսարանը: Թեեւ, երբ խոսքը մարդկային կյանքերի փրկության մասին է, նշված գործոնները մղվում են երկրորդ պլան: Վստահ ենք, որ թե՛ ՀՀ ոստիկանապետը, թե՛ ԱԻՆ նախարարը պատրաստ են ձեռնարկել հնարավորը` կանխելու համար Կիեւյան կամրջից ինքնասպանությունների դեպքերը, ուստի ակնկալում ենք, որ կարճ առաջիկայում նրանք գործուն միջոցներ կիրականացնեն` քննարկելով նաեւ մեր կողմից առաջարկվող տարբերակը:




Լրահոս