
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի է ունեցել սևամորթ ամերիկացու ևս մեկ սպանություն, տեղեկացնում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը զբաղվել է թմրանյութերի ապօրինի վաճառքի հետ կապված գործի քննությամբ: Այդ գործով կասկածյալի դերում եղել է 34-ամյա Ռումեն Բրիսբոնը: Սակայն երբ ոստիկանության սպան փորձել է ձերբակալել տղամարդուն, վերջինս դիմադրություն է ցուցաբերել:
Դիմադրելիս Բրիսբոնը ձախ ձեռքը գրպանն է տարել: Սպան բռնել է նրա դաստակը՝ հրամայելով տեղից չշարժվել:
Մտավախություն ունենալով, որ սևամորթը կկրակի, սպան հարվածել է նրան, որից հետո երկու անգամ կրակել է տղամարդու կրծքին: Ստացված վնասվածքներից Ռումեն Բրիսբոնը տեղում մահացել է: Հետագայում պարզվել է, որ աֆրոամերիկացին զինված չի եղել, իսկ նրա գրպանում դեղամիջոց է եղել:
Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք քաղաքներում վերջերս բողոքի ցույցեր են անցկացվում՝ կապված նման միջադեպերի հետ: