Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում անցկացնելու է քննարկում, որին ազատ են մասնակցել բոլոր քաղաքական ուժերը: Սակայն «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ եռյակի մյուս երկու ուժերը չեն հայտարարել այսօր տեղի ունենալիք հավաքին իրենց մասնակցության մասին:
Ռ. Հակոբյանը նշեց, որ եռյակի առաջիկա նիստի մասին դեռևս տվյալներ չկան, չի որոշվել, սակայն նրա խոսքով, դա չի հանգեցնի միության փլուզմանը:
«Վստա՛հ եղեք, որ «եռյակն» առաջիկայում կշարունակի իր դինամիկ գործունեությունը։ Հասկանում եմ, որ որոշակի պասիվություն է նկատվում, բայց պետք է հաշվի առնել նաև ամիսը, ջերմաստիճանը, ժողովրդի տրամադրությունը։ Նաև ԱԺ–ի այս քառօրյայի բավականին պրկված, հագեցած օրակարգն էր պատճառը», – ընդգծեց նա։
Նրա խոսքով, եթե իսկապես «եռյակ»-ի երեք ղեկավարներն ամբողջությամբ տեր կանգնեն այս շարժմանը և որևէ այլ խնդիր չհետապնդեն, ապա վստահաբար համաժողովրդական շարժումը շատ արագ իր հաջողությունը կգրանցի։