Չգիտեմ, թե որտեղից է մոգոնել. Արմեն Ռուստամյանը՝ Մհեր Սեդրակյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախապես մենք գիտեինք, որ Աղվան Վարդանյանը ձեռնպահ է քվեարկելու: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՅԴ խմբակցության  ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք ըմբռնումով մոտեցանք իր որոշմանը, որևէ խնդիր չկա, բայց այն, ինչ մենք հայտարարել էինք, դա, բնականաբար, ՀՅԴ տեսակետն է»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նա նշեց, որ ինքը հասկանում է իր բոլոր գործընկերների դիրքորոշումը ԵՏՄ-ի վերաբերյալ, բայց չի էլ կարող ընդունել այն մարդկանց, ովքեր փորձում են դասեր տալ:

Լրագրողի այն դիտարկմանը, թե երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարել է, որ հայ ազգը միշտ եղել է ուրիշի լծի տակ, սովոր է, որ իր գլխին միշտ մեկը պետք է լինի, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հայ ժողովրդին բնորոշ չէ ինչ-որ մեկի լծի տակ ապրելու գիծը.

«Ես չգիտեմ, թե որտեղից է նա մոգոնել այդ ամենը: Բոլորս էլ գիտենք, որ հայ ժողովուրդն անցել է շատ դաժան ճակատագիր, եթե հազարամյակներ գոյատևել է, դա արդեն խոսում է իր կամքի մասին: Ելնելով ստեղծված իրավիճակից` պետք չէ թերագնահատենք ինքներս մեզ: Հայաստանը կհաղթահարի ամեն ինչ, մի՛ տրվեք այդ հոռետեսական գնահատականներին»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Մհեր Սեդրակյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել էր, թե հայ ազգը միշտ եղել է ուրիշի լծի տակ և սովոր է, որ իր գլխին միշտ մեկը պետք է լինի:

Հիշեցնենք նաև, որ երեկ քվեարկության դրվեց ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը, որին դեմ քվեարկեց 7, իսկ ձեռնպահ 1 պատգամավոր, որն էլ հենց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էր:




Լրահոս