ՄԱԿ-ի գլխավոր քարտուզարի ուղերձը՝ Կամավորների միջազգային օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շտապօգնության մեքենան շտապում է վիրավոր երեխային հիվանդանոց հասցնել: Քաղցած ընտանիքը տաք կերակուր է ստանում: Բռնության ենթարկված կինն անվճար կացարան է գտնում: Ողջ աշխարհում մարդկային տառապանքի տեսարաններում հույս է ծնվում` շնորհիվ կամավորների, որոնք իրենց ժամանակը, հմտությունները և միջոցները հատկացնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Կամավորների միջազգային օրը հնարավորություն է` շնորհակալություն հայտնելու բազմաթիվ անհատներին, որոնք գործում են ինչ-որ բան տալու ոգով և խրախուսում են ուրիշներին` հետևել իրենց օրինակին: Երբ երկրաշարժը քանդում է տներ, կամավորներն ապացուցում են, որ մարդկային համախմբվածությունն անկոտրում է: Երբ կողոպտիչները ձգտում են տիրանալ մշակութային ժառանգությանը, կամավորները պահպանում են համայնքի հարստությունը: Երբ զարգացումը հապաղում է, կամավորներն օգնում են, որ մարդիկ  աղքատությունից դուրս գալու հնարավորություն ունենան:

Ուրիշներին օգնելու և զորացնելու մարդկային ազդակը, որն առաջ է մղում կամավորներին, հետ է վերադառնում նրանց՝ հարստացված կյանքի ձևով: Կամավորներն առաջարկում են կյանքի հմտություններ՝ միևնույն ժամանակ ընդլայնելով իրենց սեփական գիտելիքն ու փորձը։ Նրանք զորացնում են համայնքներ՝ վաստակելով ինքնիրացման զգացում, երբ մասնակցում են աշխարհը դեպի լավը փոխելու գործին:

Այս տարվա Կամավորների միջազգային օրը հատուկ կարևորություն ունի, քանի որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստվում է ձևավորել կայուն զարգացման նոր տեսլական և մշակում կլիմայի նոր, համընդհանուր համաձայնագիր, որոնք երկուսն էլ կընդունվեն հաջորդ տարում: Շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի ավելի քան 6.300 կամավորներին և 11.000 առցանց կամավորներին, ովքեր օգնել են միլիոնավոր մարդկանց, որ փոփոխությունն իրական դառնա՝ ամբողջ աշխարհում կայուն զարգացման և խաղաղություն հաստատելու հարցում լսելի դարձնելով նրանց ձայնը:

Ես նաև առանձնահատուկ տուրք եմ մատուցում բազմաթիվ կամավորներին, ովքեր արձագանքում են Էբոլայի ճգնաժամին: ՄԱԿ-ի կամավորները և նրանց գործընկերներն օգնում են դիմակայել բռնկմանը՝ կանխարգելման, իրազեկման բարձացման և բուժման միջոցով: Նրանց աջակցությունը հատկապես կարևոր է, քանի որ մենք պայքարում ենք հիվանդության թյուրըմբռնումների դեմ և ձգտում ենք կարեկցանք ցուցաբերել բոլոր տուժածներին:

Կամավորների միջազգային աս օրը եկե′ք ոգեշնչվենք այն բազմաթիվ անհատներից, ովքեր անձնուրաց ծառայում են ուրիշներին, և վճռականորեն ստանձնենք մեր բաժին անելիքը՝ ազատորեն և նախաձեռնողաբար նպաստելու ներկայիս պայմանների փոփոխությանը՝ բոլորի համար ավելի լավ ապագային ընդառաջ:




Լրահոս