Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին մամուլում բավական մեծ հնչեղություն ստացած՝ Կոտայքի մարզի Արամուս գյուղի գյուղապետարանում իրականացված խուզարկությանը և դրա հետ կապված արձագանքներին, որոնց շարքում ամենաաղմկոտը, թերևս, ԲՀԿ-ական նորընտիր պատգամավոր և օրերս ԲՀԿ-ի մամուլի քարտուղար նշանակված Տիգրան Ուրիխանյանինն էր: Ներկայացնում ենք Ոստիկանության հայտարարությունը ստորև.Կոտայքի մարզի Արամուս գյուղի ,Մ.Առաքելյանի անվանե միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրա առարկայի դասընթացներն ու ֆիզկուլտուրա առարկայի 12-րդ դասարանի ավարտական քննությունը սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, քննության ընթացքում դպրոցի 12բ դասարանի աշակերտուհի, 1995թ. ծնված, նույն գյուղի բնակչուհի Մարիամ Մելիքի Արշակյանի վայր ընկնելու, ձախ ազդրի կոտրվածք ստանալու, ապա ճարպային էմբոլիա ախտորոշմամբ ,Աբովյանե բ/կ-ում վերջինիս մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվում է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի վերը նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը ապօրինի վարձատրության դիմաց կատարել է կեղծիքներ և այլ չարաշահումներ:
Տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Նորայր Ստեփանյանը միաժամանակ հանդիսանալով Արամուսի գյուղապետի տեղակալ և ի պաշտոնե լիազորված լինելով մասնակցել գյուղապետարանի գործունեության ղեկավարմանը, թույլ է տվել տարաբնույթ ֆինանսական չարաշահումներ, ինչի մասին ահազանգել են նաև լրատվության միջոցները՝ անդրադառնալով աշակերտի մահվան դեպքի քննությանը:
Դպրոցում, ինչպես նաև գյուղապետարանում ծավալած գործունեության ընթացքում Նորայր Ստեփանյանի կողմից չարաշահումներ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով 2012թ. հունիսի 8-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, ,Մ.Առաքելյանիե անվան միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի մարզադահլիճում և ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար նախատեսված աշխատասենյակում, Արամուսի գյուղապետարանում, ինչպես նաև Նորայր Ստեփանյանի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր:
Նկատի ունենալով, որ փորձ է արվել քաղաքականացնել կատարված քննչական գործողությունները՝ ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում. ի հիմնավորում վկայակոչելով, թե քննչական մարմինը թույլ չի տվել ԲՀԿ կուսակցության պատգամավորներին ներկա գտնվել կատարվող քննչական գործողությանը, ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ փաստում է, որ նախաքննությունն ու հետաքննությունն իրականացվում են բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահպանմամբ՝ անկախ ռասայական, կրոնական, սեռական կամ կուսակցական պատկանելությունից: ՀՀ ԱԺ պատգամավորին առավել քան հայտնի պետք է լինեն հիշյալ սկզբունքները, ինչը նաև բացառում է ցանկացած անձի միջամտություն օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները՝ տվյալ պարագայում քննչական գործողությունը կատարելուն:
Միաժամանակ հարգարժան պատգամավորին հիշեցնում ենք. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:
Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ: Նախաքննական մարմինը խստորեն պահպանել է դատավարության օրենսգրքի պահանջը և խուզարկությունները կատարել է դատարանի թույլտվությամբ:
Խուզարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը նույնպես սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ խուզարկությունը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ: Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող շինություններում խուզարկությունը կատարվում է նրանց ներկայացուցչի ներկայությամբ:Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի խուզարկության կամ առգրավման վայրում գտնվող անձանց արգելել հեռանալու այդ տեղից, ինչպես նաև հաղորդակցություն ունենալու միմյանց և այլ անձանց հետ` մինչև քննչական գործողության ավարտը: Ուստիև, նախաքննական մարմինը, գործելով օրենքի տառին համապատասխան, խուզարկությունը կատարել է ընթերականների ներկայությամբ, միաժամանակ ապահովելով նաև գյուղապետի ներկայությունը, իսկ կողմնակի անձանց մուտքն արգելվել է, ինչը պարզաբանվել է նաև գյուղապետարան ժամանած ՀՀ ԱԺ պատգամավորներին:Քրեական գործերով նախաքննության ընթացքում քննչական գործողություններ, այդ թվում խուզարկություններ, առգրավումներ կատարվում են թերևս ամեն օր և Արամուս գյուղի գյուղապետարանում կատարված խուզարկությունը բացառություն չէ:Եվս մեկ անգամ հավաստում ենք, որ ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Միաժամանակ՝ ԲՀԿ լրատվության նորանշանակ պատասխանատուին կոչ ենք անում զերծ մնալ քրեական գործերով նախաքննությունը հանիրավի քաղաքականացնելուց և հիմնազուրկ հայտարարություններ անելու միջոցով քաղաքական ու լրատվական դաշտում ինքնահաստատվելու գործելաոճից:
Վստահեցնում ենք, որ նախաքննության նկատմամբ քաղաքական որևէ շահարկում չի կարող ազդել քրեական գործերով քննության օբյեկտիվության, բազմակողմանիության, լրիվության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների պահպանման վրա:
ՀՀ ոստիկանություն