Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը ԲՀԿ-ի համար ժամանակավրեպ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ առանջորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդի հետ դեռեւս չեն հանդիպել եւ նրա վերջին հանդիպումների մասին ոչինչ չեն քննարկել: Մ. Գուլոյանը հորդորեց սպասել:

 

-Պարո՛ն Գուլոյան, անցած ուրբաթ նախատեսված էր ԲՀԿ-ականների եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Կուսակցականների մի հատվածը հայտարարեց, որ հանդիպումը կայացել է, իսկ մյուս մասն էլ նշեց, որ հետաձգվել է: Ի վերջո, Գ. Ծառուկյանի հետ հանդիպում եղե՞լ է, ու ի՞նչ եք քննարկել նրա հետ, ո՞րն էր հանդիպման նպատակը:

-Քննակումը պետք է կայանար ու չի կայացել: Ու չեմ կարծում, որ այդ հանդիպումների, քննարկումների հետ կապված պետք է ինչ-որ արտառոց բաներ փնտրել: Մեր կուսակցության ղեկավարը պարոն Ծառուկյանն է, ու բնական է, որ մենք իր հետ պետք է հանդիպումներ ունենանք, հարցեր քննարկենք: Ի՞նչ կա դրա մեջ զարմանալու, որ Դուք զարմացել եք: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ իր ղեկավարի հետ հանդիպումներ ունենում է:

-Իսկ վերջին անգամ ե՞րբ են ԲՀԿ-ականները հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ու ի՞նչ հարց են քննարկել:

-Վերջին անգամ, երբ որ հանդիպել ենք, ուրիշ հարցեր են քննարկվել, ի՞նչն է Ձեզ հետաքրքիր:

-Մեզ հուզում է այն հարցը՝ արդյո՞ք ԲՀԿ-ականները Գ. Ծառուկյանի հետ քննարկել են, թե, ի վերջո, իրենց պայքարն ո՞ւմ դեմ է ուղղված, ինչո՞ւ երկու հանրահավքից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց հանրահավաքային պայքարից: Ինչո՞ւ եք պասիվացել. տարակարծություններ կա՞ն ԲՀԿ-ում:

-Իսկ ո՞վ է ասում, որ ԲՀԿ-ն ակտիվ չէ, այսօր ամբողջ հանրապետությունով մեկ, մարզերում ԲՀԿ-ն շտաբներ է բացում, ի՞նչ անակտիվության մասին է խոսքը: Մենք ինչպես աշխատել ենք, այդպես էլ շարունակում ենք աշխատել: Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ, ԲՀԿ-ի աշխատանքին նման բան ասելը սխալ է: Իսկ ինչ վերաբերում է տարակարծությանը, ապա, իմ կարծիքով, ԲՀԿ-ում տարակարծություն չկա:

-Այդ դեպքում այսօր ԲՀԿ-ի առջեւ դրված խնդիրը ո՞րն է:

-ԲՀԿ-ն շատ հարցեր է քննարկում ու քննարկել:

-Խնդրում եմ՝ նշե՛ք մի հարց, որը ԲՀԿ-ում քննարկել եք…

-Չէ՛, շատ հարցեր ենք քննարկում, դա ԲՀԿ-ի խնդիրն է, դա ԲՀԿ-ի հարցն է, մենք գիտենք՝ ինչ ենք քննարկում, ինչ հարցն է կարեւոր: Ինչ կարեւոր է, որ դրա մասին մենք բոլորին հայտարարենք: Կգա ժանանակը, եթե զգանք, որ այդ հանրահավաքների կարիքը կա, դրան կանդրադառնանք, կքննարկենք:

-Վերջին ժամանակահատվածում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, վերջերս էլ Ժնեւում հանդիպում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյո՞ք նման հանդիպումներից ԲՀԿ-ականները տեղյակ են, Գ. Ծառուկյանը հանդիպումների մասին իր կուսակիցներին տեղեկացնո՞ւմ է:

-Նման հարցերը, խնդրում եմ, ուղղեք պարոն Ծառուկյանին, մենք դեռեւս չենք հավաքվել, մենք նման հարց չենք քննարկել: Ինձ թվում է, որ եթե հավաքվենք, այդ ժամանակ տեղյակ կպահի դրա մասին:

-Այսինքն՝ նման հանդիպումներից առաջ Ձեզ հետ քննարկումներ չի լինո՞ւմ:

-Անձնական հանդիպումները ո՛չ մի դեպքում, ո՛չ մի խմբակցությունում, ո՛չ մեկ չի քննարկում:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումն անձնական հանդիպումների շարքի՞ց է:

-Իհարկե, դրանք կարող են անձնական լինել, եթե մենք դրա մասին չգիտենք:

-Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ականները Գ. Ծառուկյանի հետ հանդիպում չեն պահանջում՝ հասկանալու համար, թե ի՞նչ բնույթ են կրում այդ հանդիպումները, ու որոնք են լինելու ԲՀԿ-ի հետագա անելիքները:

-Չէ՛, մենք դեռեւս ակտիվորեն աշխատում ենք մարզերում շտաբները բացելու վրա:

-Բայց ի՞նչ նպատակ է հետապնդում այդ շտաբների բացումը, ինչի՞ է նախապատրաստվում ԲՀԿ-ն՝ ընտրությունների՞: Ի՞նչ կարիք ունի նման շտաբների բացումը, երբ անգամ եռյակում սկսել են այլեւս չհամագործակցել, առանձին են հանդես գալիս, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում:

-Տարաձայնություն ես առայժմ չեմ տեսնում:

-Դրա մասին հայտարարել է անգամ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

-Ես իմ տեսակետն եմ հայտնում, որ ես նման տարաձայնության մասին չեմ լսել: Մի բան հստակ է՝ այժմ մենք շտաբներ ենք բացում, դրանից հետո կլինեն մեր հաջորդ անելիքները, որի մասին բոլորն էլ կիմանան, հիմա մենք այդ աշխատանքն ենք անում:

-Բայց մինչեւ այժմ անհասկանալի է ԲՀԿ-ի այդ նպատակը, եթե ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, ի՞նչ իմաստ ունի այդ շտաբների բացումը: ԲՀԿ-ականներից ոչ ոք չմիացավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագծին, որով պահանջվում էր Ս. Սարգսյանի պաշտոնանկությունը:

-Նիկոլ Փաշինյանի նախագիծը ժամանակավրեպ է, դրա ժամանակը չի, մենք ունենք մեր հստակ քայլերը:

-Որո՞նք են Ձեր հստակ քայլերը, Սերժ Սարգսյանի հրաժարականը դրա մեջ չի՞ մտնում: Ե՞րբ է այդ ժամանակը գալու:

-Համազգային շտաբներ ենք բացում, որից հետո մեր անելիքների մասին կիմանաք, կհայտարարենք դրա մասին: Ժամանակը կգա, ես ի՞նչ իմանամ՝ ե՞րբ է գալու:

-Կարելի՞ է արձանագրել, որ ԲՀԿ-ն Ս. Սարգսյանի հրաժարականը չի պահանջելու:

-Ես առայժմ նման բան ո՛չ լսել եմ, ո՛չ գիտեմ, ո՛չ էլ…

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս