Հունիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ինչպես Արմավիրի մարզից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սելավի և կարկուտի արդյունքում, որոնք հիմնականում տեղացել են Արագածոտնի մարզում, սակայն ջուրն իջել է Արմավիրի մարզ, հեղեղատարները լցվել են` Աղի լճից Մայիսյան համայնք ընկած հատվածում, ջուրը դուրս է հորդացել, և վտանգ կար, որ արտակարգ իրավիճակը կարող է վերաճել իսկական հեղեղի:Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Արմավիրի մարզպետարանի մասնագետների հետ ամրացնում են նշված հատվածի հեղեղատարների պատերը: Թեև կան գյուղատնտեսական որոշակի վնասներ, այդուհանդերձ, հեղեղի վտանգը կանխվել է:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ջուրը սկսել է իջնել, որովհետև ստորգետնյա ճանապարհով հեղեղատարների ջրի մի մասը տեղափոխվում է Մեծամորի ատոմակայանի մյուս կողմը` դեպի Սև ջուր:
Ըստ ֆոտոլրագրողի` ժամը 18.00-ի սահմաններում է ԱԻՆ-ի Արմավիրի մարզային վարչությունում ստացվել առաջին ահազանգն այն մասին, որ Արմավիրի Լեռնագոգ համայնքում ջրածածկում կա: Ըստ ֆոտոլրագրողի`Աշտարակի և Արմավիրի փրկարարներն արդեն մի քանի ժամ է` փնտրում են 14-ամյա մի տղայի, ով իր հոր հետ հավվություն է արել, ապա սելավից առաջ որոշել է տուն գնալ և անհետ կորել է: Ըստ տեղեկությունների` տղային, հնարավոր է, ջուրը քշած լինի: Արագածոտնի մարզի փրկարարներն արդեն հայտնաբերել են պատանու բջջային հեռախոսը, սակայն տղան դեռևս հայտնաբերված չէ: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ, ջուրը բարձրացել և ծածկել է մի շարք բնակավայրեր` Լեռնագոգը, Մայիսյանը, Արմավիր քաղաքի 108 թաղամասը, Մեծամորի և՛ քաղաքի հատվածը, և՛ այգեգործական ընկերության տարածքը, որտեղ այժմ ամառանոցներ են, ինչպես նաև Մեծամորի գերեզմանոցը և Մեծամորի մարզադաշտը:Մոտավոր հաշվարկներով, ջրի տակ է մնացել մոտ 130 հա տարածք, սակայն վնասների և կոնկրետ այլ տվյալների բացահայտման համար վաղը կստեղծվի միջմարզային կամ միջգերատեսչական հանձնաժողով: Արդեն հայտնի է, որ փչացել են ձմերուկի, առվույտի և գյուղատնտեսական մի շարք տեսակների ցանքատարածություններ: ֆոտոլրագրողը հավելեց, որ ոստիկանների, փրկարարների և սովորական քաղաքացիների օգնությամբ արդեն ջրից հանվել է ընդհանուր թվով 27 մարդ: