ԲՀԿ-Ն ԿՇԱՀԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գագիկ Ծառուկյանի անսպասելի հայտարարությունից հետո ողջ քաղաքական դաշտը, այդ թվում եւ` ԲՀԿ անդամները (ինչպես երեկ մեր թերթին ասել էր ԲՀԿ նախագահի խորհրդականը) զբաղված են այդ հայտարարությունը մարսելով: Թե իրականում ինչով էր պայմանավորված Ծառուկյանի այդ որոշումը, դժվար է միանշանակ ասել, սակայն փոխարենը կարելի է արդեն իսկ որոշ վերլուծություններ անել այն մասին, թե այդ որոշումն ինչ կտա մեր քաղաքական դաշտին ընդհանրապես, եւ Ազգային Ժողովին` մասնավորապես: Եվ այդ իմաստով, թե՛ զուտ դասական քաղաքագիտության, թե՛ հայաստանյան ներքաղաքական յուրահատկությունների տեսանկյունից, ԲՀԿ առաջնորդի` կոալիցիայից հրաժարվելու որոշումը կարելի է միայն ողջունել: Թեեւ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է,  որ ԲՀԿ խմբակցությունը լինելու է ,խիստ կառուցողականե, այդուամենայնիվ, չլինելով կոալիցիայի մաս, ԲՀԿ-ն այսպես թե այնպես կստանձնի ՀՀԿ-ի հակակշռի դերը, ինչից միայն ու միայն կշահի մեր քաղաքական դաշտը: Դա լուրջ գործոն կլինի, որպեսզի ՀՀԿ-ն առավել սթափ ու չափավոր լինի իր վարքագծում, իսկ ՀՀԿ-ական կառավարությունն էլ այլեւս այդքան վստահ չի լինի, որ իր կողմից ներկայացված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն առանց որեւէ խնդրի կանցնեն Ազգային Ժողովում: ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելը լուրջ սպասելիքներ է ձեւավորում առ այն, որ գալիք ԱԺ-ն դակիչից վերջապես կվերածվի մի մարմնի, որտեղ օրենսդրական ցանկացած նախաձեռնություն ըստ էության կքննարկվի, այլ ոչ թե կընդունվի 24-ժամյա ռեժիմով՝ շատ դեպքերում հնարավորություն չտալով հատուկենտ շահագրգիռ պատգամավորներին` ծանոթանալու դրանց: ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելը որոշակիորեն կանդրադառնա նաեւ խորհրդարանական ընդդիմության գործունեության վրա, որն, ի դեմս ԲՀԿ-ի,  կոնկրետ դեպքերում կարող է տեսնել ազդեցիկ աջակցի: 
Ուստի, որքան էլ տարբեր քաղաքական հարթություններից կարծիքներ հնչեն, թե կոալիցիա չմտնելով` ԲՀԿ-ն կթուլանա, կպառակտվի եւ այլն, կարծում ենք, որ այս դեպքում բոլոր հիմքերը կան, որպեսզի տեղի ունենա ճիշտ հակառակը` ԲՀԿ-ն վերածվի լրջագույն քաղաքական առանցքի, որը ունեցած քվեներով երկրորդը լինելով հանդերձ, հաճախ կարողանա իր կամքը թելադրել իշխող Հանրապետական կուսակցությանը: Եվ այս հեռանկարը թերեւս հստակ գիտակցում են նաեւ Հանրապետական կուսակցությունում: Սակայն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակիցների առջեւ բարկանալուց, ապա եւ սրտնեղելուց առաջ, թերեւս, պետք է մտածեր այս զարգացման մասին, եւ որեւէ կերպ ընդառաջ գնար ԲՀԿ առաջադրած` վարչապետի փոփոխության պահանջին: Սակայն ինչպես արդեն հասցրել ենք համոզվել Ս. Սարգսյանի կառավարման 4 տարիների ընթացքում, կադրային հարցերում նա ունակ չէ կտրուկ որոշումներ կայացնել, եթե, իհարկե, այդ որոշումների կայացմանը բավարար չափով չեն նպաստել նրա մերձավորագույն որոշ շրջանակներ:




Լրահոս