Սիսիանի քաղաքապետն ու թերթի տնօրենը հայտնվել են դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի, ընկերության հաշվապահի եւ քաղաքապետարանի երկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Հիշեցնենք, որ մարզպետարանի հերթական ստուգումների ժամանակ քաղաքապետարանում ի հայտ էին եկել խախտումներ, որոնք էլ քրեական գործ հարուցելու հիմք էին հանդիսացել: Սիսիանի քաղաքապետարանը «Սիսիանի լրատու» ՍՊԻ հիմանդիրն է եւ ֆինանսավորողը: Եւ այսօր Արմեն Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն՝ կեղծել է պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով՝ խարդախությամբ հափշտակել 1 մլն 260 հազար ՀՀ դրամ գումար:

Իսկ Աղասի Հակոբջանյանն էլ մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ լինելով Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար՝ պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է էական գույքային վնաս: Դեկտեմբերի 2-ին Կապանի նստավայրում կայացավ հերթական նիստը: Այն նախագահում էր դատավոր Նապոլեոն Օհանյանը:

Մինչ դատաքննության սկիզբը ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանը, ով քաղաքապետի տեղակալն է, հանդես եկավ հայտարարությամբ, որից հետո միջնորդություն ներկայացրեց քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ինչը մեղադրող կողմն առարկեց: Դատարանը որոշեց նշված միջնորդության լուծումը հետաձգել: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի պաշտպանի ներկայացրած գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը եւս դատավոր Օհանյանը մերժեց:

Վերջին դատաքննության ընթացքում հարցաքննվեցին ներկա չորս վկաները: Սրբուհի Գրիգորյանը եւ Աննա Ավետիսյանը պարզաբանեցին՝ հափշտակում տեղի չի ունեցել, այլ գումարը թերթից ուղղվել է նույն ՍՊԸ-ի կազմում գործող հեռուստատեսության պահպանմանը: Եվ որ իրենք վճարվել են ե՛ւ լրագրության, ե՛ւ նյութերի մոնտաժի, թերթում տպագրված նյութերը խմբագրելու եւ սրբագրելու դիմաց, քանի որ աշխատողների պակաս ունեն: Միեւնույն ժամանակ երկու վկաները նշեցին, որ Արմեն Հովակիմյանին երկար տարիներ են ճանաչում եւ աշխատում միասին, նա ազնիվ, անձնուրաց մարդ է: Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին:

Հերմինե Միքայելյան
Կապան




Լրահոս