Նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Գյուղի 42-ամյա բնակիչ էդուարդ Ամիրխանյանն իր տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Մեկ օր կախված մնալուց հետո նրան հայտնաբերել են կնոջ հարազատները, իսկ դեպքի մասին ահազանգել է Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:
Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքնասպան եղածը վերջին շրջանում իրեն տարօրինակ էր պահում, հաճախ ալկոհոլ էր օգտագործում և դրա ազդեցության տակ ոչ ադեկվատ վարք ցուցաբերում: Համայնքապետի խոսքով՝ Էդուարդ Ամիրխանյանն ընտանիքում խնդիրներ ուներ, կինը տնից հեռացել էր, և մոտ մեկ տարի նա միայնակ էր ապրում:
«Ինձ դիմել էր, որ օգնեի ընտանեկան անախորժությունները լուծեինք, կինը վերադառնար: Բայց երբ կինն արդեն տանն էր, Էդուարդն իրեն կրկին լավ չէր պահում, խմում էր, տարօրինակ բաներ անում: Ասում էր, որ ինքնասպան կլինի: Մի անգամ էլ ես եմ դանակը ձեռքից վերցրել, ուզում էր ինքն իր կոկորդը կտրել: Նույնիսկ մի քիչ վնասվել էր վիզը. ասում էր, թե ոստիկանի շորով մարդ տեսնեմ, կյանքիս վերջ կտամ»,- պատմեց գյուղապետը՝ հավելելով, որ Էդուարդ Գրիգորյանը Հայաստանի քաղաքացի չէր: 90-ականներին էր Վրաստանից փախուստի դիմել և եկել Հայաստան: Ազատանում գյուղի անասուններին էր պահում, ու մոտ 24 տարի է՝ ամուսնացած էր: Վերջինս, Վարդան Իկիլիկյանի փոխանցմամբ, արտագնա աշխատանքի էր գնում՝ հացթուխությամբ զբաղվելու:
«Դե ինքը չէր կարող գնալ, որովհետև փաստաթղթեր չուներ: Որևէ հիվանդանոցում կամ հոգեբուժարանում գրանցված չէր՝ նորից փաստաթղթեր չունենալու պատճառով: Մի քանի տարի առաջ էլ իմացանք, որ Վրաստանից փախել էր՝ բանակից ազատվելու համար: Հիմնական աշխատանք այստեղ չուներ: Հիմա տղաներից մեկը Ռուսաստանում է, մյուսը վերջերս է եկել: Կնոջը մի երկու օր առաջ ասացի՝ էրեխեքիդ հայրն է, գնա՛ տիրություն արա՛, բայց օգուտ չտվեց: Ինքնասպանությունից առաջ էլ կնոջը նամակ էր գրել, թե՝ սիրում եմ քեզ, ու էդպիսի բաներ»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Գյուղապետը կարծիք հայտնեց, որ Էդուարդ Ամիրխանյանի հոգեկան ծանր վիճակը, հնարավոր է, կապված լիներ նաև դժվար մանկության հետ: Ինքնասպանություն գործած տղամարդը, պարզվեց, որբ է եղել. վաղ հասակում կորցրել է ծնողներին:
«Երբ կինը վերադարձավ Ռուսաստանից, չէր ուզում միանալ ընտանիքին: Ամբողջ տարին մենակ է մնացել: Մինչև փորձում էինք ինչ-որ բանով օգնել, ինքն իր հարցերը լուծեց: Գիշերները մենակ էր մնում, բայց ցերեկը գնում-գալիս էր: Էդուարդը տնփեսա էր: Մի հատ էլ դոմիկային բնակարան ուներ: Առավոտյան կողքից զանգել են, որ գոնե գնա հաց ուտի, չէր պատասխանել: Հետո կնոջ բարեկամները հեռախոսի զանգի ձայնը լսել են, դուռը ջարդել են ու մտել ներս: Ու էստեղ տեսել են, որ դռան աջ կողմում կախված է: Մենք էլ կազմակերպեցինք, ուղարկեցինք մորգ»,- եզրափակեց Ազատան համայնքի ղեկավարը: