Քնեսեթի լիագումար նիստում հունիսի 12-ին հրապարակային քննարկում կլինի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի թեմայով: Քննարկման նախաձեռնողը
“ՄԵՐԵՑ” կուսակցության պատգամավոր Զահավա Գալիոնն է, ով ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի (“Լիկուդ”) երաշխավորությունը: Իսրայելական գործը միայն լիագումար նիստով չի ավարտվի. Հայոց ցեղասպանության հարցը կբարձրացվի նաեւ հանձնաժողովներից մեկում, գրում է “Haaretz” թերթը:
Պարբերականի տվյալներով, քննարկումը չի հանգեցնի ցեղասպանության փաստի ճանաչման, այլ ավելի շուտ կլինի յուրօրինակ դեմարշ Թուրքիայի նկատմամբ: Այն տեղի կունենա “Մավի Մարմարայի” գործողությունների վերաբերյալ պետվերահսկող Միխի Լինդենշտրաուսի զեկույցի հրապարկումից մեկ օր առաջ:
Սա առաջին անգամ չէ, որ Կնեսեթը քննարկում է այդ Հայոց Ցեղասպանության հարցը: 2011-ի դեկտեմբերին Կրթության հանձնաժողովը բաց քննարկում էր կազմակերպել: Այդ ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչը ներկայացրել էր նախարարության բացասական դիրքորոշումը: Նրանք դեմ էին արտահայտվել օրինագծի ընդունմանը, նշելով, որ այն կվնասի Թուրքիայի հետ հարաբերություններին: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան որոշել էր դատի տալ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին: