Երեվանյան փողոցների ծերունի ավազակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Որքան ուսումնասիրում, ամբողջացնում ես հայաստանյան քրեական իրավիճակը, հանցագործությունների բնույթը, կատարման եղանակը, այնքան զարմանում ես մի կողմից մեր քաղաքացիների դյուրահավատությունից, ուրիշի սխալների վրա չսովորելու համառությունից, մյուս կողմից էլ հանցագործությունների ձեւերի՝ վերջին տարիների ընթացքում նկատվող երկու ծայրահեղ դրսեւորումներից: Որպես կանոն՝ շատացել են բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի  միջոցով կատարվող հանցագործությունները, եւ դրան հակառակ՝ կատարման մեխանիզմով “տափակ”, հանցաշխարհին “պատիվ չբերող” մանր-մունր գողությունները: Երկրորդ խմբի հանցանք կատարողների մեծ մասն ութամյա կրթություն ունեն կամ բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաներից գլուխ չհանող եւ դրանց համար արդեն “ծեր” ավազակներն են, ինչպես մեր այսօրվա հերոսները: 
54-ամյա Մելքոն Անուշյանը եւ 48-ամյա Լեւոն Քիշմիրյանն ազատազրկման վայրերից ազատ արձակվելուց հետո ազատության առավելությունը՝ “օդից փող կպցնելու” հաճույքը, ցանկացել էին միանգամից հենց Շենգավիթի փողոցներից սկսել ու զգալ: Եւ գողություն անելու նրանց որդեգրած մեխանիզմն այնքան էր դուր եկել իրենց՝ հեղինակներին, որ շփոթվել էին եւ փորձել նույն մարդուն նույն մեխանիզմով փողազրկել: Այն էլ՝ օրը ցերեկով, հենց փողատիրոջ աչքի առջեւ:       
Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ Մելքոն Անուշյանը, գողություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով Լեւոն Քիշմիրյանի հետ, 2010թ. հոկտեմբերի 30-ին՝ ժ. 16-ի սահմաններում, Երեւանի Չեխովի փողոցի շենքերից մեկի մոտ մոտեցել են փողոցով անցնող Ծովիկ Դուդուկչյանին եւ իբր կասկածելով նրան Մ. Անուշյանի դրամապանակը գտնելու եւ գումարին տիրանալու մեջ՝ Ծովիկի հագուստների գրպանները ստուգելու պատրվակով գաղտնի հափշտակել են 10.000 դրամ գումար, 13.000-դրամանոց “Սամսունգ” տեսակի բջջային հեռախոսը եւ հեռացել: 6 ամիս անց արդեն Արտաշիսյան փողոցում Մելքոնը ոմն Վաչոյի հետ միամտաբար կրկին դարանակալել է նույն Ծովիկին: Հնարավոր է՝ “ծերունի ավազակների” տեսողությունը լավ չի եղել, եւ նրանք կրկին պայուսակի մեջ քիթը խոթելու նույն նախաբան-պատճառաբանությունից հետո փորձել են ստուգել Ծովիկի պայուսակը, սակայն ի տարբերություն նրանց՝ Ծովիկի տեսողությունը լավ է եղել եւ ճանաչել է մշտապես դրամապանակ “կորցնող” Մելքոնին, սկսել բղավել, ինչից հետո ավազակները դեպքի վայրից արագ դիմել են փախուստի: 
Գողության հաջորդ դրվագն իրականացրել են Մանթաշյան փողոցում՝ կրկին օրը ցերեկով: 2010-ի նոյեմբերի կեսերին՝ ժամը 15-ի սահմաններում,  Լեւոնն ու Մելքոնը մոտեցել են փողոցով անցնող Գոհարին՝ նույն եղանակով ու պատրվակով “քրքրել” նրա պայուսակը, որի ընթացքում Մելքոնը գաղտնի հափշտակել է տիկնոջը պատկանող 260.000 դրամը: Դեկտեմբերի 1-ին էլ Ծաղկանուշին են բռնել “Շողակաթ” հեռուստաընկերության մոտ եւ 40.000 դրամով սննկացրել:  Մի քանի օր անց Մելքոն-Վաչո դուետը հայտնվել է Երեւանի Արշակունյաց փողոցում եւ այնտեղով անցնող Ելենային անակնկալի բերելով՝ պայուսակից հափշտակել 15.000 դրամ եւ 100 դոլար գումար ու դանդաղ քայլերով ճողոպրել: 
Դեկտեմբերի սկզբին նույն զույգը մեկօրյա “գործուղման է գնացել” Նոր Նորքի 7-րդ զանգված եւ տեղի բնակիչ Նվարդի պայուսակից հանելով 40.000 դրամ՝ անհետացել:  Հետո Լեւոնն ու Մելքոնը վերադարձել են մայրաքաղաքի հարավային շրջաններ՝ Շենգավիթի Բագրատունյաց փողոց, որտեղ “ոտքի վրա” գրպանել են տիկին Լիդայի 110.000 դրամը, Արտաշիսյան փողոցում՝ Ժաննայի 20.000 դրամը: Մանթաշյան փողոցից էլ տիկին Ամալյայի 30.000 դրամն են տարել, ինչպես նաեւ Ռիմայի 37.000 դրամը: Ի դեպ, վերջինս մինչ նրանց տեսադաշտից դուրս գալը նկատել է, որ փողն անհետացել է պայուսակից, բայց նախքան  բղավելը եւ  օգնություն կանչելը, ավազակները հասցրել են փախուստի դիմել: Նույն Շենգավիթ համայնքում նրանք գողացել են Գոհարի 12.000-դրամանոց “Նոկիա” բջջային հեռախոսն ու 4000 դրամ գումարը: Մնացած տուժողների գումարային տուժվածության չափը հետեւյալն է. Սուսաննա՝ 20.000-դրամանոց “Նոկիա” հեռախոս,  Արուսյակ՝ 27.000 դրամ, Հասմիկ՝ 40.000 դրամ, Ջուլիետա՝ 5000 դրամ եւ 180.000 դրամի ոսկյա զարդեր,  իսկ Հրանտի դրամապանակից հափշտակել են 220.000 դրամ: Մելքոնի նախաձեռնած գործունեության արդյունքում “ծերունի ավազակները” կարողացել են մոտ 1 մլն 200 հազ. դրամի անաշխատ եկամուտ ունենալ, որի համար Մելքոն Անուշյանին մեղադրանք է առաջադրվել կողոպուտի, գողության, գողության փորձի համար, իսկ Լեւոն Քիշմիրյանին` միայն գողության համար: Երկու հոդվածներն էլ նախատեսում են տուգանք, 500.000-100.000 դրամի չափով, իսկ ազատազրկման մասով՝ գողության համար նախատեսված է 2-5, կողոպուտի համար՝ 3-5 տարի: 
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ   




Լրահոս