ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, որոշել է կարճել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քննչական կոմիտեի քննիչների կողմից չարաշահումներ թույլ տալու մեղադրանքով քրեական գործ հարուցելու որոշումը կայացվել էր դեռեւս հոկտեմբերի 27-ին: Իհարկե, ի սկզբանե հայտնի էր, որ այդ գործը կարճվելու է: Սկզբում՝ նոյեմբերի կեսերին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձեց գործը կարճել, բայց դատախազությունը նոյեմբերի 18-ին հայտարարեց քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու մասին:
Ակնհայտ էր, որ դատախազությունը քննչական կոմիտեին եւ ՀՔԾ-ին հասկացնում էր, որ «որոշողն» իրենք են, եւ քանի դեռ այդ իրողության հետ չեն համակերպվել, այս գործը չի փակվի: Հիմա արդեն Կոստանյանը համոզվել է, որ կոշտ քայլերով արված իր ակնարկները տեղ են հասել, բոլորն ամեն ինչ հասկացել են, դրա համար էլ գործը կարճել է: Հուսանք՝ իրավական «տունտունիկն» այսքանով կավարտվի:
Նշենք, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի և Գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանի հարաբերությունները գնալով ավելի են սրվում: Նրանց կռիվը համակարգի «նայողի» տիտղոսի համար է: