ՀՀ վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվությունը եկավ համալրելու ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես կառավարության հասցեին հնչեցված մեղադրանքների շարքը: Ժամանակին խորհրդարանական ընդդիմությունը կառավարությանը քննադատում էր ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու, բայց շահառուներին բարձր տոկոսներով այն տրամադրելու մեջ:
Եվ ահա, ՀՀ ՎՊ-ն այս ոլորտում լուրջ բացահայտումներ է արել. «Ենթավարկեր» բաժնում հանդիպում ենք հետեւյալին. «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ»-ը վարկային միջոցները վերցնում է 0.75 տոկոսով, այնուհետեւ՝ այդ գումարներն իր հերթին ուղղում է բանկերին եւ ունիվերսալ կազմակերպություններին՝ ԱՄՆ դոլարը 4%-ով, իսկ ՀՀ դրամը 9.5%-ով: Առեւտրային բանկերը գյուղացիներին կամ ընկերություններին ենթավարկեր են տալիս ԱՄՆ դոլարով` 10-14%-ով, ՀՀ դրամով` 15-20%-ով, իսկ ունիվերսալ վարկային կազմակերպությունները ենթավարկերը գյուղացիներին կամ ընկերություններին տրամադրում են ԱՄՆ դոլարով` 12-16%-ով, ՀՀ դրամով` 14-24%-ով»:
Խորհրդային տարիներին նման երեւույթն ուներ լավ անուն. «սպեկուլյացիա»: Հիմա ՀՀ իշխանությունները (վարկերի գծով պատասխանատուն նախկին վարչապետն էր) զբաղված են հենց դրանով: Ընդ որում, մոտ 2 տարվա ընթացքում ԳՖԿ-ի կողմից իրականացվել է 10.28 մլն ԱՄՆ դոլարի եւ 1.5 մլրդ դրամի չափով ֆինանսավորում: Տրամադրված ենթավարկերից ՎՊ-ն ընտրանքային ստուգել է 11 ծրագիր, որոնցից 9-ում հայտնաբերվել են ստացված ենթավարկերի ոչ նպատակային օգտագործման կամ կատարված ծախսերը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքեր: «Օրինակ՝ 2012թ. ապրիլին «Աշտարակի գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ին տրամադրվել է 31 հազ. ԱՄՆ դոլար վարկ: Վերը նշված վարկով ՍՊԸ-ն պետք է գներ գերմանական արտադրության նոր հոսքագիծ, քացախի արտադրության սարքավորումներ…: Տեղում կատարված այցելությամբ պարզվեց, որ ՍՊԸ-ի համապատասխան գործարանի համար հատկացված տարածքում, որն արդեն տեւական ժամանակ է, ինչ չի օգտագործվում որպես գինու-կոնյակի գործարան, առկա չեն վերոնշյալ սարքավորումները: Ավելին` ՊԵԿ-ի պաշտոնական վեբկայքի տեղեկատվության համաձայն՝ «Աշտարակի գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ն 2012թ. հունվարի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը»:
ՎՊ հաշվետվության մեջ հանդիպում ենք մեկ այլ ուշագրավ արձանագրման. «2012թ. նոյեմբերի 7-ին «Ավթանդիլ Հարությունյան» ՍՊԸ-ին տրամադրվել է 18 հազ. ԱՄՆ դոլար վարկ` ավտոլվացման կետի եւ հացաբուլկեղենի արտադրամասի կառուցման նպատակով: Տեղում կատարված այցելությամբ պարզվեց, որ առկա էր ընդամենը կիսակառույց շինություն, որն այդ պահին չէր ծառայում ո՛չ որպես հացաբուլկեղենի արտադրամաս, ո՛չ էլ` որպես ավտոլվացման կետ», եւ այսպես շարունակ: Թե ինչ են եղել այս վարկային միջոցները, կարելի է միայն երեւակայել. ի վերջո, ամենատարբեր ձեւերով փող աշխատելու մարդկային ֆանտազիայի հնարավորությունները գրեթե անսահմանափակ են: Սցենարներից առաջինը, որ կարելի է ենթադրել, գումարներն «ատկատ» են եղել ու մտել իշխանական վերնախավի գրպանը:
Եվս մեկ հետաքրքիր փաստ. կառավարությունն իր ձեռքբերումների շարքում մշտապես նշել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրումը, որը պետք է հեշտացներ քաղաքացիների սպասարկումը: Այս մասին խոսվել է բազմիցս. ե՛ւ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բազմիցս «գլուխ են գովել», թե ինչ ազգանպաստ աշխատանք են իրենք իրականացրել: Բայց ահա ՎՊ-ն այստեղ բացահայտել է, որ այստեղ ընդամենը գումարներ են ծախսվել, բայց նկատելի աշխատանք այդպես էլ չկա ու չկա: «Մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցման սկզբունքը չի իրականացվել, փաստացի այժմ կիրառվում է «մեկ ընդունարանով երեք պատուհանների» սկզբունքով ծառայությունների մատուցումը: Սոցիալական ծառայություն մատուցող ծառայություններից յուրաքանչյուրը գործերը վարում է նույն ձեւով, ինչպես նախկինում` առանց ինտեգրացված սոցիալական ծառայության:…Բաղադրիչի շրջանակում ձեռքբերված 194.9 հազ. ԱՄՆ դոլար արժեքով 25 հատ թվային հերթագրող սարքից եւ 25 հատ էլեկտրոնային տեղեկատվական տերմինալից ոչ մեկը կենտրոններ այցելությունների ընթացքում չէին օգտագործվում եւ ինտեգրված չէին ցանցին: Տարածքային կենտրոններին հատկացված 16.250.0 հազ. դրամ արժեքով 50 հատ հեռուստացույցները միացված չէին ցանցին եւ չէին ծառայում նպատակին: Բազմաթիվ կենտրոններում տեսախցիկները մոնտաժված եւ միացված չէին ու չէին գործում»,- նշված է հաշվետվության մեջ:
Այսքանից հետո էլ ընդդիմությունը դեռ զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին շեշտակի աճել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների եկամուտները: 2008թ. հետո Սերժ Սարգսյանի ունեցվածքը զուտ դրամական առումով աճել է 50 մլն 400 հազար դրամով. 2008թ. նա հայտարարագրել էր 50 մլն դրամ, 2013թ. դրամական միջոցները կազմել են 108 միլիոն 400 հազար դրամ: Տիգրան Սարգսյանը 2008թ. անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, ապա հինգ տարի անց` 2012թ., նրա բանկային հաշվին եղել է 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար: Այսինքն` նրա դրամային եկամուտներն աճել են 2 անգամ, իսկ դոլարային եկամուտները` 39 անգամ: Խոստովանենք` բավականին տպավորիչ է հնչում:
Հ.Գ. Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է պատասխանատու նրա իշխանավարման ընթացքում կատարված չարաշահումների համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿՄՆԱ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Ակնհայտ էր, որ կառավարությունը Վերահսկիչ պալատի պաշտոնյաների համար քաղաքական հայտարարություններ անելու անթույլատրելիությունը սահմանող օրենսդրական փոփոխությունների նախագիծ առաջարկեց՝ ՎՊ ղեկավարությանը լռեցնելու նպատակով: Սակայն այսօր, երբ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել վարչապետի պաշտոնից, ենթադրվում է, որ նոր կառավարությունն առանձնապես հետամուտ չի լինելու այդ օրենքին, ավելին՝ գլխադասային ճանաչված ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում հնարավոր է նախագծի քննարկումը երկար ժամանակով հետաձգվի: Երեկ այս հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց՝ հնարավոր է նախագիծն ընդհանրապես դուրս գա շրջանառությունից: Պատասխանը եղավ. «Իհարկե, ոչ»: Մինասյանը, սակայն, չհստակեցրեց՝ երբ են հանձնաժողովում քննարկելու նախագիծը: «ԱԺ կանոնակարգով նախատեսված ժամկետներում»,- ասաց նա: Իսկ դա նշանակում է, որ, ըստ կանոնակարգի, կարող է նախագիծն անվերջ դեգերել ԱԺ քառօրյայից քառօրյա:
ՔԵՖ ԵՆ ԱՆՈՒՄ
Թեեւ դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե ով կնշանակվի վարչապետի պաշտոնում, այնուամենայնիվ, նրա թիմը քեֆերի մեջ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թիմակիցներն արդեն սկսել են Արտաշատի տարբեր ռեստորաններում ավանսով քեֆեր անել եւ շնորհավորել միմյանց՝ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալու առիթով: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ, ով շտապեց տեղեկացնել. «Նման բան չկա: Դրանք հերյուրանքներ են: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի»:
ՊԵԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱ՞Ն
Բարեգործական ընկերությունները հայտնվել են պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես այս ամսվա ընթացքում երկու բարեգործական ընկերությունները 50.000 -ական դրամներով տուգանվել են ՊեԿ-ի կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Բենիամին Աղամալյանը Հայաստան է ներմուծել հումանիտար բեռ եւ այն սահմանված ժամանակում չի հայտարարագրել: Իսկ ահա «Ամերիկյան հայ օգնության ֆոնդ»-ը Հայաստանյան մասնաճյուղի անունով Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որի մասին մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացրել: Նրանք եւս տուգանվել են 50 հազար դրամով:
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան: Այսօր նա առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿԱՐԵՎՈՐԸ ԴԱ ՉԷ
ՀՀ վարչապետի փոփոխության հարցը «Նախախորհրդարան»-ը համարում է «մեկ բաժակ ջրում փոթորիկ հիշեցնող աճպարարություն», որը հորդորում է անտեսել` «աչքի առաջ ունենալով մեր պետականությանն ու ազգի ֆիզիկական գոյությանը սպառնացող արտաքին եւ ներքին մարտահրավերները, ինքնակազմակերպվել եւ երկրում ձեւավորել պետական կառավարման յուրային համակարգ»: Այդ կապակցությամբ նախաձեռնության տարածած հայտարարությունում նաեւ ասված է. «Նախախորհրդարանը կոչ է անում ձեւավորել իշխանության իրականացման զուգահեռաբար գործող ներկայացուցչական մարմին` Հիմնադիր խորհրդարան, սկսել դրա լեգիտիմացումը, նրա առաջնորդությամբ հեռացնել ապազգային ու հանցավոր վարչախմբին եւ ապահովել հայ ժողովրդի կամքի վերահաստատումը մեր երկրում»:
ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ
Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ Արարատյան դաշտում ապօրինի հորերի փակման նոր քաղաքականությունն՝ ասել է. «Տարիներով մեկը մյուսի հետեւից թույլտվություններ են տվել, հայտարարել, որ պետք է զարգացնել ձկնաբուծությունը: Իսկ սեպտեմբերին հանկարծ 180 աստիճանով կտրուկ շեղվեցին: Միթե կառավարությունն այսքան տարի չգիտեր ապօրինի հորերի մասին»:
ՆՄԱՆԸ ՉԿԱՐ
«Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ եւ հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում»,-այդ մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում: «Տիգրան Սարգսյան վարչապետը հանդիսանում էր միջազգային ատյաններում բարձր հեղինակություն վայելող ՀՀ կառավարության ղեկավարներից: Սա էր պատճառը, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի ամենածանր շրջանում ՀՀ կարողացավ ներգրավել վարկային նոր միջոցներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար»,- կարծում են ՌԱԿ-ում:
ԿՔՆՆԱՐԿԵՆ «ԿԵՆՏԿՈՄՈՒՄ»
ՀՀԿ առաջիկա նիստում կներկայացվի եւ կքննարկվի երկրի նոր վարչապետի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ով, սակայն, դժվարացել է պատասխանել, թե հատկապես երբ տեղի կունենա այդ նիստը: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում շրջանառվող անուններին, այդ թվում՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անվանը, Սահակյանը կրկնել է, որ ՀՀԿ-ն չգիտի թեկնածուի անունը:
ՈՐՊԵՍԶԻ ՉԿՈՐԶԵՆ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 9-ին հավաքվելու է ՀՀ ֆինանսների նախարարության, կառավարության եւ Պետական եկամուտների կոմիտեի մոտ՝ պահանջելու փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների մեջ եւ հանել «պարտադիր» սանդղակը: