«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՏԱԿՎԱԾ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երրորդ հանրապետության արդեն նախկին` 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ հինգշաբթի հրաժարական տվեց: Նրա պաշտոնավարման շրջանում` 2009 թվականին, երբ արձանագրվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամ, Հայաստանը համարվեց աշխարհում ամենամեծ տնտեսական անկումն ունեցող երկիր: Իսկ ահա` 2014թ. Հայաստանում ստեղծվեց հայկական պլանշետն ու սմարթֆոնը: Սակայն, օֆշորային սկանդալի մեջ հայտնված եւ Հայաստանի ոսկու պահուստների վաճառքով հայտնի վարչապետի պաշտոնավարման շրջանից ավելի շատ դժգոհում են Հայաստանի մանր ու միջին բիզնեսով զբաղվող գործարարները:

 

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե Հայաստանի տնտեսությանն ինչ կտա վարչապետի փոփոխությունը, «Գառնու Սուրիկի լավաշ» արտադրամասի տնօրեն Սուրիկ Հակոբյանը վրդովված ասաց. «Շատ մեծ բան: Գիտե՞ք ինչի համար, որովհետեւ բազմաթիվ գործարարներ տեղի հարկային մեծ պարտավորությունների պատճառով իրենց բիզնեսը վերջին շրջանում տեղափոխում էին այլ երկրներ»:
Գործարար դաշտում կփոխվի՞ ինչ-որ բան, թե՞ ոչ. հացի արտադրությամբ զբաղվող գործարարը լավատեսորեն է տրամադրված. «Իհարկե կփոխվի: Նրան էլ, ով փոխարինի, դժվարությամբ եմ հավատում, որ իրենից վատը կլինի: Հասցրեցին այն աստիճանի, որ աշխատող մարդիկ հեռացան երկրից: Օրինակ` իմ ազգից հիսունից ավելի մարդ կա դրսում»:
Գործարարի պնդմամբ՝ ինքն արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, բիզնեսում մեծ դժվարություններ է ունեցել: «Տարիներ առաջ իմ արտադրամասում աշխատում էր 300-ից 400 մարդ, իսկ հիմա` ընդամենը 30: Մենք այդ ժամանակ արտադրում էինք 5-6 տոննա, հիմա` 700-800 կգ հաց: Համեմատելո՞ւ է սա: Ու այս վիճակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո ստեղծվեց: Ճիշտ է, նրան էլ պետք չէ արդարացնել, բայց, ամեն դեպքում, հիմա պատկերն ավելի վատ է: Սոված է Ժողովուրդը, բալա ջան, սոված: Տարիներ առաջ այս գյուղում մարդիկ դաշտերում կանաչի չէին հավաքում, բայց հիմա կանաչի են հավաքում, որ դա վաճառեն ու դրանով ապրեն»,- տխրությամբ ասաց Հակոբյանը:
«Գառնու Սուրիկի լավաշ» արտադրամասի սեփականատերը, սակայն, միայն վարչապետի անձով չի պայմանավորում իրավիճակի փոփոխությունը. «Երկրորդ մարդուն, երրորդին, չորրորդին պետք է փոխեն, որից հետո գոնե ինչ-որ չափով կկարգավորվի մեր երկիրը: Թե չէ, հիմա մեր երկիրը տնտեսություն չունի»:
Իսկ «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Վանիկ Նիկողոսյանը համոզված է, որ վարչապետի փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա: «Ոչ մի ազդեցություն էլ չի ունենա: Եթե մեքենա չկա, վարորդի կլասն ո՞ւմ է պետք: Կամ վարորդն ո՞ւմ է պետք, եթե մեքենա չկա, որ ինքը քշի: Ո՞ւր է Հայաստանում տնտեսություն, որ մենք խոսենք տնտեսությունը վարելուց: Ես գիտեմ, որ աճ չկա, հակառակը` նվազել է: Խորտակված տնտեսություն է, թե ո՞վ է մեղավոր, դա էլ իրենք թող իմանան»,-վրդովված նշեց ընկերության տնօրենը:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե, այնուամենայնիվ, ինքն ի՞նչ ակնկալիքներ ունի վարչապետի փոփոխությունից, գործարարը պատասխանեց. «Տեղ կփորեն կտանեն մեջը կգցեն ու կասեն, որ Հայաստանին գործարար պետք չէ: Ոչ մի ակնկալիք էլ չունեմ: Ոչ մի բանի չեմ հավատում: Ի՞նչ տնտեսություն ունենք, որ դուք էլ դրա մասով հարց եք տալիս: Դուք տեսնո՞ւմ եք այս երկրում տնտեսություն: Չկա»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե տարիներ առաջ ինչպիսին էին գործարարի, կոնկրետ իր համար ստեղծված պայմանները: «Հուսադրող էր, որ ապագայում լավ կլինի: Հիմա ապագա չկա: Հիմա ոչ մի ակնկալիք չունեմ: Ավելին՝ փառք Աստծո, որ շնչում ենք: Հա, ի դեպ, հարկերն էլ որ մի քանի անգամ բարձրացնեն, շատ լավ կապրենք: Դրան գումարած գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ավելի լավ կապրենք»,- հեգնանքով ասաց Նիկողոսյանը:
Մինչ մյուս գործարարները բարձրաձայնում են, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք գործարար դաշտում զարգացում չի արձանագրվել, «Չանախ» կաթնամթերքի տնօրեն Ղուկաս Բունիաթյանը չի շտապում կարծիք հայտնել ո՛չ նախկին վարչապետի գործունեության, ո՛չ էլ ապագա վարչապետից ակնկալիքների մասին: «Ինչ գիտեմ, ինչ կտա վարչապետի փոփոխությունը: Ես որտեղ, վարչապետը` որտեղ: Հասարակ աշխատող մարդ եմ: Մենք բանվոր մարդ ենք: Այս փոփոխությունից հինգ ամիս անց միայն կարող եմ փոփոխությունների մասին խոսել: Ակնկալիքներ ընդհանրապես ոչ ոքից չունեմ: Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում»,- ասաց «Չանախ»-ի տնօրենը:
Նշենք, որ Տ. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում` 2008թ., համախառն արդյունքի աճը կազմեց 6.8 տոկոս: 2009-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ ՀՀ տնտեսությունն անկում ապրեց 14.1 տոկոսով: 2010-ին` գրանցվեց 2.2 տոկոս աճ, 2011թ.-ին` 4.7տոկոս, 2012թ.` 7.2 տոկոս: Իհարկե, համաձայն Սերժ Սարգսյանի հանձնարարականի՝ 2013-ին անհրաժեշտ էր ցույց տալ 7% աճ, սակայն ՀՆԱ աճը կազմեց ընդամենը 3.5 տոկոս: Ի դեպ, 2.5 տոկոսով ավելացավ նաեւ աղքատության պաշտոնական ցուցանիշը` հասնելով 35 տոկոսի: Այս տխուր պատկերն ամբողջացնելու համար հավելենք, որ վերջին տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 250 հազար քաղաքացի:
Մեզ մնում է միայն հուսալ, որ նոր վարչապետը ոչ միայն կկարողանա բարելավել Հայաստանի գործարար մթնոլորտը, այլեւ կլուծի մեր հանրապետությունում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ:

 

 

 

 

 

 

ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ՓՈԽՎԻ

ՀՀ Սյունիքի մարզի սամանամերձ Սրաշեն համայնքի բնակիչներին ամենեւին էլ չի հետաքրքրում, թե ով է նշանակվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրանք համոզված են, որ ով էլ որ նշանակվի, ապա իրենց կյանքում դեպի լավը ոչինչ չի փոխվի:
Այս եւ այլ թեմաներով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սրաշենի համայնքապետ Հենզել Աբրահամյանի հետ:

-Ի՞նչ կտա գյուղին վարչապետի փոփոխությունը:
-Դե, երեւի մի բան կլավանա, կամ էլ՝ կվատանա, կամ էլ՝ ոչինչ չի լինի: Նույնը կմնա: Գյուղացին ի՞նչ գիտի, թե ինչ է լինելու: Գյուղացին քաղաքի բնակիչ չէ: Քաղաքականությունից հեռու են մերոնք:
-Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երբեւէ այցելե՞լ է Սրաշեն:
-Չէ, մեզ մոտ չի եկել: Մենք չենք տեսել իրեն:
-Իսկ գյուղացիներն ի՞նչ են մտածում այս մասին: Ի՞նչ կարծիք ունեն։
-Գյուղացին պարապ չէ, որ նման խոսակցություններ անի: Վաղ առավոտ անասուններին են տանում, հետո՝ բոստան են գնում ու երոկոյան էլ գալիս են քնելու:
-Իսկ Դուք` որպես գյուղապետ, ի՞նչ կասեք վարչապետի փոփոխության մասին:
-Դե երեւի ինչ- որ առավելություն կլինի, էլի: Տեսնենք: Լավին սպասենք, որ լավ լինի:
-Ինչո՞վ են զբաղվում են գյուղացիները:
-Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, գարնանը ցանքս են անում: Բայց դե ամեն տարի եղանակի պատճառով անբարենպաստ պայմաններ են ստեղծվում, դրա համար էլ այդքան եկամուտ չեն ստանում:
-Քանի՞ բնակիչ է ապրում Սրաշենում:
-85 մարդ: Տարիներ առաջ շատ է եղել նրանց թիվը: Երեխաներինը` նույնպես: Պատկերացրեք, որ գյուղում հիմա միայն 9 երեխա կա: Իսկ դպրոցի աշակերտների թիվը՝ նախկին 20-ի փոխարեն՝ 9-ն է:
-Առաջնային խնդիրը ո՞րն է գյուղում:
-Խնդիրներ շատ կան, բայց ամենակարեւորը ջրի խնդիրն է: Գյուղացիները ջուր չունեն, ջրի կարոտ են:
-Ձեր գյուղից ընտանիքներ հեռանո՞ւմ են:
-Հեռանում են, բա ինչ են անում:
-Քանի՞ ընտանիք է այս ընթացքում գնացել:
-Արդեն երեք ընտանիք հասցրել է հեռանալ: Երեքն էլ՝ ամեն մեկը երեք երեխա ունեին:
-Ի՞նչն է պատճառը:
-Այստեղ աշխատանք չկա: Իսկ երեխաներին պետք է պահել, կերակրել, հագցնել, մեծացնել: Այստեղ չէին կարողանում խեղճերը: Դրա համար ստիպված հեռանում են:

Նյութերը` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ՊԱՏԱՀՄԱ՞ՄԲ Է ԿՐԱԿԵԼ

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության՝ ապրիլի 7-ի նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը: Նիստի սկզբում նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Խաչատրյանը հոգեբանորեն պատրաստ չէ ցուցմունք տալու եւ 15 րոպե ընդմիջում խնդրեց: Ապա ցուցմունք տալու ընթացքում Դավիթ Խաչատրյանն ասաց, որ իրեն վատ է զգում, եւ դատավորն այս անգամ 5 րոպե ընդմիջում հայտարարեց: Ամբաստանյալը ցուցմունք տալիս խոսում էր ցածր, հազիվ լսելի ձայնով: Դատարանում, սովորականի նման, մեծ թիվ էին կազմում Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները՝ Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչները: Դատական կարգադրիչների քանակը համալրվել էր Տավուշի մարզի այլ դատարաններից Իջեւան գործուղված կարգադրիչներով:
Դավիթ Խաչատրյանը պատմեց, որ Լյուքս Ստեփանյանի եւ նույն կրակոցից ծանր վիրավորված Հրաչյա Սարգսյանի հետ ունեցել է լավ հարաբերություններ: Դավիթը Հրաչյայի հետ ավելի մտերիմ է եղել, քանի որ ծառայության սկզբում միասին եղել են կարանտինի մեջ: Դ. Խաչատրյանն ասաց, որ ինքը մայիսի 15-ին եղել է զորամասի պահակատան ժամապահ, հետո ժամ է հարցրել զորամասի տաղավարում գտնվող ծառայակիցներից: Դավիթն այդ ժամանակ կանգնել է հայելու առաջ, մաքրել դեմքի պզուկը: Լյուքս Ստեփանյանը նրան կոչել է «պզուկ», ապա մի քանի անգամ Դավթի անձին ուղղված սեռական բնույթի հայհոյանք է տվել, որին վերջինս պատասխանել է: Դ. Խաչատրյանի վկայությամբ՝ ինքը 2 անգամ չորացած հողի կտոր է նետել տաղավարի ուղղությամբ: Խաչատրյանի խոսքերով՝ ինքը եւ Լյուքսը կատակ էին անում, ինքը ինքնաձիգը մի ուսից մյուսն է փոխադրել, ապա այն լիցքավորել` Լյուքս Ստեփանյանին վախեցնելու նպատակով: Նրա խոսքերով՝ ինքնաձիգն ուսից իջեցնելու ժամանակ, երբ այն հետ է տարել, զենքը դիպել է իր ենթապայուսակին, որի հետեւանքով կրակոց է արձակվել: Ամբաստանյալն ասաց, որ տեսնելով սպանված Լյուքս Ստեփանյանին եւ ծանր վիրավոր Հրաչյա Սարգսյանին, լացել է, գոռացել, դեպքի վայրից չի փախել:
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում քննիչների կողմից թույլ են տրվել խախտումներ, Դ. Խաչատրյանին չեն բացատրվել իր իրավունքները, քննիչը միանգամից մի քանի հարցեր է ուղղել Դ. Խաչատրյանին, վերջինիս ցուցմունքներից որոշ բաներ չեն գրառվել: Դատական փորձարարության ժամանակ Դ. Խաչատրյանը եղել է առանց ենթապայուսակի: Պաշտպանական կողմը բացարկ հայտնեց մեղադրողներին: Դատավոր Զոյա Զաքինյանը այդ միջնորդությունն անհիմն համարելով՝ այն մերժեց: Քանի որ ամբաստանյալի՝ դատարանում տված ցուցմունքների եւ նախաքննական ցուցմունքների մեջ կային էական հակասություններ, պաշտպանները միջնորդեցին հրապարակել Դ. Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները եւ հարցաքննության տեսաձայնագրությունը: Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 17-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս