Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը չի պատրաստվում փոխհատուցել իրենց եւ վերաքննիչ բողոք է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ:
Սեյրան Սարգսյանի տեղեկացմամբ` քանի որ պետական տուրքի գումարը սահմանվածից քիչ է մուծվել, այդ պատճառով վերաքննիչ բողոքը չի ընդունվել եւ դատարանը հիմնադրամին որոշակի ժամանակ է տվել պետտուրքի գումարը մուծելու համար: Նախկին գյուղապետի գնահատմամբ` «ՀիմնաՏավուշ»-ը վերաքննիչ բողոքի մեջ ոչ լուրջ փաստարկներ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Սեյրան Սարգսյանն ու եւս 3 դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Նրա վկայությամբ, ըստ պայմանագրի` «ՀիմնաՏավուշ»-ը հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ: Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ: Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշ»-ի ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով:
Դատարանը համարել է, որ եգիպտացորենի հունձը, ինչպես նախատեսված է եղել պայմանագրով, կատարվել է «ՀիմնաՏավուշ»-ի տեխնիկայով, հետեւաբար հայցվորներից յուրաքանչյուրը պարտավոր է իր մշակած հողամասերի չափերին համապատասխան կատարել հնձի վարձավճարը: 2014թ. փետրվարի 5-ին դատավոր Արմեն Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի, սկզբնական եւ հակընդդեմ հայցերով բռնագանձման ենթակա գումարների հաշվանցքի արդյունքում «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար,հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Սամսոն Ալիխանյանի` 221 հազար 500 դրամ` պատճառված վնասի եւ 2930 դրամ` պետական տուրքի գումար: Դատարանը վճռել է, որպես փաստաբանի վարձատրության գումար, հօգուտ հայցվորների բռնագանձել 200 հազար դրամ:
Հիշեցնենք, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: 2010 թ. մայիսի 22-ին Իջեւանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011 թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի եւ Տավուշի մարզի միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:
«Մենք՝ գյուղացիներս, պայքարում ենք ցրտահարության, կարկտահարության դեմ, «ՀիմնաՏավուշ»-ի դեմ էլ պայքարե՞նք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դառնացած հարցրեց Դիտավանի նախկին գյուղապետը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԵԿԵՔ ՇԱՏ ԽԻՍՏ ՉԴԱՏԵՆՔ
Ապրիլի 1-ին եւ 2-ին կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները։
Կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկո»-ին, հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Նույն արդյունքը գրանցվեց նաեւ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բավարիա» խաղում։ Ֆրանսիական ՊՍԺ-ը սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց անգլիական «Չելսի»-ին, իսկ Մադրիդի մեկ այլ ակումբ՝ «Ռեալ»-ը, անհյուրընկալ գտնվեց Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատամբ՝ հաղթելով 3։0 հաշվով։ Նշենք, որ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ դորտմունդցիների մեկնարկային կազմում եւ փոխարինվեց հանդիպման 64-րդ րոպեին։ Երեկ ուշ երեկոյան արդեն կայացան առաջին երկու պատասխան հանդիպումները, իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ֆուտբոլ-365» թերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Բուռնուչյանի հետ։
-Ի՞նչ ցույց տվեցին առաջին հանդիպումները, եւ ո՞ր թիմը կիսաեզրափակիչ դուրս գալու ավելի մեծ շանսեր ունի։
-Ինձ թվում է՝ կանխատեսելի արդյունքներ գրանցվեցին, այսինքն՝ «Ռեալ»-ը բացահայտ ֆավորիտն էր եւ հաղթեց։ Մի քիչ անակնկալ էր, որ «Բավարիա»-ն չկարողացավ հաղթել «Մանչեստր Յունայթեդ»-ին, բայց իր համար անհրաժեշտ արդյունքի հասավ. 1։1-ը բավականին լավ արդյունք է առաջիկայում տնային խաղ ունենալու պարագայում։ «Չելսի»-ն խաղում էր «ոչ-ոքի»-ի համար, բայց երկու անիմաստ սխալները՝ Լուիսի ինքնագոլն ու Չեխի սխալը վերջում անգլիացիներին դրեցին ծանր դրության մեջ, բայց կարծում եմ՝ դա նրանց համար լուծելի խնդիր է։ Ըստ իս`«Բարսելոնա»-«Ատլետիկո» դիմակայությունում, չնայած «Ատլետիկո»-ի դաշտում է պատասխան խաղը լինելու, թիմերի շանսերը 50-50 են։
-Կրկին ոչ կայուն խաղ ցուցադրեց «Բորուսիա»-ն, ինչպես նաեւ նրա կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Ընդհանրապես «Բորուսիա»-ի կազմում այս տարի վնասվածքներ ունեցողները շատ են, որից էլ ծագում են մեծ պրոբլեմներ։ Իսկ «Բորուսիա»-ն այսօր դեռ եվրոպական գրանդ չէ, որ կարողանա բոլոր մրցաշրջանները բարձր մակարդակով անցկացնել։ Կարծում եմ՝ Գերմանիայում երկրորդ տեղ գրավելը եւ Եվրոպայում լավագույն ութնյակ մտնելն արդեն մեծ հաջողություն է «Բորուսիա»-ի նման թիմի համար։ Ինչ վերաբերում է Մխիթարյանի խաղին, ապա նրա խաղը «Ռեալ»-ի դեմ չստացվեց, բայց եկեք շատ խիստ չդատենք. առաջին մրցաշրջանն է, ադապտացիայի խնդիրներ կան, վերջիվերջո, երկրորդ անգամ է մասնակցում այսպիսի մակարդակով խաղի։ Այսինքն՝ ժամանակ է պետք կայանալու համար։ Չանտեսենք նաեւ մրցակցի շատ բարձր կարգ ունենալու հանգամանքը։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ԴԵՍՊԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը segodnya.ua-ին տրված հարցազրույցում բացատրել է, թե ինչո՞ւ Հայաստանը հավանություն չի տվել Ղրիմի հանրաքվեն ապօրինի ճանաչելու մասին ՄԱԿ-ի եզրակացությանը: Ստորեւ կարդացեք դեսպանի հարցազրուցի մի մասը:
-Ինչո՞ւ է Հայաստանը դեմ քվեարկել Ղրիմի հանրաքվեն ապօրինի ճանաչելու մասին ՄԱԿ-ի եզրակացությանը:
-Հայաստանը քվեարկել է իր ազգային հետաքրքրություններից եւ համապատասխանաբար արտաքին քաղաքական դիրքից ելնելով: Հայաստանը միշտ քվեարկել է ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին: Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիր, որտեղ 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հարցով հանրաքվե: Առանձապես ուզում եմ նշել, որ ԼՂ հանրաքվեն անցկացվել է ԽՍՀՄ այն ժամանակվա Սահմանադրությանը խիստ համապատասխան: Այն ժամանակ անկախության համար քվեարկել էր հանրաքվեի մասնակիցների 99%-ը: Եվ այն պահից արդեն 23 տարի է, ինչ Հայաստանը ողջ աշխարհին ապացուցում է, որ դա լեգիտիմ որոշում է, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը նշված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ոչ թե իբրեւ միջազգային իրավունքի սկզբունք, այլ իբրեւ նպատակ: Ուկրաինական հարցին Հայաստանը դեմ է քվեարկել ոչ թե այն պատճառով, որ մենք դեմ ենք Ուկրաինային: Մեր երկիրը չի դավաճանել Ուկրաինային: Ուկրաինան մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով իր քվեարկությամբ աջակցել է ադրբեջանական դիրքորոշմանը: 2008թ., երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից դիտարկվում էր Բաքվի կողմից առաջարկված եզրակացությունը ԼՂ-ի վերաբերյալ՝ Ուկրաինան կողմ էր քվեարկել: Սակայն մենք անգամ բողոքի նոտա չհղեցինք Ուկրաինայի ԱԳՆ-ին:
-Հնարավո՞ր է, որ Երեւանի վրա ճնշում է գործադրվել Կրեմլից:
-Չարժի այդ հարցը կապել Ռուսաստանի հետ: Մենք չենք թաքցնում, որ Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը: Այո, մենք տեսնում ենք մեր ապագան այդ երկրի հետ սերտ համագործակցության պայմաններում, մենք պատրաստվում ենք մտնել Մաքսային միություն, բայց այս քվեարկությունը կապված է ազգերի ինքնորոշման հանդեպ մեր դիրքորոշման հետ: