“ԲՀԿ-ն հոգով- սրտով միացած է կոալիցիային”,-այսօր նման հայտարարություն արեց “Ազատ դեմոկրատներ“ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ հավելելով, որ ԲՀԿ-ի ընդդիմություն լինելու մասին հայտարարություն չի լինի:
Հարցին, թե արդյոք սա իշխանության սցենարն է , Անուշ Սեդրակյանը պատասխանեց.”Ես կտրականապես դեմ եմ նման ձեւույթին` հերթական ընդդիմություն առաջ քաշելու: Ընդդիմություն դառնալու համար ԲՀԿ-ն պետք է հանձնի սեփական տնտեսական լծակները”:
Անուշ Սեդրակյանը շեշտեց, որ դժվար է այս պարագայում խոսել նոր ընդդիմադիր ուժի կայացման մասին, քանի որ հեշտ է հանձնել այլոց պաշտոնները, բայց ոչ սեփական տնտեսական լծակները: ԲՀԿ-ն, ըստ Սեդրակյանի, մշտապես հանդես է եկել իշխանության պաշտպանի դերում:-Տնտեսական լծակ հանձնելը ո՞րն ա, կարող ա՞ Հայաստանից քոչեն, եթե մարդը ընդդիմություն է”,-ընդդիմախոսին հակադարձեց ասուլիսի մյուս բանախոսը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:-Դա նշանակում է մտնել մաքուր հարկային դաշտ”,-պատասխանեց Անուշ Սեդրակյանը: Վարդան Այվազյանը նշեց, որ չի կիսում այս տեսակետը: Անուշ Սեդրակյանի այն դիտարկմանը, թե այս տեսակետը շատերն են կիսում, հետեւեց Վարդան Այվազյանի արձագանքը.”Իմացանք քանի հոգի ա կիսում, քանի հոգին երեւաց”:Վարդան Այվազյանը նշեց, թե ՀԱԿ-ում եւ “Ազատ դեմոկրատներ“-ում էլ կան շատ հաջողակ եւ գործունյա բիզնեսմեններ, որոնք շատ արդյունավետ աշխատում են: Նա բերեց Սուքիասյանների ընտանիքի օրինակը, ինչին անմիջապես հետեւեց “տեսանք, ինչ եղավ նրանց հետ” դիտարկումը:Լրագրողները Վարդան Այվազյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալուց հետո այնպես ստացվի, որ օրինակ, հայտնաբերվի, թե Գագիկ Ծառուկյանը պարտքեր ունի պետությանը: “Կարող ա, կարող ա Այվազյան Վարդանինն էլ հայտնաբերվի’’,-պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորը: