ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում

 

Երեկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական ուղերձով բացիկներ ու ծաղիկներ էին նվիրում անցորդ բոլոր կանանց: Ի դեպ, կանանց տոնի առթիվ նման փոքրիկ անակնկալ էր պատրաստել նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես մտադիր եմ առեւտրի (բանջարեղեն) կետ բացել: Ուզում եմ իմանալ՝ առեւտրի իրականացման վայրի համար լիցենզիա անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք, թե որքան է կազմում պետական տուրքի գումարի չափը:

Տիգրան Սահակյան (44 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Սահակյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ կլիներ, որ մանր ու միջին բիզնեսի խրախուսման նպատակով բացառություններ լինեին, սակայն ինչպես տեսանք` այս դեպքում նույնպես լիցենզիա ունենալու թույլտվությունը պարտադիր է: Կարելի է ենթադրել, թե բազային տուրքի հազարապատիկն ինչ ահռելի գումար կկազմի:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե սպառողն ինչպե՞ս կարող է տեղեկանալ ապրանքի պիտանելիության մասին:

Ալլա Բաբայան (32 տարեկան, ադմինիստրատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արտադրողը (վաճառողը) պարտավոր է սպառողին ժամանակին տրամադրել ապրանքների (աշխատանքների) վերաբերյալ անհրաժեշտ ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է ճիշտ ընտրության հնարավորությունը: Տեղեկատվությունը պետք է պարունակի ապրանքների (աշխատանքների) հիմնական սպառողական հատկությունները, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի եւ ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաեւ հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գինը եւ ձեռքբերման պայմանները, երաշխիքային ժամկետը, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արդյունավետ եւ անվտանգ օգտագործման կանոնները եւ պայմանները, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաեւ նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների եւ այդպիսի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետեւանքների մասին տեղեկությունների, եթե ապրանքները նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը եւ գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի եւ վերջապես արտադրողի (վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի (վաճառողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու եւ ապրանքը նորոգելու եւ տեխնիկական սպասարկում իրականացնելու համար:
Շուկայի վերահսկողության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտադրող-սպառող «մենամարտը» շարունակում է արդիական մնալ: Հուսանք, որ պետությունն, ի վերջո, կկարողանա լիարժեքորեն իրականացնել իր վերահսկողական գործառույթները եւ սպառողների հաշվին խաբեությամբ ապրանք իրացնելու դեպքերը հնարավորինս կնվազեն:

 
ՀԱՐՑ. Ամուսնացած եմ եւ ունեմ երեք տարեկան որդի: Մի քանի ամսից պետք է մեկնեմ պարտադիր զինվորական ծառայության: Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:

Արայիկ Դավթյան (24 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաեւ այդ ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվելու հիմքերը, ըստ որի՝ նման իրավունք ունեն`
ա) միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.
բ) ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.
գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները.
դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր.
ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:
Դուք օգտվում եք բնակության վայրին մոտ, այն է՝ Ձեր հաշվառման վայրից մինչեւ 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե գովելի է, որ մեզ դիմած քաղաքացին չի խուսափում պարտադիր զինծառայությունից: Եվ հորդորում ենք, որ յուրաքանչյուր զինծառայող տեղյակ լինի իր իրավունքներից եւ հարկ եղած դեպքում պայքարի դրանց համար:




Լրահոս