ԼՂՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել ԼՂՀ անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններն ու պատգամավորական խումբը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ. 
“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում: Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենը իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:
Խստորեն դատապարտելով Հայաստանի և Արցախի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ և սադրիչ գործողությունները` մենք հայտարարում ենք.
-Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու և տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ,
-միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,
– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը և զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը”: 
Համատեղ հայտարարության տակ ստորագրել են “Դաշնակցություն”, “Ժողովրդավարություն”, “Հայրենիք” խմբակցություններ և “Արցախատուն” պատգամավորական խումբը:




Լրահոս