ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ 20 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Հովհաննիսյանը զանգել էր “Ժողովուրդ”-ի խմբագրություն եւ իր անհանգստությունն էր արտահայտում հանքային ջրերի, մասնավորապես “Ջերմուկ”-ի եւ “Բջնի”-ի թանկացման կապակցությամբ:
“Ես ճնշման խնդիր ունեմ, ամեն օր պարտադիր գնում եմ հանքային ջրեր: Երեկ խանութում տեղեկացա, որ  “Ջերմուկ” եւ “Բջն” հանքային ջրերի գինը 20 դրամով ավելացել է: Վաճառողն ինձ ասաց, որ չգիտի թանկացման պատճառը: Բայց ես հո լա՞վ գիտեմ՝ ինչն է: Էդ ջրերի տերերը պատգամավոր ընտրվեցին, բա էդ մանդատների գինը պիտի հանե՞ն, թե՞ ոչ”:  “Ժողովուրդ”-ը քաղաքի մի քանի խանութներում շրջայց կատարեց եւ պարզեց, որ  քաղաքացու ահազանգը տեղին էր: Մեր հարցին, թե առաքիչներն ինչով են բացատրում “Ջերմուկ”, “Նոյ” եւ “Բջնի” հանքային ջրերի գնի բարձրացումը, վաճառողները պատասխանեցին, որ  նրանք դա կապում են բենզինի թանկացման հետ: Հանքային ջրերի թանկացման պատճառները “Ժողովուրդ”-ը փորձեց ճշտել նշված հանքային ջրերի գործարանների սեփականատերերից: “Ջերմուկ գրուպ” ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ “ինքը բիզնեսով չի զբաղվում”, սակայն խոստացավ պատասխանատու մարդկանց փոխանցել մեր հեռախոսահամարը, որպեսզի նրանք խնդրի առթիվ բացատրություն տան:  Սակայն պատգամավորի խոստումն այդպես էլ մնաց օդում կախված: Մենք ինքներս դիմեցինք, եւ երկար բանակցություններից հետո “Ջերմուկ գրուպ”-ի տնօրինությունից  տեղեկացրին, որ  2001 թվականից մինչ երեկ “Ջերմուկ”-ը շուկայում պահպանել է իր “200-դրամանոց” գինը:  Բայց նաեւ նշեցին. “Տարայի բաղադրության հումքի 70%-ը ներկրվում է, միջազգային շուկայում այն 2-3 անգամ թանկացել է: Քանի որ ընկերությունը  հումքը  ձեռք է բերում թանկ գնով, ապա ապրանքանիշի ինքնարժեքն էլ բարձրացրել ենք  5%-ով: Հայկական շուկայում վաճառող տեղական արտադրության բոլոր ջրերն էլ թանկացել են նույն պատճառով»: Հարցին, թե կապված ամառային սեզոնի հետ՝ արդյոք նախատեսվում է  նոր գնաճ, ընկերությունից պատասխանեցին, որ եթե միջազգային շուկայում նավթի գինը աճի, կթանկանա նաեւ իրենց ապրանքանիշը, որովհետեւ “պլաստիկի հիմնական հումքը նավթն է”:
 ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի լրատվության բաժնի պետ Գայանե Սարգսյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ օրեր առաջ տեղական շուկայում գերիշխող դիրք ունեցող “Ջերմուկ գրուպ” ընկերությունը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որոնցով հիմնավորում է իր ապրանքանիշի թանկացման պատճառները, բերում հիմքեր, որոնցով արդարացվում է շշալցված ջերմուկի  գնագոյացումը: 
“Ընկերության հիմնավորումները բավարար հիմք չեն վերլուծության համար, նոր ուսումնասիրությունների անհրաժեշտություն կլինի: Այսինքն՝ մենք պիտի հասկանանք՝ ինչ է նշանակում հումքը թանկացել է: Պետք է ստուգենք՝ արդյոք ներկրվում է հումքը, եթե այո՛, ապա ո՞ր երկրից, ի՞նչ գնով, հիմա ի՞նչ է փոխվել, ներկայացվեն դրանք հաստատող  համապատասխան փաստաթղթեր: Սա շատ մանրամասն ուսումնասիրություն է: Ելնելով դրա արդյունքներից՝ մեր հանձնաժողովն առաջիկայում հստակ պատասխան կտա` արդարացված է արդյոք գնաճը, թե ոչ”:
Հարցին, թե այլ հանքային ջուր արտադրող տնտեսվարողների կողմից ՏՄՊՊՀ դիմողներ եղել են, լրատվական բաժնի պետը պատասխանեց. “Այս պահի դրությամբ նմանատիպ դիմումներ չունենք:  Չնայած այսօր թեժ գծով բազմաթիվ սպառողներ ահազանգել են, որ թանկացրել են “Բջնի” ընկերության ապրանքատեսականին: Մեր կողմից կիրականացվի մոնիթորիգ, եւ իրականությանը համապատասխանության պարագայում կկատարվեն  ուսումնասիրություններ նաեւ այդ ընկերության մասով”:
Մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների փուլում է, որոշում է՝ արդարացնի, թե մերժի տնտեսվարողի կողմից գնաճի հիմնավորումները, մեծածախ ու մանրածախ իրացման կետերում հանքային ջուրը վաճառվում է թանկ գնով: Իսկ սոցիալական ծանր վիճակում հայտնված սպառողները, մանավանդ  թոշակառուներն ու հիվանդները, ստիպված են իրենց ինքնաբուժման ծախսերը մեծացնել օրական 20 դրամով:  
 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս