Ո՞վ է ՀՀ նախագահին տվյալներ տալիս, դրանք ոչ պրոֆեսիոնալ են. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ՀԱԳ(Գ)Մ հանդիպման ժամանակ արտաբերել է իր տնտեսական թիմի վերլուծությունը ՀՀ զարգացման վերաբերյալ 1995-2013թթ։ Նախագահը կատարել է որոշակի քանակական և որակական վերլուծություն։ Այս տվյալներին է անդրադարձել ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Նա, վկայակոչելով մասնավորապես համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետներին, բավականին մանրամասն կանգ է առնում զարգացման փոխարկումների և 5 փուլի վրա։ Բանավիճելու, հաստատելու կամ ժխտելու պահանջ չկա։ Չնայած հենց մեզ են, չգիտես ինչու, անվանում արևմտամետ: Այնուամենայնիվ, այդ փուլերի ետևում ես տեսնում եմ տնտեսագիտության բովանդակությունից կտրված արևմտյան զոմբիների։ Շատ ենք նման փոխարկումների հանդիպել։ Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանը վերջին 20 տարիներին անցել է 2 փուլ։ Առաջինը կառուցվածքային բարեփոխումներն են (1991-1998թթ), երկրորդը վերականգնողական աճի շրջանն է։ Իսկ հիմա առաջարկի խրախուսման հիման վրա տնտեսական աճ գեներացնելու փուլն է (3 փուլ)։ Պարզ, կարճ և հասկանալի։

Ի դեպ, այս երրորդ փուլը պետք է սկսվեր դեռ 2008-ին և ապահովեր տարեկան 7 տոկոս աճ։ Բայց այն 2008-2013թթ. այդպես էլ չգիտակցվեց կառավարության կողմից։ 6 տարում 50 տոկոս տնտեսական աճի փոխարեն՝ ունեցանք սոսկ 8.8% գումարային աճ, և բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 212 երկրների ու առանձին հաշվառվող տարածքների մեջ 112-րդ տեղից նահանջեցինք 121-րդ տեղը։ Սա, ի դեպ, մեր գործունեության ընդհանրական գնահատականն է։

Իսկ հիմա մի քանի դիտարկում կոնկրետ թվերի մասով։ 1995թ աշխատավարձը կազմում էր 17.5$։ Ասվում է նախագահի ելույթում։ Ճիշտ է։ Դրամով արտահայտած եղել է 7060 դրամ։ Ի՞նչի համար է սա ասվում։ Երևի ՀՀ Նախագահը նկատի ունի այն, որ 2013-ին ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմել է 159 հազ դրամ (390$)։ Հետո ի՞նչ։ 1995-2013թթ գնաճը եղել 6.18 անգամ, 1996-2013թթ գնաճը 2.37 անգամ, իսկ 1996-2014թթ գնաճը 2.46 անգամ։ Այո 1996-2013թթ եղել 8.0-9.5 անգամ իրական եկամուտների աճ։ Բայց լո՞ւծել ենք մեր խնդիրը։ Աճ՞ել է հանրապետության մրցունակությունը։ Ոչ։ 1995-ին Վրաստանում միջին աշխատավարձը եղել է 10$ կամ 13.5 լարի։ 2013-ին այն եղել է 773 լարի կամ 463$։ Այ սա է խնդիրը։ Ադրբեջանի թվերը չեմ ասում (շաաաատ մեծ է)։ Հիմա, խնդիրն այն է, որ 1995-ի Հայաստանն ավելի մրցունակ էր տարածաշրջանում։ Ահա այս առումով մենք հետադիմել ենք։

Մյուսը։ 1995-ի արտահանումը 303.6 մլն դոլար է եղել։ 2013-ին այս թիվը կազմել է 1480 մլն դոլար։ Աճը 4.87 անգամ։ Բայց սա վատ ցուցանիշ է։ 1995-ին արտահանել ենք ՀՆԱ 20.7%-ը, իսկ 2013-ին՝ 14.2%-ը։ Սա է խնդիրը։ Երկրի մրցունակությունն իջնում է։ Բացի այդ, պարզվում է, որ եթե չեզոքացնում ենք արտահանման գների աճը տակը մի լուրջ բան չի մնում։ Աշխարհն էլ է աճել։ Այսպես, 1995-ին արտահանման համաշխարհային ցուցանիշը եղել է 6.36 տրլն դոլար (աշխարհի ՀՆԱ-ն 30 տրլն), իսկ 2013-ին՝ 23.2 տրլն դոլար (աշխարհի ՀՆԱ-ն 74.9 տրլն)։ Աճը կազմել է 3.65 անգամ։

1995-ին բյուջեն եղել է 270 մլն դոլար կամ 112 մլրդ դրամ (հուսով եմ Նախագահին կոռեկտ ու համեմատելի թվեր են մատուցել, քանզի պետք է հիշենք կենսաթոշակային ֆոնդի մասին)։ Բայց 2013-ին ունենք 1066 մլրդ դրամ կամ 2590 մլն դոլար։ Հիմա, ինչ մի հաջողության մասին է խոսքը։ 1995-2013թթ գնաճը եղել է 2.37 անգամ, տնտեսական աճը եղել 3 անգամ։ Եղ՞ավ 10.1 անգամ։ Իսկ բյուջեն աճել է 9.5 անգամ դրամով և դոլարով։ Վրաստանի բյուջեն (Ադրբեջանի մասին դիտմամբ չեմ խոսում) 2013-ին կազմել է 7434 մլն լարի կամ 4450 մլն դոլար։ 1995-ին այն եկամուտներով եղել է 258 մլն լարի կամ 191 մլն դոլար (Հայաստանը 270)։ Այսինքն, այդ երկրի բյուջեն աճել է 28.8 անգամ (Ադրբեջանի մասին էլի չեմ խոսում)։

Առանձին վերլուծության չեմ ենթարկում հարկեր ՀՆԱ ցուցանիշը։ Այո 1995-ին եղել է 8.2%։ Բայց սա 3 տարում։ Վրաստանինը եղել է 7.3%։ Ի դեպ, 2014-ի 23%-ը ճիշտ չէ։ Այդ թվերը համեմատելի չեն։ Այդ 23%-ի մեջ մտցված է կենսաթոշակայինը (եկամտահարկից անցել ենք եկամտային հարկի)։ Իսկ ահա Վրաստանում 2013-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 28.8% (Ադրբեջանը չենք խոսում)։

Այսքանը հերիք է։ Չգիտեմ, ո՞վ է ՀՀ Նախագահին տվյալներ տալիս։ Տնտեսագիտության մեջ թվերը միշտ պետք է առնվազն 2 հարթության մեջ համեմատվեն՝ ժամանակի և տարածական։ Ցանկացած այլ մոտեցում պրոֆեսիոնալ չէ», -համացանցի իր էջում գրել է նա:




Լրահոս