Հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության Կոալիցիան կազմակերպում է ցույց նախագահական նստավայրի առջև` Մարիամ Գևորգյանի գործի առնչությամբ: Ցույցի ժամանակ փոխանցելու են երկու նամակ` բողոք դատավորի գործողությունների հետ կապված և նման դատավարությունները բաց իրականացնելու պահանջը: Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել “Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու” և “Ծեծ” հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:
Հիշեցնենք, որ հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Արտաշատում: