Երեկ Բաքվի դատարաններից մեկը որոշում է կայացրել «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայլովային 2 ամսով կալանավորելու մասին: Նման միջնորդությամբ դատարան էր դիմել դատախազությունը:
Խադիջա Իսմայլովան իր դեմ մեղադրանքներն անհիմն է համարում և գտնում է, որ իր դեմ սարքած գործի հետևում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները:
«Ազատության» փոխանցմամբ՝ Իսմայլովան տասնյակ աղմկահարույց հոդվածներ ու նյութեր է հրապարակել տեղական ու արևմտյան մամուլում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների բիզնեսների մասին, ինչի համար տարիներ շարունակ հետապնդվել է: Երկու տարի առաջ նրան վարկաբակող տեսանյութ էր տարածվել համացանցում, այս տարի էլ իշխանությունները արգելել են մեկնել Պրահա՝ մասնակցելու միջազգային համաժողովի:
Արևմուտքը կտրուկ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ Իսմաիլովայի կալանավորման կապակցությամբ:
Մեկնաբանելով այս փաստը՝ ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը նշել է, որ Միացյալ Նահանգներն անհագստացած են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումներ գործադրվելու պատճառով և բազմիցս արտահայտել է իր դժգոհությունը երկրի իշխանություններին:
Շվեյցարիայում ԵԱՀԿ երկրների նախարարների հանդիպմանն իր դժգոհությունն է հայտնել նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը: «Մենք բոլորս ճանաչում ենք այդ լրագրողին», – ասել է Բայերը՝ նշելով նրա ազատ արձակման անհրաժեշտությունը:
«Ռադիո Ազատություն» կորպորացիայի ղեկավար Նենադ Փեժիչը հայտարարել է, որ Հադիջա Իսմաիլովային ձերբակալել են նրա լրագրողական գործունեության համար: