Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սարդարապատ” շարժման հայտարարությունը.
Ինչպես և կանխատեսում ու զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երևանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից շտապեցին հայտարարել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ ,նոր մոտեցումներիե ցանկալիության, անհրաժեշտության և անխուսափելիության մասին, ակնարկելով նաև այդ մոտեցումների ,նորարարությանե բովանդակությունը` այն է մեկ-երկու ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին: Այսինքն, ռուս-ամերիկա-եվրոպական դիվանագիտական ողջ խորիմաստությունն ու նորամուծությունը սահմանափակվում է դեռևս չարաբաստիկ ,ֆուտբոլային դիվանագիտությանե օրերին հնչած հին թուրքական վերջնագրերի կրկնությամբ: Երևի, սույն պահանջներն առավել համոզիչ դարձնելու նպատակով, հետայսու բարձրաստիճան միջազգային միջնորդների նախաձեռնությունները զուգորդվում են բառի բուն իմաստով ,մահաբեր դիվանագիտությամբե, երբ տարածաշրջան կատարվող պաշտոնական յուրաքանչյուր այց բերում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով լարվածության կտրուկ աճի և մարդկային զոհերի:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատվության ու պատմական տարածքի հաշվին պատրաստվող ցանկացած գործարքի փորձ և հայտարարում է, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու այդպիսի դավադրությունների իրականացում:
Նմանօրինակ հակահայկական նախագծերը առաջանում են սոսկ Հայաստանում իշխող վարչախմբի ապիկարության, անսկզբունքայնության ու թուլության հետևանքով: Մինչդեռ Ցեղասպանության ու հայրենազրկման դժոխքային պատմություն ունեցող հայ ժողովուրդը իր արտաքին պետական քաղաքականությունը պետք է կառուցի Ցեղասպանության բազմաթիվ հետևանքների վերացման սկզբունքի հիման վրա:
Հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած հերթական բախումները ապացուցում են որևէ տարածքային զիջումների անթույլտրելիությունն ու նման պահանջների հեղինակների հանցավոր նպատակները:
Եթե առկա “ստատուս քվոյի” և համեմատաբար պաշտպանված սահմանային գծի պայմաններում հնարավոր են հայկական խաղաղ բնակավայրերի պարբերական ռմբակոծումներ և դիվերսիոն խմբերի հարձակումներ, ապա դժվար չէ պատկերացնել թե ինչպիսի կործանարար հետևանքներ կունենա շփման գծի ընդլայնումը որևէ տարածքային հետնահանջի դեպքում:
Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների: Առճակատումը իբր կանխելու պատրվակով՝ ո՛չ մի օտարեկրյա զինվորի ոտքը չպետք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժե հայ զինվորի արյան մի կաթիլը:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբ




Լրահոս