Ոստիկանության կոչը հետիոտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը դիմել է հետիոտներին` կոչ անելով պահպանել ճանապարհային կանոնները:
Ոստիկանության լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
“Հետիոտնը ճանապարհային երթեւեկության լիիրավ մասնակիցն է եւ նույնքան պատասխանատու է երթեւեկության անվտանգության համար, որքան մյուս մասնակիցները: Ցավոք, այս իրողությունը միշտ չէ, որ հասու է լինում մեր որոշ համաքաղաքացիների, որոնք երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներով վտանգում են ոչ միայն մյուսների, այլեւ իրենց կյանքն ու առողջությունը: Ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներից զատ, բազմիցս դիմել է հետիոտներին` հորդորելով զերծ մնալ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումից: Թեեւ ձեռնարկված միջոցներին` ստիպված ենք փաստել, որ ոչ բոլորն են ընդունակ տարրական կարգապահության, ոչ միշտ են ականջալուր բանականության ձայնին, ինչի վկայությունն է այն, որ վրաերթերի զգալի մասը տեղի է ունենում հետիոտնի անկարգապահության ու քմահաճության հետեւանքով: Հարգելի հետիոտներ, ոստիկանությունը կրկին կոչ է անում ու հորդորում` պահպանեք ճանապարհային երթեւեկության կանոնները, փողոցները հատեք բացառապես գետնուղիներով կամ նախատեսված անցուղիներով, լուսակրի թույլատրող նշանի առկայությամբ, մի անտեսեք ճանապարհային ոստիկանի հրահանգները, հարգեք երթեւեկության մյուս մասնակիցների իրավունքներն ու, ընդհանրապես, համակեցության կանոնները: Հիշեք. օրինապահությունը ոչ միայն ճանապարհային անվտանգության ապահովման, այլեւ ձեր կյանքի եւ առողջության պահպանման կարեւորագույն գրավականն է: Իսկ այն հետիոտները, որոնք կշարունակեն չարամտորեն խախտել երթեւեկության կանոնները, կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ողջ խստությամբ` հանուն իրենց իսկ ապահովության”:




Լրահոս