ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է եվրոպացի, թուրք եւ ադրբեջանցի լրագրողների հարցերին եւ, ինչպես միշտ, հանդես եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Պատասխանելով հարցին, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի  կիրառում Վրաստանի հաջողված փորձը, Տ. Սարգսյանը ցնցող պատասխան է տվել. «Որովհետեւ Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք  էվոլյուցիոն  փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի  երկարաժամկետ ջանքեր պահանջող ճանապարհ է, բայց ապահովում է  կայունություն, ինչը  գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով  մեր հարեւանների հետ ունեցած  հարաբերությունները»: Նախ` անհասկանալի է՝ ում նկատի ունի Սարգսյանը` պնդելով, որ Հայաստանում ընդունելի չէ կոռուպցիայի դեմ պայքարի  հեղափոխական ճանապարհը: Եթե նկատի ունի սեփական կուսակցության ցուցակի 90 տոկոսին եւ մեծամասնականով պատգամավոր դարձած կուսակիցների 100 տոկոսին, ապա այո` նրանց համար, ինչ խոսք, ընդունելի չի կարող լինել վրաստանյան փորձը, քանի որ առանց կոռուպցիայի, նրանք պարզապես կսննկանան: Բացի այդ, անհասկանալի է, թե կոռուպցիայի դեմ կտրուկ պայքարն ինչպես կարող է խաթարել երկրի կայունությունը: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի կամ Աշոտ Արսենյանի բիզնեսները ստվերից հանելն ի՞նչ կապ ունի  «հարեւանների հետ ունեցած մեր հարաբերությունների» հետ: Նույն հարցուպատասխանում, սակայն, Տիգրան Սարգսյանն էլ ավելի տարակուսելի պնդումներ է անում: Կրկին խոսելով հակակոռուպցիոն քայլերի մասին` նա նշում է. «Մենք թափանցիկ ենք դարձրել խոշոր ձեռնարկությունների հաշվետվությունները, եւ քաղաքացիները հնարավորություն ունեն հետեւելու, թե որ ձեռնարկությունն ինչքան հարկ է վճարում: Եթե այս կամ այն օլիգարխի հարկը նվազում է, դա դառնում է հանրության լուրջ քննարկման առարկան»: Հարց է ծագում, իսկ հանրության քննարկումներն ի՞նչ արդյունք են տալիս: Այդ նույն հանրությունը տարիներ շարունակ «լուրջ քննարկման առարկա» է դարձնում, թե ինչու են ՀՀ ամենամեծ օլիգարխներին պատկանող ընկերությունները ՀՀ խոշոր հարկատուների ցուցակների հետնապահները: Խեղճ հանրությունը ոչ միայն «քննարկման», այլեւ «անեծքի» ու «հայհոյանքի առարկա» է դարձնում այդ ամենը, սակայն Սարգսյանի նշած էվոլյուցիան ոչ մի կերպ չի երեւում:
Նշված հարցուպատասխանում Տ. Սարգսյանը, բնականաբար, մի քանի անգամ շեշտում է, որ իրենք մշակել են «ռազմավարություններ»` բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ` Սփյուռքի ներուժն օգտագործելու: Եվ որպես դրա կիրառման գործիք՝  նշում է Սփյուռքի նախարարությունը, որի շնորհիվ «մենք իրականացնում ենք համահայկական ծրագրեր»: Թե այդ ինչ ծրագրերի մասին է խոսքը, գիտեն միայն Տ. Սարգսյանն ու Հրանուշ Հակոբյանը: Իսկ Սփյուռքն ու մենք տեսնում ենք միայն տարեկան մեկ անգամ կազմակերպվող մի քանի տասնյակ երիտասարդների` «Արի տուն» երկշաբաթյա ուտուշ-խմուշային ծրագիրը: Մի խոսքով` վարչապետի  պատասխանները, ինչպես միշտ, իրականության հետ կապ չունեին:




Լրահոս