ԵՐԲ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ Է ՄՆՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Ծաղկաձորում ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված տնտեսական համաժողովին բացի 4 ուժերի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Խաչատուր Քոքոբելյանը: Եթե Իսագուլյանի ներկայությունը միանգամայն հասկանալի էր՝ հաշվի առնելով նրա մոտեցումները, ապա Քոքոբելյանի մասնակցությունը, մեղմ ասած, զարմանալի էր: Քոքոբելյանն իրեն ու իր՝ «Ազատ դեմոկրտատներ»-ը ներկայացնում է որպես ծայրահեղ արեւմտամետ կուսակցություն, հանդես է գալիս Մաքսային միության անդամակցության քննադատությամբ: Այն դեպքում, երբ «հրաշալի քառյակ»-ը իշխանությունից ավելի ջերմեռանդորեն է պաշտպանում ՄՄ անդամակցությունը եւ, ընդհանրապես, Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ: Թե ով է Քոքոբելյանին համոզել, որ ՄՄ անդամակցությունն անշրջելի է, մնում է կռահել՝ հիշելով ֆորումի կազմակերպիչներին ու քաղաքական խնամիներին: Բայց գուցե ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ում հետ ծանոթությամբ սիրում է հպարտանալ Քոքոբելյանը:

 

 

 
Թեեւ ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կադրային հարցերում լայն ազատություն է տվել, սակայն մյուս կողմից՝ թվարկել է այն բոլոր «բարեփոխումները», որոնք պիտի շարունակի նոր կառավարությունը: Իսկ դրանց ցանկում նա առաջինը մատնանշել է. «Նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը»: Փաստորեն, Ս.Սարգսյանը նոր կառավարությանը ստիպում է առաջ տանել այն ծրագիրը, որին, նույն Ս.Սարգսյանի խոստովանությամբ, դեմ է Հայաստանի բնակչության 80 տոկոսը: Այսինքն՝ Աբրահամյանն էլ է գնալու Տիգրան Սարգսյանի կառավարության ճանապարհով: Եվ եթե «հրաշալի քառյակ»-ն իրոք անկեղծ գտնվի, պետք է շարունակի նույն տեմպերով պայքարել նաեւ այս կառավարության դեմ. ի վերջո, ինչ տարբերություն՝ ով է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադրում. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ Հովիկ Աբրահամյանը՝ որքան էլ որ խնամի լինի ԲՀԿ նախագահին:

 

 

 
Դեռեւս ապրիլի 5-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ ցանկանում է նշանակել Հովիկ Աբրահամյանին: Ու արդեն կիրակի օրը՝ ապրիլի 13-ին, պաշտոնապես հաստատվեց տեղեկությունը: Աբրահամյանը սկսել է կադրային փոփոխություններին ուղղված քայլեր անել. ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին փոխարինելու է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «հրաժեշտ» կտան իրենց պաշտոններին: Իսկ մյուս նախարարների հրաժարականի հարցն այս պահի դրությամբ դեռեւս չի քննարկվում: Ի դեպ նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ փոխարինելով «սառեցված» ԲՀԿ-ական Ավետ Ադոնցին:

 

 

 
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ-ում օր օրի իրավիճակը լարվում է: Բանն այն է, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել: Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ընդդիմություն դառնալ ու կոչ է արել իր կուսակիցներին փողոց դուրս գալ ու պայքարել՝ ինքնամաքրվելու եւ վարկանիշ հավաքելու համար: Վերջնական որոշումը ՕԵԿ-ը կընդունի ապրիլի 16-ին հրավիրված քաղխորհրդի նիստի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եթե ՕԵԿ-ը հրաժարվի ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել, ապա շատ կուսակցականներ պատրաստվում են լքել ՕԵԿ-ը: Ավելին՝ անգամ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արդեն այդ ամենի մասին հայտնել են Արթուր Բաղդասարյանին: Իսկ թե ինչ որոշում կկայացնի այդ իրավճակում Բաղդասարյանը՝ պարզ կդառնա վաղը:

 

 

 
ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

Ինչպես օրերս նկատել էր նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` այս օրերին Ուկրաինայում զգալի չափով որոշվում է նաեւ Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը: Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինայում Ռուսաստանի պարտության եւ Արեւմուտքի հաղթանակի դեպքում ՀՀ-ն կարող է ազատվել ռուսահպատակությունից եւ հայացքը կրկին ուղղել դեպի Եվրոպա: Ցավոք, նման հեռանկարը դեռ երկար ժամանակով կարելի է բացառել: Մեզ համար ուկրաինական զարգացումների հետեւանքները կարեւորվում են զուտ մեր «սենյորի» առավել ուժեղանալու կամ թուլանալու ազդեցության տեսանկյունից: Ի վերջո. մի բան է լինել ուժեղ «սենյորի» «վասալ», մեկ այլ բան` մեկուսացած եւ տնտեսապես թուլացած պետության:
Այս իմաստով բավականին դժվար է կանխատեսել, թե դեպի ուր են տանում Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի արեւելքում: Ինչպես հայտնի է` երեկ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օ. Տուրչինովը հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի դաշնայնացման հարցով համազգային հանրաքվեին: Այն կարող է անցկացվել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների հետ միասին: Վերջին օրերին երկրի արեւելյան շրջաններում ծավալվող իրադարձություններից հետո սա դիտարկվեց որպես Ուկրաինայի գործող իշխանությունների կողմից փոխզիջման կարեւոր քայլ: Սակայն օրվա վերջում հայտնի դարձավ, որ Տուրչինովը ստորագրել է երկրի արեւելքում հատուկ հակաահաբեկչական գործողություններ սկսելու մասին հրամանագիրը, որով գործի է դրվելու Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի՝ նախօրեին ընդունած որոշումը` «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհապաղ միջոցառումների մասին»: Այս որոշումն արդեն իսկ բազմաթիվ փորձագետների, ինչպես նաեւ երկրի նախկին նախագահ Վ. Յանուկովիչի կողմից որակվել է որպես երկրում քաղաքացիական պատերազմի սկիզբ:
Թե ինչպիսի հետեւանքներ կունենան ՄԱԿ-ի եւ միջազգային կառույցների հավանությամբ անցկացվող այդ «հակաահաբեկչական միջոցառումները», պարզ կդառնա առաջիկայում: Սակայն այսօր արդեն ակնհայտ է մեկ բան. իրադարձությունների զարգացման ցանկացած տաբերակի դեպքում Ռուսաստանը տնտեսապես տուժելու է, որն էլ անմիջականորեն անդրադառնալու է ՀՀ-ի՝ առանց այդ էլ աղետալի վիճակում գտնվող տնտեսության վրա: Արդյոք մեր իշխանությունները գիտակցում են դա, եւ արդյոք նորանշանակ կառավարության ղեկավարն ու ձեւավորվելիք կաբինետն ի վիճակի կլինեն դիմագրավել սպասվելիք մարտահրավերները: Այս հարցերին լավատեսական պատասխաններ տալու համար, ցավոք, հիմքերը բացակայում են: Առավել եւս, որ առաջիկայում չարժե հույս դնել նաեւ միջազգային կառույցների ֆինանսական աջակցության վրա: Տ. Սարգսյանի հրաժարականից հետո, թերեւս, այդ խողովակներով ՀՀ փող բերելը շատ կդժվարանա:




Լրահոս