Հովիկ Աբրահամյանն այլեւս ոչ թե ԱԺ նախագահ է, այլ՝ ՀՀ վարչապետ: Կիրակի օրը ՀՀԿ ԳՄ, այնուհետեւ՝ ՀՀԿ խորհրդի նիստերից հետո Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Հ.Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, իսկ երեկ էլ նրան ներկայացրել կառավարության անդամներին: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնը դեռ թափուր է. ՀՀԿ-ում այս հարցում դեռ որոշում չունեն:
Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում ամենեւին էլ անակնկալ չէր. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր տեղեկացրել, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Աբրահամյանին: Մյուս կողմից՝ ակնհայտ էր նաեւ՝ ամենամեծ կուսակցությունը համարվող ՀՀԿ-ում, այնուամենայնիվ, կադրերի լուրջ պակաս կա. Հ. Աբրահամյանը վարչապետի միակ թեկնածուն էր, ով, չնայած մի փոքր դժկամությամբ, այնուամենայնիվ, համաձայնվեց ստանձնել այդ պաշտոնը: Այլապես, անտրամաբանական է Աբրահամյանի՝ պաշտոնի իջեցումը, երբ նա Սահմանադրությամբ երկրորդ դեմքից դարձավ երրորդը: Սակայն Սերժ Սարգսյանն այս քայլին գնաց հանուն իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու. այս տրամաբանության շրջանակներում նա «հրաշալի քառյակ»-ի շուրջօրյա հանրահավաքներից առաջ զոհաբերեց Տիգրան Սարգսյանին ու նրա փոխարեն նշանակեց Աբրահամյանին: Ընդ որում, սա, ըստ էության, անձերի փոփոխություն էր՝ հույս ունենալով, որ Քառյակի անդամներից ԲՀԿ-ն չի համարձակվի քննադատել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամուն: Ի դեպ, Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում արած իր հայտարարություններով մատնել է իր իրական ցանկությունները:
Խոսովանեցի՞ր, զավակս
Ներկայացնելով նոր վարչապետին, Սերժ Սարգսյանն ասել է, թե Հովիկ Աբրահամյանին կադրային հարցերում լիակատար ազատություն է տվել. «պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից»: Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը թվարկել է այն բոլոր «բարեփոխումները», որոնք պիտի շարունակի նոր վարչապետը. «նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը, նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը, նկատի ունեմ հարկային եւ մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը»:
Փաստորեն, այդ «բարեփոխումներ»-ի թվում նա նախ ակնարկեց, թե ում թողնի պաշտոնին, ում՝ ոչ, բացի այդ՝ շեշտում է «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը», խոսքն այն համակարգի մասին է, որին, նույն Սերժ Սարգսյանի խոսքերով, դեմ է Հայաստանի բնակչության 80 տոկոսը: Ասել է թե՝ նոր կառավարությունից ու նոր վարչապետից Ս.Սարգսյանը պահանջելու է, ըստ էության, գնալ Տիգրան Սարգսյանի կառավարության ճանապարհով ու շարունակել այդ ձախողված կառավարության՝ ժողովրդի դիմադրությանն արժանացած ծրագրերը: Իսկ դա նշանակում է, որ, ըստ էության, որեւէ տարբերություն չի լինելու Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունների միջեւ. միակ տարբերությունը անձերն են եւ վերջ: Համաձայնվեք, եթե Սերժ Սարգսյանն իրականում ցանկանար որակական փոփոխություններ, ապա գոնե առժամանակ կհրաժարվեր կառավարության առաջ նման խնդիրներ դնելուց՝ զարմանալի համառությամբ առաջ տանելով ժողովրդի 80 տոկոսի կողմից մերժված համակարգը:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը բաց տեքստով նաեւ մեկ այլ խոստովանություն է արել. Հովիկ Աբրահամյանին նա նշանակել է թիմի ներսում առկա ճաքերը փակելու նպատակով: «Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, քաղաքական այլ ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ …Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու եւ աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով եւ որ ամենակարեւորն է՝ աշխատանքի շոշափելի արդյունքներով»: Սա, թերեւս, առաջին դեպքն է, երբ Ս.Սարգսյանը բարձրաձայնում է՝ «ներթիմային միասնականության» բացակայության մասին. ավելին՝ սրանով նա հաստատել է տարիներ շարունակ «գաղջ մթնոլորտ» տարածող մամուլում ՀՀԿ հակամարտող թեւերի մասին հրապարակումները, որոնք նույն ՀՀԿ-ականները հերքում էին նույնքան ջանասիրությամբ:
Լուրջ ես ասո՞ւմ
Հովիկ Աբրահամյանը փորձում է ամեն գնով համոզել, թե իր հետագա գործունեությունը պետք է ծավալի այնպես, որպեսզի հնարավոր դառնա երկիրը տանել դեպի զարգացում: ՀՀԿ-ականներն էլ մասնավոր զրույցներում պնդում էին, թե Հովիկ Աբրահամյանն իրոք աշխատելու եւ երկիրն այս վիճակից դուրս բերելու ցանկություն ունի, եւ որ այդ մասին նա խոսում է վերջին օրերին քննարկումների ու խորհրդակցությունների ժամանակ: «Ժամանակ եմ խնդրում ձեզնից եւ հետո ձեզ կասեմ իմ մտահոգությունների մասին եւ կարող եմ միայն ասել, որ այս պահին զգում եմ իրավունք եւ պարտականություն»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Աբրահամյանը:
Սակայն, նկատենք, որ նույն Հովիկ Աբրահամյանը, երբ 2008թ. սեպտեմբերին դարձավ ԱԺ նախագահ, կրկին ամպագոռգոռ խոստումներ էր տալիս, օրինակ՝ նա հայտարարեց խորհրդարանի դերը բարձրացնելու մասին: Տարիները, սակայն, ցույց տվեցին հակառակը. խորհրդարանի դերը ոչ միայն չբարձրացավ, այլեւ՝ ԱԺ-ն դարձավ կառավարությանը կից օրենքներ դակող մարմին, որն ընդունում էր ներկայացված բոլոր նախագծերն անխտիր: Այս ամենի գագաթնակետը եղավ այն, որ նախորդ տարի կառավարության ներկայացրած բարձրաստիճան պաշտոնյաների դրույքաչափերը սահմանող օրենքում ԱԺ պատգամավորի աշխատավարձը հավասարեցվեց փոխնախարարի աշխատավարձին, չնայած՝ պատգամավորն իր դիրքով ավելի բարձր է: Ու Արգամիչի ղեկավարած խորհրդարանը չնայած մի փոքր դիմադրություն ցույց տվեց, բայց եւ՝ համաձայնվեց այդ նվաստացմանը:
Հ.Գ. Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ դառնալուց հետո Երեւանում առանձնատուն կառուցեց ԱԺ շենքի նմանությամբ: Հետաքրքիր է՝ հիմա վարչապետ նշանակվելուց հետո նա այդ առանձնատան տեսքը կձեւափոխի՞, թե՞ նորը կկառուցի:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՓԱԿՎԵԼՈՒ ԵՆ
Երեւանի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի՝ վերջերս տաղավարների վարձավճարները բարձրացնելուց հետո շուկայում գործող մի քանի ոսկու արտադրամասեր առաջիկայում կփակվեն, քանի որ չեն կարողանում վճարել իրենց վարձավճարները: Նշենք, որ յուրաքանչյուր արհեստանոց ունի 6-7 աշխատակից: Սրան զուգահեռ ոսկու շուկայում առեւտուր չկա: «Ժողովուրդ»-ը ոսկերիչներից տեղեկացավ, որ շուկայի տնօրենը տաղավարների վարձավճարները բարձրացնելու ժամանակ աշխատակիցներին խոստացել է, որ այն կտեւի վեց ամիս, ինչից հետո պայմանները կվերանայվեն: Բայց Վաղարշին չեն հավատում աշխատակիցները:
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ նախագահի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Համենայն դեպս, այս օրերին ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում էին, որ ԱԺ խոսնակի ամենահավանական թեկնածուն Գալուստ Սահակյանն է: Ավելին՝ ՀՀԿ-ականները խոստովանում էին, որ Գալուստ Սահակյանից բացի նրանք չունեն այլընտրանքային թեկնածու, իսկ եղած «նորմալ, գրագետ» մարդիկ էլ այդ պաշտոնի համար շատ երիտասարդ են: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնին, ապա այստեղ դեռեւս հստակ որոշում չկա: Ի դեպ, հայտնի է, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւս տեղափոխվելու է կառավարություն. այդ դեպքում նրա փոխարեն հանձնաժողովի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Թեեւ, չի բացառվում, որ Սահակյանը եւս գնա կառավարություն. այս օրերին նրա հետ կապված երկու տարբերակն էլ քննարկվում է: ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի՝ մանդատները վայր դնելուց հետո պատգամավոր դառնալու հերթը նախկին պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանինն ու Գագիկ Մելիքյանինն են:
ԱՐԳԱՄԻՉԸ ԿԱՐԴԱՐԱՑՆԻ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն, անդրադառնալով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից իր ունեցած սպասելիքներին, armlur.am-ին ասել է, թե համոզված է, որ Աբրահամյանը կյանքի կկոչի նախագահի հանձնարարականները. «Միանշանակ համոզված եմ, որովհետեւ Աբրահամյանն ունի անցած ճանապարհ, փորձ. որտեղ ինքն աշխատել է, իրեն արդարացրել է»: Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը, Լոռու մարզպետն ասել է. «Եթե իմ աշխատանքն ընդունելի է, բնականաբար, կաշխատեմ, իսկ եթե ընդունելի չլինի, ոչ մի ծանր բան չկա այդտեղ»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
«ՋՐԵՑԻՆ»` ԳՆԱՑ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տանը նախորդ տարի հունիսի 2-ին հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը NEWS.am-ին հայտնել է, որ գործի շրջանակներում միակ մեղադրյալն առայժմ Արտակ Բուդաղյանն է, ում մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵԼՔ ԿԳՏՆԻ
Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակմանը, Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Չարժի կանխավ գնահատել Հայաստանի նոր վարչապետին, պետք է սպասել, մինչեւ նա ծրագիր կներկայացնի ու կսկսի իրականացնել այն»: Արզումայնանը նաեւ կարծիք է հայտնել, որ Աբրահամյանն, ընդհանուր առմամբ, կոմպրոմիսների մարդ է, եւ հնարավոր է՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մինչեւ սեպտեմբերի 30-ը ելք գտնի:
«ԴԵՄ ԵՄ»-Ը ՏԱՐԱԾՎՈՒՄ Է
Ապրիլի 14-ից «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մեկնարկել է նոր «Դեմ եմ» համակարգի գործարկումը, որի նպատակն է ստեղծել միասնական քաղաքացիական համակարգ` ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերի առաջքաշման եւ նրանց խնդիրներով զբաղվելու նպատակով: Նախաձեռնող խմբեր կարող են կազմել աշխատանքային, ընկերական, քաղաքացիական, թաղային, համայնքային, կուսակցական, գյուղական կոլեկտիվները: