ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԵՎՍ 300-400 ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հրապարակած փաստաթղթերից հերթականը պատմում է ՀՅԴ ղեկավար կազմի ու ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հանդիպման մասին: 2008թ. դեկտեմբերի 11-ին կայացած հանդիպման վերաբերյալ փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Վերջինս հաղորդում է, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է դաշնակցականների կողմից, որոնցից զրույցին ներկա են գտնվել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհանիսյանը, Հրայր Կարապետյանն ու Կիրո Մանոյանը: Դեսպանը զեկուցագրում հաղորդում է հանդիպման մանրամասները, դաշնակցականների կարծիքներն ու պնդումները՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի կապակցությամբ:

Յովանովիչի փոխանցմամբ՝ Դաշնակցությունն «ունի բարդ եւ ներկայացուցչական ղեկավարման կառուցվածք: Բյուրոյի նախագահող Հրանտ Մարգարյանը, ով մռայլ համբավ ունի հայաստանյան շրջանակներում, ընդհանուր կարծիքի համաձայն՝ ՀՅԴ իրական ղեկավարն է ու ավագի կարգավիճակ ունի իր կոլեգաների մեջ: Այս ամենով հանդերձ՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը (2008թ. – հեղ.) պատկանում է Հրայր Կարապետյանին, իսկ խմբակցության ղեկավարը (2008թ. -հեղ.) Վահան Հովհաննիսյանն է, ով համարվում է ավելի հանրային գործիչ: Կանադահայ Կիրո Մանոյանը Բյուրոյի միջազգային քարտուղարն է, ինչը նշանակում է, որ նա է համակարգում ՀՅԴ հարաբերություններն ամբողջ աշխարհում»: Յովանովիչն արձանագրում է, որ ինքն ավելի վաղ ԱԺ-ում հանդիպել էր Վահան Հովհաննիսյանին, ով հասկացրել է, որ հանդիպման ցանկություն ունի անձամբ Հրանտ Մարգարյանը:
Զեկուցագրում տեսնում ենք, որ քննարկման «առյուծի բաժինը» պատկանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: «ՀՅԴ ղեկավարները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ իրականում ցանկությունը, Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու եւ բաց սահմանին հասնելու կապակցությամբ: Այսուհանդերձ, նրանք հստակ ասացին, որ չեն ընդունում Հայաստանի դիրքորոշման մեղմացումը: Դաշնակների կարծիքով՝ թուրքերը պիտի ընդունեն իրենց մեղքը հայկական կոտորածներում ու ճանաչեն ցեղասպանությունը»: Հ.Մարգարյանը նկատել է, որ թեպետ Հայաստանը կշահի Թուրքիայի հետ բաց սահման ունենալու դեպքում, բայց վերջին 15 տարին ապացուցել է, որ կարող ենք գոյատեւել նաեւ առանց դրա: «Եվ եթե պետք լինի, այսպես կարող ենք ապրել էլի 300-400 տարի»: Դե, իհարկե, պալատական խաղերում ու քաղաքական աճուրդներում հմտացած կուսակցության համար ինչ հոգ, որ երկիրը, կքած չլուծված հակամարտության բեռի տակ, դատարկվում է, իսկ տնտեսությունը շնչելու հնարավորություն չունի:
Ինչեւէ. Մարգարյանի համոզմամբ՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալը ոչնչացնում է հայկական ազգային արժանապատվությունը՝ «Հայաստանի կառավարությունն իր օրակարգում Թուքիայից հողային պահանջներ դեռ չունի: Այսուհանդերձ, մենք չենք կարող հաջորդ սերունդներին զրկել այդ իրավունքից»: Դաշնակցականը պնդել է, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական ցանկացած փորձ «սատանայական է ու նենգ, որը նպատակ ունի Հայաստանը ներքաշել անվերջանալի ու անօգուտ բանավեճերի մեջ եւ միջազգային հանրությանը ստիպել դադարեցնելու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Յովանովիչը հավելում է, որ «Մարգարյանն ու իր կոլեգաները անհնար համարեցին, որ թուրք ղեկավարներն իրականում քիչ կարող են իմանալ ցեղասպանության մասին եւ այսօրինակ հանձնաժողովը կարող է օգնել նրանց ընդունելու կատարված փաստը»:
Լիրիկային տուրք տալով՝ դաշնակցականները դեսպանին տեղեկացրել են, որ Էրդողանը ծագումով Համշենից է, որտեղի հայերը, ըստ բանախոսների, հարկադրաբար իսլամացվել են դեռեւս 17-րդ դարում՝ «անհնար է, որ թուրք ղեկավարները չտիրապետեն հայկական կոտորածների մասին իրականությանը»: ՀՅԴ-ականները հայտնել են, որ Էրդողանի ու թուրքական կառավարության համար լավագույն քայլը կարող է լինել այն, որ ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը: Մարգարյանը ասել է, որ ԱՄՆ ճանաչումը կօգնի Թուրքիային ավելի բաց խոսել այս խնդրի մասին եւ դեմքով շրջվել դեպի սեփական անցյալը: Նրա պնդմամբ՝ «սա կլինի արագ ու պարզ լուծում հայ-թուրքական 100-ամյա հակամարտության լուծման համար»: Գերմանիայում թուրքերի կյանքը դժոխքի վերածելու առաքելությամբ դեսպան դարձած Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ «ոչ մի վատ բան չի կարող պատահել, եթե ԱՄՆ-ն ճանաչի ցեղասպանության փաստը»:
Ամերիկացի դիվանագետը հարկադրված է եղել նկատելու, որ ամերիկյան փորձագետների պնդումների համաձայն՝ եթե ԱՄՆ-ն ճանաչի ցեղասպանությունը, դա ոչ միայն ոչնչով չի օգնելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, այլեւ կարող է խաթարել թե՛ թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացքը, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Օտար պետություններին իրենց իսկ շահերը բացատրելու զորիբալայանական գործելակերպին տուրք տալով՝ դաշնակները չեն նահանջել իրենց պնդումներից եւ շարունակել են կրկնել, որ ցեղասպանության ճանաչումը կարող է լուծել բոլոր խնդիրները: Հատկանշական է, որ այս հանգամանքը գրավել է նաեւ դեսպանի ուշադրությունը եւ նա զեկուցագրում հատուկ շեշտադրությամբ է ներկայացրել դաշնակների վստահ պնդումներն ու հեռակա խորհուրդները՝ ուղղված ամերիկյան ու թուրքական կառավարություններին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՋՐԱԳՆԴԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԶԱՐԳԱՆԱԼ

Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանը, ֆեդերացիան պետբյուջեից որեւէ աջակցություն չի ստանում։ Այդ հարցով բազմիցս դիմել են համապատասխան ատյաններին, սակայն ստացել են բացասական պատասխան։

Մեր զրուցակիցը պատմեց, որ նախագահ է ընտրվել 2011-ին՝ փոխարինելով 2010-ին ընտրված նախագահին, ով բազմաթիվ խոստումներ էր տվել, սակայն դրանք չէր կատարել, եւ ֆեդերացիայի անդամները, վետերանները մեկ տարի անց նոր ընտրություն էին կատարել։ Նախկին նախագահը, սակայն, հրաժարվել է հանձնել կնիքը, փաստաթղթերը, իրենք պաշտոնական գրություններ են ուղարկել տարբեր ատյաններ, ցանկացել են դիմել դատարան… «Որոշեցինք ֆեդերացիայի անունը փոխել հայերեն դաշնություն բառով։ Եվ հենց դաշնությունն է պաշտոնապես ճանաչված ե՛ւ ՀԱՕԿ-ի, ե՛ւ ՄՕԿ-ի կողմից։ Ջրագնդակի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՆԱ-ի կողմից էլ ամեն տարի լույս տեսնող գրքերում, ամսագրերում իմ, մեր դաշնության քարտուղարի նկարն է զետեղված. նրանք էլ մեզ են ճանաչում»,- ասաց մեր զրուցակիցը։
Ջրագնդակի հայկական դաշնությունն այս ընթացքում անցկացրել է հանրապետական մրցաշարեր, իսկ Բաթումում միջազգային մրցաշարում մեր հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը։ «Վրաստանի հավաքականն ամբողջ տարին պարապում է, ֆեդերացիայի բյուջեն կես միլիոն դոլար է, մյուս երկրներինը՝ ավելի շատ, բայց 1 տարի պարապելուց հետո մեր հավաքականը կարողացավ լավ հանդես գալ։ Հավաքականը մարզում է Բենիամին Սիմոնյանը, ով 10 տարուց ավելի եղել է Մալայզիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Հայկական ջրագնդակը ԽՍՀՄ-ում ճանաչված է եղել, ունեցել ենք հավաքականի մարզիչներ, խաղացողներ։ Այն ժամանակ ջրագնդակ պարապում էին միայն Երեւանում, Չարենցավանում, իսկ մեր նպատակն ամբողջ Հայաստանում ջրագնդակի զարգացումն է։ Ստեղծեցինք խումբ, եղանք տարբեր մարզերում, եւ Վանաձորում ու Գյումրիում արդեն երկու տարի գործում են ջրագնդակի երկուական թիմեր, որոնք մասնակցում են նաեւ Հայաստանի առաջնությանը։ Կան խաղացողներ, ովքեր ընդգրկվելու են նաեւ հավաքականում։ Վանաձորում աշխատում է վաստակաշատ մասնագետ Ռոբերտ Պապոյանը, ով նաեւ իմ մարզիչն է եղել։ Նրա խնդիրներն ավելի շատ են. մայրաքաղաքից է, բայց աշխատում է Վանաձորում։ Գյումրիում տեղացի լողի մարզիչ է, ով վերապատրաստվեց որպես ջրագնդակի մարզիչ»։
Դաշնությունը թիմերին օգնել է ջրագնդակի դարպասներով, ցանցերով, գնդակներով։ Մեկ տարի առաջ էլ ՀԱՕԿ-ի միջոցով դիմել է ՄՕԿ, ուղարկել են համապատասխան մասնագետ ՖԻՆԱ-ից, ով 1 տարվա ընթացքում 3 անգամ 10-ական օրով եկել է, անցկացրել պարապմունքներ, մրցումներ, եւ վարպետության դասեր. «Վերջերս մեր մարզիչներն անցան որակավորման դասընթացներ, ստացան սերտիֆիկատներ եւ կարող են ջրագնդակի մարզիչ աշխատել աշխարհի ցանկացած երկրում»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա մարտի 7-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Նա այդ օրը հովվություն էր արել եւ հնարավոր է, որ թանձր մառախուղի պատճառով էր հատել Ադրբեջանի սահմանը: Սակայն փաստ է, որ ոչխարները ադրբեջանցիների ձեռքը չեն ընկել: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ապրիլի 10-ի ցերեկը Արսեն Խոջոյանը վերադարձվեց Հայաստան: Հայրենիքում Խոջոյանը բժշկական զննության ենթարկվեց Իջեւանի բժշկական կենտրոնում ու Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Նրա մոտ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել:
Արդեն 3 օր է, ինչ Արսենը վերադարձել է հայրենի գյուղ: Բերդի տարածաշրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ Արսենը Ադրբեջանում հայտնվելու օրը, առավոտյան տանը վեճ է ունեցել եւ իր մորն ասել է, թե Ադրբեջան է գնալու: Մայրն էլ նրան նախատել է, որ նման հիմարություն չանի: Համաձայն նույն խոսակցությունների՝ Արսենը զանգահարել է սիրած աղջկան եւ ասել, որ գնալու է Ադրբեջան: Նաեւ տեղեկություններ կան, որ ընտանեկան վեճի պատճառը եղել են մեծ պարտքերը: Արսեն Խոջոյանի ընտանիքը բազմանդամ է եւ սոցիալապես անապահով. այդ ընտանիքում յոթ զավակ կա:
Ա. Խոջոյանի հետ կապված այս պատմությունը բազում հարցականներ է առաջացնում: Բարեբախտաբար, Ադրբեջանում Արսենին չեն տանջել, նա առողջական խնդիրներ չունի: Հիշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նույն՝ Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ, հոգեկան շեղումներ ունեցող Մամիկոն Խոջոյանին ներկայացրին որպես հայ «բոյեվիկ»։ Նրանք անգթորեն տանջել էին հոգեկան շեղումներ ունեցող ծերունուն, կրակել նրա թեւին եւ այլն: Այս դեպքում, սակայն, ընդամենը 2 տարի առաջ պայմանագրային զինծառայող հանդիսացող, 22-ամյա Արսեն Խոջոյանին ազերիները նման մեղադրանք չեն ներկայացրել, նրան ֆիզիկապես չեն տանջել: Մեր տեղեկություններով՝ Արսենի եղբայրներից մեկն այժմ պայմանագրային զինծառայող է: Ադրբեջանցիներին չի՞ հետաքրքրել սահմանագծում մեր պաշտպանական դիրքերի հետ կապված տեղեկատվությունը:
Ադրբեջանի տարածքում Արսեն Խոջոյանի հայտնվելու հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար ապրիլի 14-ին զանգահարեցինք Արսեն Խոջոյանի մորը՝ տիկին Սվետային: Նա լսելով, որ իր հետ լրագրող է խոսում, հայտնեց, որ Արսենը տանը չէ, եւ հեռախոսը փոխանցեց Արսենի եղբորը, ով ներկայացավ որպես Արկո: Նրան հարցրինք՝ արդյոք իրենց ընտանիքը պարտքեր ունի՞ եւ ինչպե՞ս է Արսենը հայտնվել Ադրբեջանում: Այդ հարցերը լսելով՝ Արսենի եղբայրը զայրացավ եւ պահանջեց այլեւս չզանգահարել: Հուսանք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լույս կսփռի այս մութ պատմության վրա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս