Ո՞ՒՐ ԷԻՆ ԿՈՐԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հավկիթ ներմուծող ընկերությունների մատակարարներին հանձնարարված է եղել խանութներին ձվի հետ միասին տրամադրել նաեւ հայերեն լեզվով տեղակատվական թերթիկներ, որոնց միջոցով սպառողը պետք է իրազեկվեր ձվի արտադրության եւ պիտանելիության ժամկետների մասին:

-Պարոն Ղուլյան, ժամանակին մեր հանրապետությունը ձվի գերարտադրող էր: Դեռ նախորդ տարի, երբ Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունները դժվարանում էին բավարարել ձվի շուկայի պահանջարկը, մեծ խմբաքանակով ձու ներկրվեց: Սակայն նույն` ձու արտադրող ընկերությունները նախորդ տարի նոյեմբեր ամսին վստահեցրեցին, որ իրենք կարող են բավարարել Հայաստանի ներքին շուկան եւ պետք չէ ձու ներկրել: Ինչու այս ամենից հետո նորից շարունակվեց ձվի ներկրումը, այն էլ՝ այդքան մեծ քանակությամբ:
-Դա բիզնես է, որտեղ պետական մարմինը, այդ թվում նաեւ Ծառայությունը իրավունք չունի միջամտել: Եթե սննդամթերքը վտանգավոր չէ, այս պարագայում մենք ոչ մի լիազորություն չունենք, որ թույլ չտանք ներկրել այն: Բացի այդ, ներկրված արտադրանքի գինը կարող է ավելի ցածր լինել, քան տեղականինը: Դա ներքին մրցակցություն է եւ այս առումով ոչինչ չեմ կարող ասել: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ այս պահին ներքին շուկայում միայն հայաստանյան ձու արտադրողներն են:
-Իսկ սահմանում ձվի ներկրման ժամանակ ո՞րն է ՍԱՊԾ-ի դերը:
-Թե՛ ձվի, թե՛ ընդհանրապես սննդամթերքի ներկրման հետ կապված մեր տեսուչների կողմից սկզբնական շրջանում փաստաթղթերի հսկողություն է իրականացվում, որը որ կառավարության համապատասխան որոշումով հստակ տրված է: Անվտանգությունը հավաստող տվյալ փաստաթղթերի առկայությամբ առանց լաբորատոր փորձաքննության պետք է թույլ տալ տվյալ բեռի ներմուծումը: Իսկ եթե փաստաթղթերում ինչ-որ բան պակասում է, ապա անմիջապես այն տեղում ենթարկվում է լաբորատոր փորձաքննության: Հավկիթի ներկրված բոլոր խմբաքանակները տեղում ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, ինչից հետո, եթե խմբաքանակը համապատասխանել է պահանջված նորմերին, նոր թույլ ենք տվել, որ այն ներմուծվի ՀՀ-ի տարածք:
-Մակնշման հետ կապված ի՞նչ կասեք: Ո՞վ է մակնշումն անում: Ո՞ւմ իրավասությունների շրջանակում է գործընթացի վերահսկողությունը:
-Մակնշումը պետք է անի արտադրողը: Տվյալ դեպքում ներկրողը պետք է արդեն մակնշված ներկրի: Ներկրողը չի կարող հավկիթի վրա մակնշում անել: Ինչ վերաբերում է Ուկրաինայից ներկրված հավկիթների ժամկետներին, ապա ասեմ, որ դա նորմալ է համարվում. իրենց տեխնիկական կանոնակարգով ձուն 60 օր պիտանելիության ժամկետ ունի:
-Պարոն Ղուլյան, եթե Դուք հենց սահմանի վրա տեսել եք, որ ներկրվող հավկիթի վրա մակնշված է ձվի 60 կամ 90 օր պիտանելիության ժամկետ, այդ դեպքում ինչպե՞ս եք թույլ տվել, որ նման հավկիթը մտնի ՀՀ: Չէ՞ որ մեր տեխնիկական կանոնակարգով ձուն 25 օր խանութում մնալուց հետո համարվում է ժամկետանց:
-Մենք ենթարկել ենք այն լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում արձանագրել ենք, որ ամեն ինչ նորմալ է եւ համապատասխանում է պահանջներին: Իսկ տնտեսվարողին ստիպել ենք, որպեսզի մատակարարը պարտադիր հայերեն լեզվով տեղեկատվական թերթիկներ տեղադրի հավկիթների հետ եւ հատկացնի խանութներին: Այդպես պետք է սպառողին իրազեկեն: Իսկ ներմուծող տնտեսվարողը կատարել է այդ պահանջները: Մենք 4860 հատիկ ձու հայտնաբերեցինք, որից մոտ 320 հատիկն էր եղել վաճառքի շուկայում, իսկ մնացածը ներմուծողների մոտ էր: Հենց այս խնդիրն է եղել. ներմուծողը կատարել է իրենից պահանջվածը, իսկ խանութները՝ ոչ:
-Պարոն Ղուլյան, ինչո՞ւ ներկրողը չի փոխում մակնշումը:
-Մենք իրավունք չունենք մակնշումը ջնջելու: Տեղեկատվական թերթիկներով ձուն պետք է տրվեր խանութներին: Մատակարարին ստիպել ենք շուկա հանել միայն տեղեկատվական թերթիկներով: Եվ գիտե՞ք, թե որտեղ են հայտնաբերվել այդ թերի մակնշված եւ ժամկետանց հավկիթները, որոնք չեն ունեցել տեղեկատվական թերթիկներ: Հատավաճառների մոտ:
-Լավ, ներմուծողն արել է իր պարտավորությունը: Իսկ Դուք չե՞ք վերահսկել կամ ստուգումներ չե՞ք անցկացրել խանութներում պարզելու՝ կայի՞ն այդ տեղեկատվական թերթիկները, թե՞ ոչ:
-Իհարկե, ստուգել ենք: ՀՀ-ում ունենք մոտ 2 հազար խանութ, իսկ հիմա խոսում ենք ընդամենը մեկ, երկու, երեք դեպքի մասին: Այս պարագայում վաճառողը մատակարարից վերցրել է ձուն, ինչից հետո պատշաճ չի կազմակերպել իր վաճառքը, ինքը պետք է 25 օրը լրանալուց հետո ոչնչացրած լիներ հավկիթները:
-Ի վերջո, պարոն Ղուլյան, ո՞ւմ բացթողումն էր, որ ժամկետանց հավկիթը հասավ մարզեր:
-Ժամկետանց հավկիթը չի հասել մարզեր: Դա, անկախ այն բանից՝ մարզերում է, թե Երեւանում, կարող է շարունակել վաճառվել մի անփութությունից, այսինքն՝ իր մոտ 25 օրվա ընթացքում չվաճառվի, բայց մնա խանութում ու ավելի ուշ վաճառվի: Դա է խնդիրը:
-Պատժվե՞լ են օրինախախտ տնտեսվարողները, թե՞ ոչ:
-Պատժվել են. խմբաքանակը ոչնչացվել է: Սա արդեն պատիժ է: Ի դեպ, առաջիկայում ձվի շուկայում նոր դիտարկումներ են սպասվում: Սուրբ Զատկին ընդառաջ` ձվի շուկայում ավելի ուժեղացված ուսումնասիրություններ են լինելու:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԷՏՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋ ԾԱՌԵՐԸ
Ամեն տարի վաղ գարնանը եւ ուշ աշնանը Հրազդան քաղաքում էտման աշխատանքներ են իրականացվում, ինչպես փողոցների մայթեզրերի հատվածներում, այնպես էլ՝ բակային տարածքներում:
Կախված ծառատեսակից՝ յուրաքանչյուր էտ կատարվում է ագրոպահանջներին համապատասխան՝ ապահովվելով ծառերի բնականոն աճը: Իսկ Հրազդան քաղաքի որոշ հատվածներում, այսպես կոչված, էտված ծառերը նման են հենասյուների:
Հրազդանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ մի քանի օրից կրկին կսկսվեն էտման աշխատանքները: Համատիրության նախագահներն արդեն ներկայացրել են տեղեկանքներ, թե որ տեղերում կան ծառեր, որոնք վտանգ են ներկայացնում, խոչընդոտ հանդիսանում արտաքին լուսավորությանը, ավելորդ ստվեր գցում բնակարանների պատուհաններին:
Սակայն այսօր հրազդանցիներից շատերին հուզում է այն հարցը, որ Հրազդանում օդի աղտոտվածությունը մեծ է եւ քաղաքին կանաչապատ տարածքներ շատ է հարկավոր: Մեր հարցին՝ արդյոք ճիշտ են էտվում ծառերը, բնակիչներից ոմանք պատասխանեցին. «Մեզ մոտ ծառերն էտվում են անխտիր. կտրում են շատ խորքից, ծառ կա, որ պետք է հատել, ծառ կա՝ անհրաժեշտ չէ հատել: Մի քանիսն էլ արդարացված համարեցին ծառերի նմանատիպ էտումը, քանի որ ծառերի տերեւները ծածկում են փողոցները, իսկ մաքրող չկա, գոնե սա ելք է: Եվս մեկ փաստ. գարնանը եւ աշնանը կրով ծառերի սպիտակեցում է կատարվում, այնուհետեւ պարբերաբար սրսկվում՝ միջատասպան նյութերով, քանի որ քաղաքային պայմաններում պետք է կիրառվեն կենսաբանորեն անվտանգ քիմիկատներ, իսկ այս ուղղությամբ Հրազդանում քայլեր չեն ձեռնարկվում:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան




Լրահոս