Armenian text to speach

ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինչ Երեւանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոսում էր Հայաստանում անցկացված ԱԺ «բաց ու մրցակցային» ընտրությունների, ժողովրդավարության ոլորտում Սերժ Սարգսյանի ձեռքբերումների մասին, արեւմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Freedom House-ը, իր զեկույցում բոլորովին այլ գնահատականներ է տվել:
«Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող  պետությունների շարքում»,-ասված է Freedom House-ի՝ «Պետություններն անցումային շրջանում» անունը կրող զեկույցում: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն, Freedom House-ը հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությանը, ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության վիճակին, նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերին: Պետությունները գնահատվել են 7-բալանոց սանդղակով, որտեղ 1 միավորը համապատասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ 7 միավորը նշանակում է, որ տվյալ պետությունն ավտորիտար է: Ըստ այդմ՝ Հայաստանը ստացել է 5.39 միավոր: Ի դեպ, նշենք, որ հարեւան Վրաստանն անհամեմատ լավ վիճակում է եւ զեկույցում անցումային տիպի պետությունների խմբում է: Իսկ Ադրբեջանն իր ժողովրդավարության մակարդակով ավելի վատ վիճակում է, քան Հայաստանը: Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը, համաձայն  Freedom House-ի, ավտորիտար են:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ առանձին ոլորտներին: Ըստ այդմ՝ ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը 5.75 է, ինչն անգամ ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում: Լրատվամիջոցների անկախության առումով իրավիճակը եւս մխիթարական չէ. այստեղ Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ Տաջիկստանը: Ամենաբարվոք ցուցանիշն արձանագրվել է քաղաքացիական հասարակության կայացման ոլորտում, որտեղ Հայաստանի արձանագրած առաջընթացը համադրելի է Վրաստանի եւ բալկանյան մի շարք պետությունների հետ:

Ա. ԳԱԼՈՅԱՆ



Լրահոս