ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԿՈՆԿՐԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային կինոյի «Հայակ-2014» մրցանակաբաշխության 15 անվանակարգերի համար ներկայացված 52 ֆիլմից վերջերս մրցութային հանձնաժողովն առաջին փուլի քվեարկության արդյունքում ընտրել է մրցույթի հավակնորդներին։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը չցանկացավ ներկայացված աշխատանքներից առանձնացնել որեւէ մեկը, քանի որ, ըստ նրա, «որեւէ կինոնկարի հիշատակում կամ մեկ այլ կինոնկարի հիշատակում կարող է ներկայացվել որպես ճնշում եւ կարծիքի պարտադրում»։

-Ցավոք սրտի, Ձեր հարցին ամբողջական ծավալով կարող եմ պատասխանել միայն պարգեւատրման արարողությունից հետո: Ինչպես հասկանում եք, բնության մեջ բացարձակ օբյեկտիվություն գոյություն չունի, սակայն, այնուամենայնիվ, գաղտնի քվեարկությունը, որին մենք դիմում ենք այս դեպքում, ունի իր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը: Այո՛, երբեմն լինում են տարօրինակ որոշումներ, երբեմն` զարմանալի, բայց, ցավոք, դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ։ Բացարձակապես անհայտ լինելու սկզբունքը շատ կարեւոր է, բայց մեր նպատակը մեկն է` եղածներից ընտրել արժանիներին: Այո՛, երբեմն դա անելը դժվար է լինում, եւ ընտրությունն էլ մեծ չէ: Բարեբախտաբար, կան հետաքրքիր աշխատանքներ, բայց դրանք, ինչպես ամենայն լավը, շատ չեն լինում:
-Ի՞նչ միտումներ են նկատվում այդ աշխատանքներում։
-Շատ է խոսվում հայկական կինո թարմ արյան հոսքի մասին, եւ դա ճիշտ է: Որովհետեւ դա նոր հայացք է, ժամանակի նոր ըմբռնում, որի մեջ ապրում ենք, ու նաեւ այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում: Այդ իսկ պատճառով ինձ շատ է ուրախացնում, որ ներկայացված ցուցակներում հայտնի կինեմատոգրաֆիստների կողքին հանկարծ հայտնվում են բոլորին անհայտ երիտասարդ կինեմատոգրաֆիստների, դերասանների, օպերատորների անուններ: Քվեարկության սկզբունքը, իմ պատկերացմամբ, բացառում է համակրանքը որեւէ մեկի նկատմամբ՝ նրա նախկին ծառայությունների կամ անվանի լինելու համար։ Գնահատվում է միայն ու միայն կոնկրետ աշխատանքը: Բնական է, մենք բոլորս ճանաչում ենք միմյանց, եւ նեղանալու գործոնը չի բացառվում, բայց ցանկացած սկսնակ կինեմատոգրաֆիստ, նկարահանելով լավ կինոնկար, կարող է ներկայացվել ինչ-որ անվանակարգում։ Եվ ինձ համար ընդունելի չեն այն խոսակցությունները, թե ով է նա, որ հայտնվի ցուցակում (շորթ-լիստում): Ասացեք` ինչպե՞ս այլ կերպ կարելի է փոխել այս «պրակատային» ժանրային միօրինակությունը: Ցանկացած մրցանակ գաղափարախոսություն է: Եվ հենց դա է մեր մոտեցման գաղափարախոսությունը: Միայն այդպես «Հայակ»-ը կարող է ձեռք բերել կշիռ, հարգանք եւ օժանդակել ազգային կինեմատոգրաֆի զարգացմանը: Իսկ դա միակ բանն է, որ մտահոգում է ինձ: Եվ ուրիշների հաջողությանը նախանձողները (իսկ նման մարդիկ, ինչ մեղքներս թաքցնենք, կան արվեստի դաշտում) պետք է ամեն կերպ մեկուսացվեն նման մրցանակաբաշխությունների ժյուրիի աշխատանքից: Իսկ թե ինչ կլինի հետագայում, կապրենք-կտեսնենք:
-Ժյուրիի նախագահ լինելը չի՞ խանգարում Ձեր ստեղծագործական աշխատանքին:
-Այն ամենը, ինչը կապված չէ կինոյի հետ, բնականաբար, խանգարում է: Բայց ես համոզված եմ, որ դա կարեւոր աշխատանք է: Բոլորը հասկանում են, որ այսպես այլեւս չի կարելի: Որ մենք չենք կարող լինել համաշխարհային կոնտեքստից դուրս: Որ բազմազանությունը ուժ է եւ ոչ թե թուլություն: Որ հեղինակի` սեփական գեղարվեստական կարծիք ունենալու իրավունքը արվեստի առարկայի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է: Եվ որ անհրաժեշտ է խրախուսել գեղարվեստական համարձակությունն ու կինեմատոգրաֆիական վարպետությունը: Եվ ամեն տարին լինում է տարբեր` ինչպես խաղողագործության մեջ: Իսկ «Հայակ»-ը միայն արձանագրում է` ինչպիսին է կինեմատոգրաֆիական տարին:

 

 

 

ՁՅԱՆ ՄԵՋ ԷԼ ԱՐԵՎՆ ԷՐ ՏԵՍՆՈՒՄ

Ապրիլի 10-ին՝ կյանքի 85-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր Սլավիկ Պարոնյանը:

Երկու տարի առաջ մեզ բախտ վիճակվեց զրուցել նկարչի հետ նրա արվեստանոցում։ Այդ օրերին նրան շնորհվել էր ժողովրդական նկարչի կոչում: Դա զարմանալիորեն տեղի էր ունեցել 83 տարեկան հասակում՝ չնայած նրա բազմաթիվ աշխատանքներ տեղ են գտել ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, անհատ անձանց հավաքածուներում: Երեւի նման ուշացման պատճառն այն էր, որ, ինչպես պատմեցին նրա հարազատները, կյանքում երբեք փառքի, պաշտոնի չի ձգտել։
Ս. Պարոնյանի՝ նկարիչ դառնալու գործում մեծ ազդեցություն են ունեցել նրա քույրը` Հայկանուշ Պարոնյանը, ով նույնպես նկարչուհի է, հարեւանները` Մարտիրոս Սարյանը, Ռաֆո Իսրայելյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը… Արվեստը, հատկապես նկարչությունը, ինչպես այն ժամանակ նշեց Սլավա Պարոնյանը, կարծես թմրանյութ լինի. սովորում ես ու կապվում վերջնականապես։ Ինչպես Մեծն Լոռեցին է ասում. «Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ եւ աչքի նման բարդ»: Դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք` արվեստանոցում դիտելով նկարչի գործերը: Նկարիչն իրեն երջանիկ է զգացել` շրջապատված լինելով մեծերով: «Բակում միասին նստելը, նույնիսկ ծիրան ուտելը, թեյ խմելը արվում էր սիրով. գերիշխողը սերն էր, բարեկամությունը, միմյանց օգնելու ցանկությունը, բարձր արվեստի հետ առնչվելը: Իսկ այսօր բոլորովին այլ արժեքներ են դարձել առաջնային»՝ համոզված էր նկարիչը։
Ինչ վերաբերում է Սլավա Պարոնյանի ստեղծագործական բռնկմանը, ապա նա, ինչպես նշեցին հարազատները, «ա-լյա-պրիմ է նկարում, այսինքն` վերցնում է կտավը, գնում նստում բնության մեջ եւ մի ծայրից սկսում ու ավարտում, որ պահպանվի նկարներին շրջապատող օդը, անմիջականությունը: Կտավը չի տանում տուն, վրան աշխատում, էսքիզ անում, մեծացնում, փոփոխություն կատարում… Նա ամենուր, նույնիսկ ձյան, փոքրիկ Մասիսների մեջ արեւն Է տեսնում»:

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԼԻԼՈՒԻ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Ապրիլի 13-ին կայացավ երգչուհի Լիլուի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: «Մի րոպե հետո» երգի հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսիորը՝ Արամայիս Հայրապետյանը: Լիլուին շնորհավորելու էին եկել ընկերները՝ Դիանա Շատվերյանը, Օլգա Այվազյանը, Մհերը, Լիանան, հարազատներն ու երկրպագուները:

 

ԳԻՆԻՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիացի սենատորները գյուղատնտեսության մասին օրենքի քննարկման ժամանակ միաձայն ընդունել են գինուն «երկրի մշակութային, գաստրոնոմիկ եւ լանդշաֆտային ժառանգության» կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: «Գինին եւ գինեգործությունը Ֆրանսիայի կենդանի ժառանգությունն են, դա երկրի մշակութային, գրական ժառանգության մի մասն է»՝ նշել է փոփոխության հեղինակ Ռոնալդ Կուրտոն: Իսկ «Le Parisien» պարբերականին տված հարցազրույցում սենատոր Ժերար Բային ասել է, որ գինին իրենց պատմության անբաժանելի մասն է, «դա ժառանգություն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ եւ նպաստել է մեր երկրի դրական իմիջի ձեւավորմանը»:

 

ՄՈՆՐՈՅԻ ԱԿԱՆՋՕՂԵՐԸ
Լոս Անջելեսում կայացած աճուրդում հոլիվուդյան կինոդերասանուհի Մերիլին Մոնրոյի ականջօղերը վաճառվել են 185.000 դոլարով: «Ջուլիենս» աճուրդի տան տվյալներով՝ դերասանուհին լեռնային բյուրեղապակիներով զարդարված ականջօղերը կրել է «The Rose Tattoo» ֆիլմում, 1955թ.: Գնորդի անունը չի նշվում:
Ի դեպ աճուրդում վաճառվել են նաեւ ամերիկացի դերասան Համֆրի Բոգարտի լապտերը՝ 19.200 դոլարով, եւ «Մալիբուի փրկարարները» ֆիլմում Դեւիդ Հասելհոֆի հերոսին պատկանող 1986թ. «Pontiac Firebird» ավտոմեքենան` 152.600 դոլարով:




Լրահոս