Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու: Եվ նա իր բարձրության վրա չէր գտնվի, եթե չհոգար, որ անդրանիկ նիստն անցնի PR էֆեկտներով: Այդ նպատակով կառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել անապահով ընտանիքներին մատակարարված գազի համար տրվող փոխհատուցման մասին կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պետք է փոխանցվի 115.7մլն դրամ գումար՝ բնակիչների հոգսը թեթեւացնելու համար: Հանուն ճշմարտության նշենք, որ այս որոշման մասին առաջին անգամ խոսվել էր դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, սակայն այն կյանքի կկոչվի արդեն Արգամիչի օրոք:
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացնելու եւ կհայտարարի, որ հրաժարվում է մաս կազմել իշխող կոալիցիային: Այդպես ՕԵԿ-ականները մտածում են, որ հնարավոր է ինքնամաքրվել: Երեկ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է իր իրերը հավաքել աշխատասենյակից: Իսկ թե ՕԵԿ-ից քանիսը նրա հետ կգնան ընդդիմադիր ճամբար, դժվար է ասել: Մեր տեղեկություններով՝ շատ պաշտոնյաներ կլքեն ՕԵԿ-ը: Սակայն ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարել է, թե իրենց չեն կարող մեղադրել գանձագողության մեջ: Այսպիսով՝ ՕԵԿ-ը 6 տարի շարունակ օգտվելով իշխանական կերակրատաշտից, հիմա փորձում է խուսափել պատասխանատվությունից: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ ճանապարհով է հարստացել Արթուր Բաղդասարյանը՝ 6 տարվա ընթացքում՝ դառնալով ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը: Թեեւ չի բացառվում, որ այս հայտարարություններով ՕԵԿ-ը փորձում է շանտաժ անել եւ հնարավորինս շատ պորտֆելներ պոկել ՀՀԿ-ից:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ ոչ իշխանական ուժերը կամ «հրաշալի քառյակ»-ն այսօր՝ ժամը 12.00-ին, խորհրդարանում կհանդիպի: 4 ուժերը որոշել են հստակեցնել անելիքները: Բանն այն է, որ նրանք տարբեր տեսակետներ են հայտնել իրենց հետագա գործողությունների մասով եւ անհասկանալի է՝ արդյոք 4 ուժերն ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու են, թե ոչ: Առայժմ հստակ է միայն ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռեւս լռում ու սպասում է ՀՀԿ-ին ներկայացրած իր 7 կետանոց պահանջի պատասխանին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այնտեղ եւս անորոշ վիճակ է, միայն հեռավոր պնդումներ են հնչում՝ կոալիցիայի մաս չկազմելու մասին: Դե, «Ժառանգության» տեսակետը, ըստ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի՝ պարզ կլինի այսօրվա նիստի ժամանակ: Վերջինս, «Ժողովուրդի»-ի հետ զրույցում նշեց, որ «Քառյակով կհանդիպենք, կքննարկենք ու կորոշենք: Ամեն հանդիպում հետաքրքիր զարգացումներ է բերում»:
Գոմեշի մսի գործով, կարելի է ասել, որ սայլն արդեն տեղից շարժվում է: Ժամանակին բավականին մեծ աղմուկ հանած այս բացահայտումից հետո բանակի բարձրաստիճան մի շարք զինվորականներ պաշտոնանկ եղան: Եվ ահա շուրջ երեք տարի բացահայտված այս գործով ներգրավված անձինք այսօր ծանոթանում են գործի նյութերին: «Ժողովուրդ»-ին այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը. «Քրեական գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Ապրիլի 11-ից կայացվել է որոշում, որ գան եւ ծանոթանան գործի նյութերին»: Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, եւ զորամասերին գոմեշի միս մատակարարելու համար հարուցվել էր քր.գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն): Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս գործից հետո պաշտոնանկ եղած ԶՈՒ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը վերջերս նշանակվել է նախարար Ս. Օհանյանի խորհրդական:
ԱՆԻՐԱՎԻՃԱԿ
Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող վերջին վերաձեւումներն առավել տեսանելի են դարձնում այն իրողությունը, որ մեր երկրում քաղաքական դաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի: Կան տարբեր խմբակային շահերի շուրջ համախմբված ուժեր, որոնք էլ գրեթե առանց բացառության, համակարգվում են մեկ կենտրոնից` Բաղրամյան 26 -ից:
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ անցած վեց տարիներին Հանրապետական կուսակցության հետ իշխանական կոալիցիայի քաղցր պտուղները հաճույքով վայելող «Օրինաց երկիր» կուսակցությունը մեկեն որոշել է դուրս գալ կոալիցիայից եւ անցնել հակառակ` ընդդիմադիր ճամբար: Ինչ խոսք` մեկ օրում արմատական ընդդիմությունից իշխանական ճամբար ցատկած ուժի համար հակառակն անելը եւս չպետք է որ դժվար լիներ: Խնդիրն այն է, սակայն, որ դրա համար ՕԵԿ-ին եւ դրա ղեկավար Արթուր Բաղդասարյանին իշխանությունները պետք է որ լրջորեն նեղացրած լինեին, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2006թ-ին, երբ այն ժամանակ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը որակեց որպես ազգի դավաճան` օտարերկրյա դիվանագետների հետ ՀՀ իշխանությունների մասին ոչ թույլատրելի քննարկումներ ունենալու համար: Հիմա, սակայն, ՕԵԿ-ին որեւէ թթու խոսք չի ասվում, նրանց նախարարական պորտֆելները որեւէ մեկը չի վերցնում, Արթուր Բաղդասարյանից էլ ԱԱԽՔ-ի կոչումը կարծես թե չեն խլում: Այդ դեպքում ինչում է խնդիրը, ինչու է ՕԵԿ-ը որոշել մեկեն ընդդիմադիրանալ, եւ այդ ինչ «իրավիճակ է փոխվել», որի մասին երեկ ողջ օրը կիսախորհրդավոր հայտարարություններ էին անում ՕԵԿ-ականները:
Իրականում պարզից էլ պարզ է, որ որեւէ իրավիճակ չի փոխվել, եւ ընդդիմություն դառնալու մասին ՕԵԿ-ի սպառնալիքային հայտարարություններն ընդամենը նպատակ ունեն խմբագրումներ կատարել ոչ իշխանական քառյակի, եւ մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրերում` ստիպելով վերջինիս վերանայել իր դիրքորոշումը իշխանափոխության ձգտող ՀԱԿ-ի հետ համագործակցության մասով: Թերեւս ավելորդ է հիշատակել, որ ՕԵԿ-ի այդ քայլը ծրագրված է այդ կուսակցության «կնքահոր»` Սերժ Սարգսյանի նստավայրում:
Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետի պաշտոնում` իրականում Սերժ Սարգսյանը ուներ եւ ունի մեկ նպատակ` վերջնականաապես վերահսկելի դարձնել «Բարգավաճ Հայաստան»-ը: Սակայն քանի որ առայժմ ԲՀԿ առաջնորդը տեղի չի տալիս, կամ էլ Աբրահամյանը բավարար ջանքեր չի գործադրում` խնամուն համոզելու համար, գործարկվում է նորանշանակ կառավարության ծրագիրը ԱԺ-ում տապալելու սպառնալիքը. չմոռանանք, որ առանց ՕԵԿ-ի ձայների ՀՀԿ-ն չի կարողանա ԱԺ-ում հաստատել կառավարության ծրագիրը: Դե, իսկ եթե ԲՀԿ-ն միեւնույն է` տեղի չտա, ՕԵԿ-ին իշխանական կոալիցիայում կփոխարինի ՀՅԴ-ն: Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը այլ` անսպասելի կոմբինացիաներ չգործարկի եւ Հայաստանն իր 13-րդ վարչապետին ռեկորդային արագությամբ հրաժեշտ չտա: