ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄՈՒԹ ՊԱԴՎԱԼՆԵՐՈՒՄ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐ» ՀՈՐԻՆՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երբ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ է իր համար նախատեսվում նոր կառավարությունում, այսպիսի պատասխան տվեց. «24-ժամյա աշխատասիրություն եւ չափավորելու կարիք ունեցող պատասխանատվություն»:

-Պարոն Ասրյան, Հայաստանի քաղաքական դաշտում Դուք համարվում եք կոշտ եւ սկզբունքային դիրքորոշում ունեցող բաց գործիչ: Ո՞րն է Ձեր եւ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գնահատականը Հայաստանի նոր վարչապետի նշանակման հարցում:
-Նախ՝ կոշտ եւ կոպիտ ասողի խոսքը միանշանակ ճշմարտությունն է, որից ոչ ոք չի կարող փախչել: Իսկ սկզբունքային դիրքորոշում ունեցող եւ բացեիբաց հայտարարող պետական եւ քաղաքական գործիչները բոլոր ժամանակներում էլ իրենց ազնվությամբ, աշխատասիրությամբ նպաստել են հայոց պետականության կայացման եւ զարգացման գործընթացներին: Սա՝ ի գիտություն բոլորին:
Ինչ վերաբերում է իմ եւ բազմահազարանոց «Հայոց Արծիվներ»-ի գնահատականին՝ Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցում՝ միանշանակ դրական է: Ինչո՞ւ: Նախ՝ բազմիցս նշել եմ, որ ինքս եւ «Հայոց Արծիվներ»-ը, լինելով հայրենասեր, պետականամետ, ապրելով եւ առաջնորդվելով «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց նախագահ» եռամիասնության արժեքային համակարգով, մեզ համար երբեք քննարկելի չեն եղել հայոց նախագահ Սերժ Սարգսյանի որոշումները, առավել եւս, որ այն ուղղված է բարձր կառավարման համակարգին: Ավելին՝ վերջին յոթ տարիներին Հայաստանում տեղի ունեցած համապետական չորս ընտրությունների ընթացքում բազմիցս շփվել եւ առնչվել եմ Հովիկ Աբրահամյանի հետ ու ծանոթ եմ նրա գործունեությանը եւ վստահ եմ, որ այս ժամանակահատվածում ի հայտ եկող գրեթե բոլոր մարտահրավերներին, բոլոր խնդիրներին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր անցած փորձառու ճանապարհով, իր աշխատասիրությամբ եւ պատասխանատվությամբ, հայոց նախագահի ու հայրենատեր քաղաքացիների աջակցությամբ տալու է շոշափելի լուծումներ եւ հստակ պատասխաններ:
-Ո՞ւմ եք տեսնում Հայաստանի ապագա կառավարությունում:
-Եթե կարճ ասեմ, լավագույններին, այսինքն՝ ազնիվներին, աշխատասերներին, փորձառուներին: Բայց ինքս, որպես անցած 25 տարիների ընթացքում հայրենասիրական եւ հասարակական դաշտում հայրենանվեր ու մեծածավալ աշխատանք իրականացնող քաղաքացու եւ վերջին 7 տարիների ընթացքում պետական կառավարման համակարգում տարեցտարի բարձր արդյունքներ արձանագրած պաշտոնյայի, լավագույնների շարքին միանշանակ դասում եմ հայոց նորագույն պատմության պատմական կերպարներից մեկին՝ արցախյան հերոսամարտ հաղթանակած, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, ում, ի դեպ, սրտանց շնորհավորում եմ պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, եւ Հայաստանի ներքին անվտանգության՝ ոստիկանության համակարգում մեծագույն եւ շոշափելի, անշրջելի բարեփոխումներ իրականացնող, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:
Նշածս անհատներին ես դասում եմ լավագույնների շարքին, հատկապես նրանց կողմից հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար:
-Ըստ Ձեզ՝ նոր ձեւավորվող կառավարությունում կլինե՞ն նոր դեմքեր, կամ ո՞ւմ կցանկանայիք տեսնել նոր կառավարությունում:
-Ըստ իս՝ Ձեր հարցը շատ պրովոկացիոն է, բայց ես կպատասխանեմ: Նախ՝ բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ նոր կառավարության ձեւավորման եւ հաստատման հարցը բացառապես հայոց նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի վարչապետի իրավասություններն են: Այս հարցի շուրջ հնչեցվող բոլոր կարծիքները, այդ թվում նաեւ իմը, զուտ անձնական ցանկություններ են, սակայն ի տարբերություն շատ շատերի, որոնց ցանկությունները կարող են անձնական շահադիտական նպատակներ հետապնդել, իմ ցանկությունները հանուն մեծ եւ հզոր Հայաստան կերտելուն են ուղղված: Վերջին 7 տարիների ընթացքում գործնական շփումներ ունենալով պրոֆեսիոնալ շատ գործիչների, այդ թվում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ՝ հատկապես Հայաստանի վերջին 4 համապետական ընտրությունների ընթացքում, բազմիցս համոզվել եմ, որ շատ երիտասարդ տարիքում պետական կառավարման համակարգում մեծագույն պատասխանատվություն կրած, հայոց պետականության օրենսդիր մարմնում փորձառու եւ գրեթե անթերի քաղաքական գործունեություն ծավալած, հայրենի ընտրական համակարգում ժողովրդավարության կայացման գործում կարեւոր դերակատարում ունեցած Դավիթ Հարությունյանն իր տեսակով կարող է նոր թափ հաղորդել Հայաստանի նոր կառավարության գործունեության առաջընթացին՝ նշանակվելով կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնում:
-Պարոն Ասրյան, չափից դուրս համարձակ եւ անձնավորած դիրքորոշում չե՞ք հայտնում:
-Ավելի քան վստահ եմ, որ ավարտվել են մութ պադվալներում «մուտիլովկաներ» հորինող եւ տարբեր կաբինետներում, տարբեր շրջապատներում այն արտահանող ստրուկների անփառունակ գործողությունների ժամանակը: Եկել է աչքերի մեջ նայելու եւ եզակի ճշմարտությունն ասելու ժամանակը:
-Պարոն Ասրյան, իսկ Ձեզ համար ի՞նչ է նախատեսվում նոր կառավարությունում:
-24 ժամյա աշխատասիրություն եւ չափավորելու կարիք ունեցող պատասխանատվություն:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՎ ԼՈՒԾՎԵՑ ԱՌՕՐԵԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Armlur.am-ն այսօրեական մի քանի հարցերի շուրջ զրուցել է ՆԺԿ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ:

-Պարոն Կարապետյան, քաղաքական ի՞նչ դրդապատճառներով էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, շախմատային ի՞նչ քայլ արեց սրանով Սերժ Սարգսյանը:
-Հովիկ Աբրահամյանի նշանակումն ուրույն նշանակում է: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իշխանության իր դեմքը: Իշխանության ուրույն դեմքը Հովիկ Աբրահամյանն է: Վարչապետի պաշտոնում նրա նշանակման դրդապատճառները երկուսն էին՝ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական: Արտաքին քաղաքական դրդապատճառն այն է, որ ՌԴ-ում տնտեսական վատ վիճակ է, որը չի բարելավվելու: Ներքաղաքական առումով ասեմ հետեւյալը՝ բարդ է լինելու հիմա դուրս գալ այն լոզունգներով, որոնք նախատեսվում էին: Հիմա ինչի՞ դեմ պետք է պայքարեին. տրամաբանորեն նրանք պիտի պայքարեին կա՛մ Սերժ Սարգսյանի դեմ (հո Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ եղած ժամանակ իր դեմ չէ՞ր պայքարելու), իսկ քաղաքական ուժերի մի մասը դրան չէր գնա, կա՛մ էլ պետք է մտածեին ինչ անել:
-Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելով՝ Սերժ Սարգսյանը լուծե՞ց իրեն հաջորդողի խնդիրը:
-Ո՛չ: Դրա լուծումը պետք է այլ տեղ գտնել: Պետք է հասկանալ՝ Սերժ Սարգսյանը ոնց է փրկելու իրավիճակը: Սերժ Սարգսյանն իր հարաբերությունները փչացրել է Արեւմուտքի հետ, որը Հայաստանին եւ իրեն՝ Սարգսյանին, չի համարում գործընկեր: Եթե նույնիսկ Եվրաասոցացման համաձայնագիրը ստորագրեր Հայաստանը, Եվրոպայի համար Ուկրաինա չէինք դառնա: Հետեւաբար, մենք մնում ենք ՌԴ-ի հետ փոխհարեբերությունների մաս:
Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին նշանակելով, լուծում է առօրեական խնդիր, այն է՝ Հովիկ Աբրահամյանը Մաքսային միություն մտնելու ճանապարհին խաղեր չի տալու: Այսինքն՝ Աբրահամյանը ձեր (նկատի ունի ՌԴ-ի-խմբ.) «տղան է», դե փող տվե՛ք: Նա Տիգրան Սարգսյանը չէ, որ Բելգիայում մի բան ասի, ձեր մոտ ուրիշ բան ասի, խաղեր տա, արժութային հիմնադրամից փողեր բերի, որովհետեւ հետները լավ է:
-Այսինքն՝ իշխանության վերարտադրության հարց Սերժ Սարգսյանի օրակարգում չկա՞:
-Այո՛: Ի՞նչ իրավահաջորդություն: Գնալով վիճակը դառնում է պատերազմական. Ուկրաինայում քաղաքացիական պատերազմում ներգրավվելու է նաեւ ՌԴ-ը, տնտեսական սանկցիաներ են կիրառվելու ՌԴ-ի դեմ, որը չի կարող հաշվի չառնել իշխանությունը: Ես մի բան կարող եմ ասել՝ իշխանությունը կրակում է իր ամբողջական փամփուշտներով, որոնցից մեկն էլ Աբրահամյանն է:
-Պարոն Կարապետյան, այս ամենի համատեքստում ի՞նչ ճակատագիր է սպասվում «հրաշալի քառյակ»-ին:
-Ինչպես դուք չգիտեք, այնպես էլ ես ու իրենք չգիտեն:
-Փաստորեն, հանրությունը հույսը պետք է կապի 2018-ի նախագահական ընտրությունների հետ փոփոխություններ տեսնելու համար:
-Երբ Յանուկովիչին մի 7 ամիս առաջ հարցրել են՝ դուք առաջադրվելու եք, ինքն ասել էր՝ ես չեմ առաջադրվելու, ես ընտրված եմ: Իսկ ուր է հիմա՞:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում հնարավոր է իր պաշտոնին հրաժեշտ տա ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը: Ինչպես հայտնի է, Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավարի պաշտոնը համարվում է «ամենայուղոտ» պաշտոններից մեկը. այստեղով են անցնում քաղաքաշինական բոլոր կարեւորագույն ծրագրերը: Իսկ Հրայր Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբորորդին է ու հիմա նա հազիվ թե աշխատի նոր վարչապետի հետ, մանավանդ որ այս պաշտոնը նա զբաղեցրել է տարիներ շարունակ:

 

ՄՄ-Ն ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ»-ը փորձեց Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից պարզել՝ ՀՀ-ի անդամագրումը Մաքսային միությանն ինչ ազդեցություն կարող է ունալ ԼՂՀ տնտեսության վրա: Արա Հարությունյանի կարծիքով՝ «Անժխտելի է, որ առկա են թե՛ անորոշություններ ու ռիսկեր, թե՛ զարգացման նոր հնարավորություններ: Ոչ ոք միանշանակ չի կարող կանխատեսել բոլոր հետեւանքները, քանի որ ինտեգրման այդ ճանապարհը բազմաշերտ եւ համալիր գործընթաց է: Ընդհանուր առմամբ, արցախյան արտադրության ապրանքատեսակների արտահանման համար լուրջ հնարավորություններ են ստեղծվելու, քանի որ այս պահի դրությամբ դրանք արտահանվում են գլխավորապես դեպի ռուսական շուկա»: Ըստ վարչապետի՝ այն դրական ազդեցություն է ունենալու նաեւ ՄՄ տարածքից ներկրվող ապրանքատեսակների գների վրա. «Կարեւոր է նշել, որ առաջին անհրաժեշտության իրերի հիմնական մասը ներկրվում է ՄՄ շուկաներից, ինչը նշանակում է, որ դրանց գների նվազումը դրականորեն կանդրադառնա նաեւ բնակչության սոցիալական դրության վրա: Իսկ հիմնական բացասական հետեւանքը արտահայտվելու է այն ապրանքատեսակների գների աճով, որոնք ներկրվում են ՄՄ տարածքից դուրս գտնվող շուկաներից եւ արտահանվում են դեպի այնտեղ: Ակնհայտորեն, դրանց տեսակարար կշիռն ավելի փոքր է ՄՄ շուկաների հետ ապրանքաշրջանառության համեմատ»:




Լրահոս