Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվեցին Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրեց շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, առևտրի խոշոր կենտրոններում, փողոցներում, բակերում, բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է հանցամիտ տարրերի նախատոնական ակտիվացում: Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվեց բացառիկ անհանդուրժող լինել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների հանդեպ և կանխել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ցանկացած նման դրսևորում:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցում տվեց կանխարգելիչ և նախականխման միջոցառումների ընթացքում սերտորեն համագործակցել քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ՝ համատեղ ու ողջ ծավալով իրականացնելու առաջադրված խնդիրները, որպեսզի որևէ հանցարարք ու միջադեպ չխաթարի գեղեցիկ ու լուսավոր տոնը: