ԱՇԽԱՐՀԸ ԽԱԼԻ Է ՈՏԻԴ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի՝ վերջին օրերին պարբերական դարձած խախտումները լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ հասարակությունը պարզապես տագնապած է՝ վախենալով պատերազմի վերսկսման վտանգից:
Ու թեեւ իշխանական քարոզչամեքենան փորձում է հասարակությանը համոզել, թե անհանգստանալու ոչինչ չկա, իսկ հարկ եղած դեպքում անգամ Բաքուն կդարձնենք արյան ծով, սակայն, դատելով Ադրբեջանին սահմանամերձ գյուղերում, մասնավորապես Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում տիրող իրավիճակից, ընթանում է չհայտարարված լոկալ պատերազմ: Համենայնդեպս, ադրբեջանական կողմը վերջին օրերին սկսել է ռեժիմով գնդակոծել հայկական դիրքերը: Արդյունքում՝ 3 օրվա ընթացքում հայկական կողմը, պաշտոնական տվյալների համաձայն, տվել է 4 զոհ, 8 վիրավոր: Ուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք է. հրադադարը խախտվում է ոչ թե Ղարաբաղի սահմանին, այլ գնդակոծվում են Հայաստանի Հանրապետության սահմանները:
Եւս մեկ փաստ. զարմանալի զուգադիպությամբ հրադադարի ռեժիմի խախտումները համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցի հետ: Ինչպես հայտնի է, Քլինթոնի այցի օրակարգում տարածաշրջանային խնդիրներն են, որոնց թվում է նաեւ ԼՂ հիմնահարցը: Եւ հիմա տեսակետ կա, որ, օգտվելով առիթից ու պատերազմի վերսկսման ռեալ վտանգ ստեղծելով, փորձ է արվում ԼՂ խնդրի արագ լուծում կորզել: Քլինթոնը Ադրբեջանում հայտարարել է, որ հունիսի 18-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ ղարաբաղյան  խնդրի կարգավորման ուղղությամբ կներկայացվի նոր մոտեցում: «Մենք որոշ նոր մոտեցումներ կառաջարկենք, որոնք ես հնարավորություն ունեցա քննարկել արտգործնախարարների եւ նախագահների հետ,-ասել է նա՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ մոտեցումների մասին է խոսքը,-Այս խնդիրը պետք է կարգավորվի, եւ ես կանեմ ամեն հնարավորը, ինչ կարող եմ, եւ խոստացել եմ երկու նախագահներին՝ օգնել կարգավորմանը հասնելու հարցում»: Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովն էլ ասել է, թե այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել, ու պաշտոնական Բաքուն ակնկալում է Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցությունն այս հարցում:

Konnichi wa, Serj
ԿԱՄ ԲԱՐԵ՛Վ, ՍԵՐԺ

Թվում է՝ Հայաստանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած միջադեպերը պետք է անհանգստացնեն ՀՀ իշխանություններին, մասնավորապես Սերժ Սարգսյանին: Բայց արի՛ ու տես, որ այս օրերին նա գերադասել է ճամփորդելը: Նա հունիսի 5-9-ը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա: Թե ինչն է նրան ստիպել հասնել հեռավոր արեւելքի այդ երկիրը, անհասկանալի է: Առավել եւս, որ այդ այցի օրակարգում չկա որեւէ լուրջ հարց. նա այնտեղ ծանոթացել է 2011թ. երկրաշարժի ու ցունամիի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք, Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ, հետո հանդիպել է Ճապոնիայի վարչապետին, խորհրդարանի անդամներին եւ այսպես շարունակ: Ցանկացած նորմալ պետությունում երկրի ղեկավարը սահմանի մոտ հրադադարի պարբերական խախտումներից հետո կիսատ կթողներ իր այցերն ու կվերադառնար: Կհրավիրեր խորհրդակցություն, ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակը: Ընդ որում ամենեւին էլ խորը գիտելիքներ հարկավոր չեն այս քայլերի անհրաժեշտությունը զգալու համար, այլ պարզապես պետք է ունենալ մի փոքր բարոյականություն ու պատասխանատվության զգացում՝ հատկանիշներ, որոնք, սակայն, չեն վերաբերում ՀՀ իշխանություններին:
Մանավանդ, որ բացի Ս. Սարգսյանից, այդ օրերին երկրից բացակայում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը. նա միայն երեկ է Բրյուսելից վերադարձել: Հայաստանից բացակայում է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որն էլ մեկնել է ՌԴ: Ընդ որում հասկանալի է, որ այդ այցը որեւէ կապ չունի ՀՀ սահմանի մոտ ստեղծված իրավիճակի հետ: Մինչ երեկ երկրի փաստացի ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, որն էլ զբաղված է խորհրդարանում իր յուրայիններին տեղավորելով ու տարբեր պատվիրակություններ ընդունելով:
Նույն անտարբերությունն է նաեւ զինվորական ղեկավարության մոտ. մինչ ադրբեջանցիները գնդակոծում էին ՀՀ սահմանները, ՀՀ պաշտպանության նախարար վերանշանակված Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը նախօրեին Հանրապետական մարզադաշտում ըմբոշխնել են Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը: Այնպես որ, այսքանից հետո ենթադրությունները թողնում ենք ընթերցողներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս