ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԻ
Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում վերանշանակումը որեւէ էական հետեւանքներ չի թողնի տնտեսական եւ քաղաքական համակարգի վրա` կարծում է  ՀՀ կենտրոնական բակի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը. «Այդ համակարգի պատճառով անցյալ տարի 50 հազ. մարդ հեռացավ երկրից, 50 հազ. էլ այս տարի կհեռանա»:

ՎԵՐՋ «ԽԱՂԵՐԻՆ»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հրաժարական է տվել: Տարածած հաղորդագրության մեջ նախկին խոսնակը  շնորհակալություն է հայտնել բոլոր լրատվամիջոցներին համագործակցության համար: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այդ հրաժարականի պատճառը եղել են  Գալստյանի գաղտնի այցելությունները նախագահական նստավայր եւ որոշակի  հարաբերությունները Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ:

ԴԱՐՁՅԱԼ` ԿՈՂՄԵՐԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիան լուրջ մտահոգություն է հայտնել դաժան միջադեպերի կապակցությամբ, որ տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ վերջին օրերի ընթացքում հանգեցրել ութ զոհի: Ֆրանսիան երկու կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ անշեղորեն պահպանել 1994թ. հրադադարի ռեժիմը: Այդ մասին ասված  է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ ակնկալել պետք չէ: Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Պատերազմներն այլ կերպ են նախատեսվում, իսկ սահմանին լարվածությունն այլ բան է վկայում»:

ՍԵՎԱՆԸ ԿԴԱՏԱՐԿԵՆ
ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է հանդես գալ Սեւանից ջրբացթողումը 2012թ-ին մինչեւ 320 մլն խմ դարձնելու առաջարկով:

ԿԱՊ ՉՈՒՆԻ
Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նախօրեին Նալբանդյան 106/1-ի հարցով իրեն բաց նամակով դիմած բնակիչներին: Նա շեշտել է. «Անկախ հնչող տեսակետներից եւ տարածվող ստահոդ լուրերից՝ ես որեւէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ո՛չ շինարարության, ո՛չ էլ այն իրականացնող ընկերության հետ»: Նաեւ հայտնել է, որ բարձրացված խնդրի շուրջ հանգամանալից զրուցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել բնակիչների  ներկայացուցիչների հետ, եւ  ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:

ԱՆԻՄԱՍՏ ՀԱՐՑ
«Ի՞նչը դրդեց, որ դուք պոկեք ոստիկանի ուսադիրները»,-Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարության ժամանակ այս հարցն է ակտիվիստ Արտակ Կարապետյանին տվել մեղադրող կողմը, ինչին ի պատասխան՝ դահլիճում սկսել են ծիծաղել: Դատավոր Գագիկ Պողոսյանի` ծիծաղող ակտիվիստներին կարգի հրավիրելու կոչին ի պատասխան՝ վերջիններս նշել են,  որ մեղադրող կողմը անիմաստ հարց է տալիս, քանի որ Արտակը կոնկրետ ուսադիրի հետ բացարձակ կապ չունի:

ՍՊԱՆԵԼ ԵՆ
Երեկ՝ երեկոյան, Ավանի «Սթար» սուպերմարկետի դիմաց սպանել են թիվ 5  երթուղայինի 22-23 տարեկան Վրեժ անունով  երիտասարդ վարորդին: Ականատեսների վկայությամբ` սպանությունից առաջ վեճ է եղել եւ ծեծկռտուք:

ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ
ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին դեպքերը մտահոգիչ են: Առհասարակ, 1994թ-ից զինադադարի պահպանմանը նպաստել է երկու բան՝ ա) բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը, բ) շփման գծի երկու կողմերում ռազմական հավասարակշռությունը: Հայկական կողմը ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական առումով պետք է համարժեք պատասխան տա, որպեսզի Ադրբեջանը պատրանքներին չտրվի»:




Լրահոս